Ադրբեջանի շտապողականությունն ու Հայաստանի հարաբերական լռությունը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացում
Ապրիլի 25-ին հեռախոսազրույց էր տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև։
Հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նախարարները մտքեր են փոխանակել երկու երկրների առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման շուրջ։
Կողմերը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ և պայմանավորվածություն ձեռք բերել առաջիկայում սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել։
Այսօր Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Բայրամովն ասել է, որ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցը տվել է հստակ արդյունքներ:
«Արդեն կան պայմաններ՝ սկսելու սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի աշխատանքները»,-նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ Ադրբեջանը և Հայաստանը համաձայնեցրել են սահմանային անվտանգության համատեղ հանձնաժողովի կազմը, և, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սահմանային հանձնաժողովի նիստ հրավիրել, ինչպես նաև խաղաղության համաձայնագրի մշակման աշխատանքային խմբի հանդիպում կազմակերպել:
Միգուցե Ադրբեջանում հանձնաժողովի կազմը հայտնի է, սակայն ՀՀ իշխանություններն այս առնչությամբ չեն շտապում գաղտնազերծումներ անել լայն հանրության համար:
Իսկ Բայրամովն այս համատեքստում կարևորել է տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը:
Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլի հետ հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ալիևն ասել է, որ Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի միջև եռակողմ համագործակցության լավ հնարավորություններ կան հատկապես հետհակամարտային շրջանում, և, որ Ադրբեջանը և Վրաստանը պատրաստ են դրան:
Մնում է Հայաստանը հասկանա՝ սա տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման միակ ճանապարհն է:
Ուշագրավ հայտարարություն է արել նաև Թուրքիայում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆարազմանդն Անկարայում լրագրողների համար կազմակերպած հյուրասիրությանը:
Նա ողջունել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը միտված քայլերը:
«Մենք գոհ կլինենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումից: Մենք հավատացած ենք, որ ճիշտը տարածաշրջանի բոլոր երկրների միջև լավ հարաբերությունների առկայությունն ու խնդիրները միասին լուծելն է: Եթե տարածաշրջանի երկրները, խնդիրները միասին քննարկելով՝ լուծեն, այդպիսով կկանխարգելվեն նաև արտաքին միջամտությունները»,-շեշտել է նա:
Սրանք ընդամենը մի քանի փաստ են՝ ենթադրելու, որ տարածաշրջանում լուրջ զարգացումներ են սպասվում, և, որ դրանք փորձ է արվում, մասնավորապես, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից արագացնել ՀՀ-ում սկսված ներքաղաքական զարգացումների ֆոնին՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության:
Ըստ փորձագետների և քաղաքական գործիչների՝Ադրբեջանի առաջարկած 5 կետերի հիմքով նախապատրաստվող «Խաղաղության պայմանագիրը»վտանգում է ՀՀ-ի և Արցախի անվտանգությունը և պետականության գոյությունը: