Բաժիններ՝

«20 լիտրի մեջ, հեչի պես, մի 2-3 լիտր խաբում են». Վարորդները՝ թերլիցքավորման մասին

Հեղուկ վառելիքի (ավտոմոբիլային բենզին և դիզվառելիք) մանրածախ առևտրի կետերում թերլիցքավորման դեպքերը կանխելու նպատակով ՀՀ Կառավարությունը 2022թ. ապրիլի 22-ին ընդունել է «Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման և կիրառման կարգը հաստատելու մասին» N 537-Ն որոշումը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ չափանոթները հանդիսանում են օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցներ, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է մինչև սույն որոշման պաշտոնական ուժի մեջ մտնելը, այսինքն՝ մինչև 2022 թվականի հոկտեմբերի 20-ը, շահագործվող առևտրի կետերն ապահովել ներկայացվող հիմնական պահանջներին համապատասխանող ստուգաչափված չափանոթներով:

Մեզ հետ զրույցում վարորդներն թերի լիցքավորման հարցը բարձրացրեցին.

«Բոլոր տեղերը գրեթե նույնն է, քիչ են լցնում: Պարզվում է՝ 20-30 կիլոմետր քիչ եմ քշում: Գազը տաք է, շուտ սառում է, ճնշումն ընկնում է, դրա համար քիչ ես քշում: 20 լիտրի մեջ, հեչի պես, մի 2-3 լիտր խաբում են: Համ խաբում են, համ տարբեր գներ են. մի մետրի վրա գները տարբեր են: Հաճախ ՀԴՄ էլ չեն տրամադրում, ուզում ես՝ չլսելու են տալիս»,- նշեց վարորդներից մեկը:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն էլ թերլիցքավորման առնչությամբ Հանրային հեռուստաընկերությանը հետևյալ պարզաբանումն էր տվել. եթե 2019-2020-ին ունեինք մոտ 20 լիտրի մեջ 1-1,5 լիտր խաբելու հավանականություն, ապա 2022-ին իրականացված ստուգումների արդյունքում 20 լիտրի մեջ 400 գրամի տարբերություն է տվել: Թերլիցքավորման խնդիրը լուծելու համար տեսչականը ձեռք է բերել նաև չափիչ սարքեր: Բացի այդ, փոփոխված օրենքով՝ տեսչականի աշխատակիցները ցանկացած պահի կարող են չափագիտական վերահսկողություն անել և շատ արագ հասկանալ՝ լիցքավորումը թերի՞ է, թե՞ ոչ: Նրա խոսքով՝ 2019թ. 250 ստուգում է իրականացվել, 2020թ.-ին՝ 350, 2021-ին՝ 450. այս տարի նախատեսվում է 592 ստուգում: Իսկ տուգանքը, եթե նախկինում կազմում էր 50-100 հազար դրամ՝ թերլիցքավորման համար, հիմա 1 միլիոն դրամ է: Որակի հետ կապված նախկինում տուգանքները տատանվում էին 100-300 հազար դրամի սահմաններում, իսկ հիմա 1 միլիոն դրամ` առաջին խախտումը, 2 միլիոն` կրկնվելու դեպքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս