«ԿԲ-ն պարտավոր էր թույլ չտալ, որ դոլարի փոխարժեքը 500-ից դառնա 440». Հրանտ Բագրատյան
«ԿԲ-ն, իմ գնահատմամբ, պարտավոր էր գոնե վերջին մեկ ամսում 550-600 մլն դոլար գնել, թույլ չտալ, որ դոլարի փոխարժեքը 500-ից դառնա 440»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով դոլարի փոխարժեքի անկման պատճառներին ու իրավիճակը կարգավորելու քայլերին, որոնք պետք է նախաձեռներ ՀՀ ԿԲ-ն:
Տեղեկացնենք, որ ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 08:30-ի դրությամբ, ԱՄՆ 1 դոլարի միջին փոխարժեքը կազմում է 447.97 դրամ՝ ապրիլի 27-ի համեմատ արժեզրկվելով 3.70 դրամով:
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 452 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածրը՝ 455 դրամ:
Հրանտ Բագրատյանը նշեց, որ դոլարի փոխարժեքի ներկայիս վիճակի համար կա երկու պատճառ: Ըստ նրա, պատճառների առաջին խումբն իր հերթին բաղկացած է երկու ենթապատճառից:
«Մենք Ռուսաստանին գազի դիմաց վճարում ենք ռուբլով և ընդհանրապես ՌԴ-ի հետ ունենք 3 մլրդ դոլարի առևտուր: Դա մեր արտաքին առևտրի 30%–ն է կազմում:
Մյուս ապրանքները, որ Ռուսաստանի հետ առևտուր ենք անում, այլևս վճարում ենք ռուբլով, տեղի է ունենում հսկայական քանակությամբ դոլարի տնտեսում: Պատճառ երկու՝ Ռուսաստանից Հայաստան է եկել շուրջ 30.000 բիզնեսմեն, նրանք այստեղի բանկեր ահագին դոլար են բերել իրենց հետ, ոմանք՝ բանկերի միջոցով, ոմանք՝ ոչ: Այս հանգամանքներով պայմանավորված՝ մեզ մոտ դոլարի առաջարկն ավելացել է, պահանջարկը՝ կտրուկ պակասել»,- բացատրեց Հրանտ Բագրատյանը:
Նրա որակմամբ՝ ՀՀ Կենտրոնական բանկը վարում է այն քաղաքականությունը, որը Հայաստանում վարվում է 1997 թվականից:
Բագրատյանի համոզմամբ՝ ԿԲ-ն պարտավոր էր դոլար գնել:
«Պետք է գներ 500-600 մլն ԱՄՆ դոլար, պետք է գներ և թույլ չտար, որպեսզի կուրսը 500-ից ներքև իջնի, որովհետև մեզ այդ արժևորումը պետք չէ, մենք ունենք սպառողական շուկայում դոլարային գնի բարձրացում: Քանի որ ՀՀ Սահմանադրությունում կա սխալ կետ, որ ԿԲ-ն պատասխան է տալիս գնաճի համար, իսկ իրականում դոլարի կուրսը 500-510-ից դարձել է 450-440, բայց գները դրամով շարունակում են աճել, իսկ դոլարով էլ ավելի արագ են աճում, և ահա ԿԲ-ն, չկարողանալով կատարել իր մյուս պարտականությունները, փորձում է գոնե այս միջոցով հասնել գնաճի իջեցման՝ տնտեսության հերն անիծելով»,- նշեց Հրանտ Բագրատյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է միջազգային կառույցների ճնշում, Բագրատյանն արձագանքեց՝ ասելով, որ թեև ԿԲ-ն չի աշխատում և միջազգային կառույցների հետ չի շփվում, այս հարցով ճնշում հնարավոր համարում է:
«Բայց ԿԲ-ն, իմ գնահատմամբ, պարտավոր էր գոնե վերջին մեկ ամսում 550-600 մլն դոլար գներ, թույլ չտար, որ կուրսը 500-ից դառնա 440, ինչի շնորհիվ կստեղծվեր ներդրումների ֆոնդ և այդ 550-600 մլն դոլարը կարելի կլիներ ներդնել հանրապետության տնտեսության զարգացման մեջ: Բայց ԿԲ-ն տնտեսության զարգացման հաշվին լուծում է իր ընթացիկ, կարճ խնդիրները»,- ասաց Բագրատյանը՝ եզրափակելով, որ ՀՀ տնտեսությանն այսօր էժան դոլար հարկավոր չէ: