Քանի որ Հայաստանում ամեն ինչ շատ ֆեյք է, մտավորականությունն էլ է ֆեյք. Հովհաննես Գալստյան

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ նայում է պայքարի դուրս եկած մարդկանց՝ գոնե մի քանքարավոր կինեմատոգրաֆիստ գտնելու հույսով։

«Չկան ու վերջ։ Բա, կինոմիություն եք, եսիմ գիլդյաներ եք։ Էս ո՞ւր եք։ Ինչի՞ եք մտել ծակը։ Հայրենիքը եռում է փողոցներում, փաստագրելու բան չունե՞ք։ 25 տարի ա՝ կոմպլեքսավոր վավերագրողների էպոխա ա Հայաստանում։

25 տարի իշխանությունների աղիքներում ապրելով, բուծել են իրանց նման կիսագրագետ փինաչիներ՝ հզոր, փառահեղ արվեստը հասցնելով գեղջկական կմկմոցի մակարդակի։ 25 տարի բոլոր էն մարդիկ, ովքեր շանս են ունեցել, տիղմ ու ցեխից քաշել հանել հայ կինոն, հայտարարվել են օրենքից դուրս՝ թշնամի։ Ու հիմա մտել են ծակը։ Ասում եմ ձեզ, հայ կինոյի վիճակը Հայաստանի ճիշտ ախտանիշն է։ Եթե բան փոխվի էս դաշտում, իմացեք, Հայրենիքը առողջանում է, եթե մնա դանոս գրող ջեբկիրների կառավարման տակ, իմացեք՝ հայրենիքը դեռ քաքի մեջ է, թեկուզ չորս անգամ էլ իշխանություն փոխվի»,- գրել է նա:

Կինոռեժիսորից հետաքրքրվեցինք՝ ինքը կոնկրետ հանուն ինչի՞ է դուրս եկել պայքարի և ի՞նչ է կարծում, մտավորականների, մասնավորապես հայ մտավորականների՝ բոլոր ժամանակներում ժողովրդի կողքին չկանգնելու պատճառը ո՞րն է.

«Մեր հայրենիքն արդեն խեղդվում է անարդարության, անգրագիտության, ապաշնորհ կառավարման լծի տակ: Այսպես երկիր հնարավոր չէ կառավարել, այն փոքր երկիրը, որը Հայաստանն է: Դա տանում է կործանման: Բոլոր նրանք, ովքեր չեն միանում բողոքի ակցիաներին՝ պայմանավորում են նախկինների, արտաքին ուժերի գործոնով, բայց այդ ամենը կապ չունի: Ինչ վերաբերում է մտավորականին, ապա այդ հասկացությունը, իմ կարծիքով, շատ կարծրատիպային է: Մտավորականը նախ և առաջ՝ ունենում է հստակ քաղաքացիական դիրքորոշում: Մտավորականն այն մարդն է, ով ուղղորդում է զանգվածին: Մեզ մոտ, ցավոք, կա ստերեոտիպ մտավորականություն: Մտավորականը շատ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում է ունենում, որպես կանոն, ինքնուրույն է լինում և դեմ իշխանություններին: Մտավորականը պատասխանատվություն է զգում այսօրվա հասարակության մտածելակերպը ձևավորելու համար, եթե չի խոսում՝ ո՞նց է ձևավորելու: Այդ կարծրատիպն էլ պետք է փոխվի: Քանի որ Հայաստանում ամեն ինչ շատ ֆեյք է, մտավորականությունն էլ է ֆեյք: Երբ իրական արվեստագետներ, մտավորականներ կգան առաջ, այդ օրը կիմանանք, թե որն է մտավորականը: Մտավորականը միշտ բարիկադի վրա է, առաջնագծում է, որովհետև ունի ակտիվ քաղաքացիական դիրքորոշում»:

Հովհաննես Գալստյանի  բնորոշմամբ՝ 4 տարի ոչ մի ոլորտում գոնե կիսատ-պռատ հաջողություն չեն կարողացել գրանցել, իսկ 44-օրյա պատերազմն ահավոր ապատիայի է բերել հասարակությանը:

«Պատերազմից հետո հասարակությունը պետք է միավորվեր: Իշխանությունը պարտվեց պատերազմում, որովհետև հայտարարեց պատերազմ իր քաղաքացիների դեմ: Ես այս երկրի քաղաքացի եմ, իշխանությունը 4 տարի ինձ հետ պատերազմի մեջ է: 4 տարի ինձ կանչում են ինչ-որ հարցաքննությունների, դատավարությունների: Ուղղակի, քանի որ ոչ իշխանական հայացքներ ունես, դրա համար քո դեմ պատերազմում են: Ուզում եմ, որ Հայաստանում գա մի իշխանություն, որը չի պատերազմի իր ժողովրդի հետ, որը չի դնում բարիկադներ՝ իր ու ժողովրդի միջև, չի ասում՝ սև ու սպիտակ, նախկիններ:

Չի կարելի փոքր երկրում հասարակությանը մասնատել: Մենք մի ազգ ենք, որը շրջապատված է բազմաթիվ թշնամիներով, ունի բազում մարտահրավերներ: Մենք պատերազմ ենք պարտվել ու պարտված վիճակից կարող ենք դուրս գալ մեկ ձևով՝ իրար սիրաշահելով, հասկանալով, ներելով, մի բռունցք դառնալով: Եթե վաղը մարդիկ, ովքեր հրապարակում են, գան իշխանության ու կրկին տարանջատեն, որ ֆիլմ պետք է նկարեն այն մարդիկ, որոնք աջակցել են իրենց, ես էլի այդ մարդկանց դեմ կլինեմ: Իսկ եթե գան այնպիսի մարդիկ, որոնք պրոֆեսիոնալներին կթողնեն աշխատել, ես հրապարակ դուրս չեմ գա: Ես մի հրապարակ ունեմ, դա իմ նկարահանման հրապարակն է»,- նշեց կինոռեժիսորը:

Տեսանյութեր

Լրահոս