Բաժիններ՝

Իռլանդիան սառեցված ռուսաստանյան ակտիվները կարող է ուղղորդել հօգուտ Ուկրաինայի

Իռլանդիան ԵՄ-ի պատժամիջոցների շրջանակներում ավելի քան մեկ միլիարդ եվրոյի սառեցված ռուսաստանյան ակտիվները կարող է ուղղորդել Ուկրաինայի վերականգնմանը: Այդ մասին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Սայմոն Քովենին:

«Առանձին անդամ երկրներ (Եվրամիության) առաջարկել են կալանք դնել ակտիվների վրա, որոնք սառեցվել են Ուկրաինայի իրադրության շրջանակներում, եւ դրանք օգտագործել, այդ թվում՝ Ուկրաինայի վերականգնման համար»,- Irish Times թերթը մեջբերում է նախարարի հայտարարությունը:

Քովենին նշել է, որ այդ որոշումը հաստատելուց առաջ անհրաժեշտ է լայն քննարկում անցկացնել հստակ եւ հուսալի իրավական բազա երաշխավորելու համար: Իրենց հերթին իռլանդական ընդդիմության ներկայացուցիչներն առաջարկել են սառեցված միջոցներն օգտագործել Իռլանդիայում գտնվող ուկրաինացի փախստականների հումանիտար օգնության համար:

Իռլանդիան սառեցրել է 1,2 միլիարդ եվրո գումարի ռուսաստանյան ակտիվները: Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ-ն ավելի վաղ Ռուսաստանի եւ Բելառուսի ֆիզիկական անձանց ու կազմակերպությունների դեմ անհատական պատժամիջոցների շրջանակներում սառեցրել է գրեթե 30 միլիարդ եվրո գումարի ռուսական ու բելառուսական ակտիվները եւ արգելափակել 196 միլիարդի տրանզակցիաները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել է, որ «կոլեկտիվ Արեմուտքը», սառեցնելով ռուսաստանյան ակտիվները, փաստորեն կորցրել է իր արժույթների նկատմամբ հուսալիությունը, խաչ քաշել դրանց նկատմամբ վստահության վրա: Արեւմուտքի մի շարք երկրներ Ուկրաինայի պատճառով նոր պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ:

Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Արեւմուտքի պատժամիջոցները շատ լուրջ են, Ռուսաստանը դրանց պատրաստվել է վաղօրոք: Նա հավելել է, որ դրանց շուրջ պահանջվում է վերլուծություն եւ գերատեսչությունների համակարգում՝ ՌԴ-ի շահերին համապատասխան պատասխան միջոցներ մշակելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս