Սամբոյի աշխարհի երիտասարդների և պատանիների առաջնությունը կանցկացվի Երևանում
Երևանում 2023 թվականի հոկտեմբերի 14-ից 16-ը կանցկացվի սամբոյի աշխարհի երիտասարդների և պատանիների առաջնությունը: Այս որոշումը կայացվել է սամբոյի միջազգային ֆեդերացիայի՝ ապրիլի 27-ին անցկացված գործկոմի նիստում:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, ով այսօր կայացած համաժողովի ընթացքում վերընտրվել է ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, ասում է՝ նմանօրինակ մեծամասշտաբ միջոցառման անցկացման իրավունքը մեծ պատիվ է. «Աշխարհի առաջնության անցկացումն իսկապես տոն պետք է լինի մեզ համար: Հայաստանում նմանօրինակ մասշտաբի մրցաշար մեր մարզաձևից դեռևս չի կայացել: Թիմային չարչարանքի և լրջագույն աշխատանքի շնորհիվ մենք այսօր արժանացանք այս պատվին: Ամեն ինչ պետք է անենք առաջնությունն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Վստահ եմ՝ ամեն ինչ լավ կլինի՝ պետության և մեր սպորտային ընտանիքի աջակցությամբ»:
Երիտասարդների և պատանիների աշխարհի առաջնությունը նախատեսվում է անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Սպասվում է 4 մայրցամաքի՝ շուրջ 70 երկրի մասնակցություն.
«Ակնկալում ենք, որ մասնակիցների և պատվիրակների ընդհանուր թիվը կկազմի շուրջ 2500 մարդ: Ամեն ինչ պետք է անենք նրանց հավուր պատշաճի հյուրընկալելու համար»: Ավելի վաղ հայկական կողմը հայտ էր ներկայացրել նաև սամբոյի վետերանների աշխարհի առաջնությունն անցկացնելու վերաբերյալ, բայց միջազգային ֆեդերացիայի գործկոմի անդամները որոշել են այն հետաձգել և անցկացնել հաջորդ տարի՝ դարձյալ Երևանում: Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականների մասնակցությանն աշնանը Երևանում կայանալիք առաջնությանը, ֆեդերացիայի նախագահն ընդգծում է՝ ամեն ինչ պետք է անեն բարձրակարգ ելույթներ ունենալու համար.
«Վստահ եմ՝ կփայլենք: Ունենք աղջիկների, երիտասարդների և պատանիների հիանալի թիմեր: Մինչև առաջնության մեկնարկն էլ կանցկացնենք ուսումնամարզական հավաքներ՝ ստուգատեսին լավագույնս նախապատրաստվելու համար: Շատ կարևոր է, որ մարզական առումով ևս լավ պատրաստված լինենք»:
Սամբոյի միջազգային ֆեդերացիայից նաև հայտնում են, որ կրտսեր տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը, որը նշանակված էր դեկտեմբերին՝ Քիշնևում, դարձյալ հետաձգվել է և կկայանա հաջորդ մրցաշրջանում: Աշխարհի մեծահասակների առաջնությունն էլ, որը պետք է տեղի ունենար նոյեմբերի 11-13-ը՝ Աշխաբադում, տեղափոխվել է և նույն ժամկետներում կանցկացվի Բիշքեկում: