Րաֆֆի Հովհաննիսյանի համարձակ քայլը․ արժե լսել նրան

Հայկական քաղաքականության արատներից ու միաժամանակ անհաջողության պատճառներից մեկը, իսկ գուցե գլխավորը՝ չափից ավելի կաղապարվածությունն է։ Դա արտահայտվում է՝ ինչպես քաղաքական մտածողության մեջ, որը հանգեցնում է խիստ սահմանափակման, այնպես էլ՝ քաղաքականության արտաքին դրսևորումներում՝ հանրությանը ներկայանալով ծեծված, հազար անգամ կրկնված կաղապարների տեսքով։

Հիմա ընդդիմադիր գործունեության նվազագույն բառամթերքը ներառում է «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու» և համանման այլ արտահայտություններ, որոնց հնարավորինս բարձր ու առավելագույնս պաթետիկ հնչեցումը դարձել է ընդդիմադիր գործունեության արդյունավետության չափանիշ։ Դա այսօրվա մեյնսթրիմն է, որից շեղումները կարող են անգամ դիտվել՝ որպես դավաճանություն ընդդիմադիր պայքարին։ Բայց այդուհանդերձ և բարեբախտաբար, հայկական քաղաքական դաշտում կան գործիչներ, որոնք գուցե ոչ մշտապես, բայց երբեմն կոտրում են այդ կաղապարները և նույն նպատակին փորձում են հասնել այլ շեշտադրմամբ՝ հիմքում դնելով ոչ թե քաղաքական հայհոյանքը, այլ ամենապարզ մարդկային որակները, ուղղակի մարդկային լեզուն։

«Ժառանգություն» կուսակցության նախկին նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իր գրառմամբ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել հեռանալ, ու պատկերացրեք, դա արել է ոչ թե ծեծված կաղապարները հազարերորդ անգամ կրկնելով, այլ դիմելով որպես մարդը՝ մարդուն, տղամարդը՝ տղամարդուն։ «Նիկոլ, Նոր տարվա շեմին, մեր լույս տղաներին պարեցնելուց և զոհաբերելուց առաջ, ասացիք, որ ինչ եղել է, ինչ կա, ինչ լինելու է, «օրինաչափ» է։

Ձեր նորագույն շրջանի պաշտոնազանց վարքն ու խոսքը բացվեցին հենց դրանից, և բնավ էլ օրինաչափ չեն։ Զինվորներ, հայրենի շեներ, հիմա արդեն մայրեր և չծնված քաղաքացիներ։ Եթե անկեղծ ուզենաք՝ սաղմոսների մոտ կգտնեք խղճի և ազնվության ուժի անհրաժեշտ պաշարը։ Պատասխանատվությունը, դրժումը, մեղքը մնում են ձերը։ Վերցրեք հայ տղամարդու պես, մի անգամ առանց  պատրվակների, և վերջապես՝ ինչպես սկզբում, հանուն Հայրենիքի։ Քայլ արա՝ միակ օրինաչափը, փրկիր, փրկվիր։ Րաֆֆի»։

Կարճ, պարզ, առանց էպիտետների, միևնույն ժամանակ՝ հարգալից խոսք, որում Նիկոլ Փաշինյանին դիմում է անունով, ինչպես ավագը՝ երիտասարդին, բայց միևնույն ժամանակ՝ պահպանելով բարեկրթության, «դուք»-ի կանոնը։ Եվ ամենակարևորը, Րաֆֆի Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանին ոչ թե սպառնում է ահեղ դատաստանով, դժոխքի ճիրաններում այրվելով, այլ փրկության ճանապարհ է առաջարկում՝ ապավինելով քրիստոնեական հավատքին։

Իհարկե, հավանականությունը, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հորդորը կարող է ազդել Նիկոլ Փաշինյանի վրա և նրան ստիպել քայլ անել, զրոյական է։ Բայց դրանից Րաֆֆի Հովհաննիսյանի քայլի արժեքն ու կաղապարներից դուրս գալու համարձակությունը ոչ միայն չեն նվազում, այլև բազմապատկվում են։ Հայկական իրականության ու հայկական քաղաքական դժբախտություններից մեկն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի այս մարդկային, բայց միևնույն ժամանակ՝ որակապես տարբերվող քաղաքական քայլը չի արժանանալու հազարավոր լայքերի ու չի մեջբերվելու բոլորի կողմից, ի հակադրություն հայհոյանքի ու սպառնալիքների, որոնք, ի տարբերություն Հովհաննիսյանի մարդկային ուղերձի, շատ ավելի են հեռացնելու իշխանափոխության նպատակի իրագործումը ու շատ ավելի ամուր են սոսնձելու Նիկոլ Փաշինյանին իր աթոռին։

Հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը մոդայիկ քաղաքական գործիչ չէ, նրան հավանաբար շատերը վերաբերվում են հեգնանքով։ Բայց Րաֆֆի Հովհաննիսյանը մարդ է, ով մի անգամ՝ 2003 թվականին, կրկին դուրս է եկել հայկական քաղաքականության կաղապարներից և ամենապարզ, մարդկային ուղերձներով՝ «Բարևի» շարժմամբ՝ 300 հազարից ավելի ձայն է հավաքել ու զբաղեցրել է երկրորդ տեղը խիստ վիճելի ընտրություններում։

Այն, որ նա չկարողացավ կապիտալիզացնել այդ քաղաքական ռեսուրսը, միանգամայն այլ քննարկման նյութ է, ունի բոլորովին այլ պատճառներ։ Բայց կարևորն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայկական իրականություն է բերել քաղաքականության մարդկայնացման կամ մարդկային քաղաքականության մոդելը, որն անտեսվել է հայհոյանքի ու կաղապարված կարգախոսների աղմուկի մեջ, բայց որը երբևէ հաջողության հասնելու լրջագույն ներուժ ունի։

Արժե մտածել այդ մասին։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս