Բաժիններ՝

Հանրային սննդի, տրանսպորտի ոլորտի աշխատողների նորմալ աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցել շաբաթական 40 ժամը

«Հարուցված վարչական վարույթների ընթացքում պարզվել է, որ ՀՀ-ում աշխատանքային իրավունքներն ավելի հաճախ խախտվում են առևտրի ոլորտում, և գործատուների կողմից հաճախ չի պահպանվում աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի ընդունելիս աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու պահանջը, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում վերջնահաշվարկ կատարելու պահանջը, սահմանված ժամկետներում աշխատավարձ վճարելու պահանջը»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը:

Նրա փոխանցմամբ՝ 2021թ. ընթացքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառում, հարուցվել է 532 վարչական վարույթ, որից 255-ը՝ սեփական նախաձեռնությամբ, իսկ 277-ը՝ քաղաքացիների դիմումների հիման վրա: Վարչական վարույթները հիմնականում հարուցվել են ՊԵԿ-ի ուղարկած արձանագրությունների, ՄԻՊ միջնորդությունների և իրավախախտումների մասին լրատվամիջոցների հրապարակած նյութերի հիման վրա: Հարուցված վարչական վարույթներից 292-ը կարճվել է, այդ թվում 86-ը՝ դիմումից հրաժարվելու հիման վրա: Վերլուծությունը ցույց է տալիս, որ հիմնականում դիմումատուները ներկայացրած պահանջներից հրաժարվել են այն պատճառով, որ վարչական վարույթների ընթացիկ փուլում գործատուներն ինքնակամ վերականգնել են խախտված իրավունքները, ուստի վերացել է վարչական ակտ ընդունելու անհրաժեշտությունը: 2022թ. տարվա առաջին եռամսյակում տեսչական մարմինը հարուցել է 322 վարչական վարույթ, որից 229-ը՝ տեսչական մարմնի նախաձեռնությամբ, 93-ը՝ ստացած դիմումների հիման վրա:

168.am-ը հետաքրքրվեց՝ հանրային սննդի օբյեկտներում մարդկանց կարո՞ղ են աշխատեցնել 24 ժամ՝ ասենք, 6000 դրամի դիմաց: Տաքսու վարորդները ևս 12 ժամից ավելի են աշխատում: Ի՞նչ ահազանգեր է տեսչական մարմինը ստացել այս առնչությամբ, Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը պատասխանեց.

«Աշխատանքային օրենսդրությամբ հստակ սահմանված է աշխատաժամանակի նորմալ տևողությունը, որը չի կարող գերազանցել շաբաթական 40 ժամը: Կառավարության որոշմամբ հաստատված է այն աշխատանքների ցանկը, թե ովքեր կարող են աշխատել շաբաթական 48 ժամ: Հանրային սննդի, տրանսպորտի ոլորտի աշխատողները 24-ժամյա աշխատանքների ցանկում ընդգրկված չեն, հետևաբար՝ նրանց նորմալ աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամը: Իհարկե, կա գործատուի նախաձեռնությամբ արտաժամյա աշխատանքներում ներգրավվելու ընթացակարգ, որը ևս օրենքում սահմանված է, սակայն այդ դեպքում աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել 48 ժամը: Սակայն պետք է նշեմ, որ արտաժամյա աշխատանքներում ներգրավվելու դեպքերը հստակ սահմանված են օրենքով. ամեն օր աշխատողը չի կարող ներգրավվել արտաժամյա աշխատանքում՝ առավել ևս՝ երկու իրար հաջորդող օրերի ընթացքում: Արտաժամյա աշխատանքը չի կարող գերազանցել 4 ժամը»:

Ալվարդ Արշակյանը նշեց, որ մանրածախ առևտրի ոլորտից դիմում-բողոքներ կան, որոնք հիմնականում վերաբերում են վերջնահաշվարկ չկատարելուն: Այսինքն, աշխատողները դիմում են տեսչական մարմնին, երբ արդեն ազատվում են աշխատանքից, իսկ երբ աշխատանքային հարաբերությունների մեջ են, հիմնականում չեն դիմում տեսչական մարմնին:

Շարունակելով գործընկերոջ խոսքը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետը հավելեց. «Մանրածախ առևտրի ոլորտում տեսչական մարմինը վերջերս ծավալուն վարչական վարույթներ է հարուցել, որի ժամանակ ի հայտ են եկել նմանատիպ դեպքեր, երբ աշխատողներն արտաժամյա աշխատանքներում ներգրավված են եղել, սակայն օրենքով սահմանված կարգով նրանց չի վճարվել հավելավճար, և առիթն օգտագործելով՝ ուզում եմ հորդորել հանրությանը, որ եթե կան աշխատանքի իրավունքի խախտումներ, դիմել տեսչական մարմին, վարույթներ կհարուցվեն, ու եթե կան խախտված իրավունքներ, մեր իրավասության շրջանակներում կվերականգնենք, կապահովվենք աշխատանքային իրավունքների պաշտպանությունը: Օրվա կտրվածքով 20-25 զանգի ենք պատասխանում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս