Վաշինգտոնը բանակցում է Երևանի ու Բաքվի հետ՝ կանխելու քայլերը, որոնք կարող են հանգեցնել հակամարտության վերսկսման. Բլինքեն
Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ կանխելու այն քայլերը, որոնք կհանգեցնեն հակամարտության վերսկսմանը։ Այս մասին նախօրեին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ, երբ նրան խնդրել են մեկնաբանել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Դա այն է, ինչում շատ ակտիվ ներգրավված եմ, այդ թվում՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։ Ես բազմիցս խոսել եմ Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, որպեսզի առաջին հերթին վստահ լինենք, որ ոչ ոք չի ձեռնարկում որևէ քայլ, որը կարող է հանգեցնել հակամարտության վերսկսմանը, ինչպես նաև փորձենք առաջ տանել և աջակցել երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը»,- ասել է Բլինքենը:
Պետքարտուղարը հավելել է, որ բանակցում է նաև երկու երկրների արտգործնախարարների հետ։
Բլինքենը նաև նշել է, որ պետբյուջեով Հայաստանին հաստկացվել է 45 մլն դոլար, որից երկու միլիոնը նախատեսված է ականազերծման համար: