ՄԻՊ աշխատակիցներն այցելել են 24 բերման ենթարկվածներին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը իրականացնում է տեղի ունեցող բողոքի ակցիաների դիտարկում ինչպես անմիջականորեն, այնպես էլ լրատվամիջոցների ու սոցիալական մեդիայի միջոցով:

Ուսումնասիրության ներքո են եղել նաև Ոստիկանության գործողությունները: Ոստիկանության բաժիններ անձանց բերման ենթարկելու վերաբերյալ ՄԻՊ թեժ գծի հեռախոսահամարին ստացվել են նաև ահազանգեր:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը ապրիլի 25-ին և 26-ին իրականացրել են այցեր Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ: Մասնավորապես՝ ապրիլի 25-ին այց է իրականցվել Ոստիկանության Արաբկիրի և Կենտրոնական բաժիններ, իսկ ապրիլի 26-ին` Ոստիկանության Արաբկիրի, Կենտրոնական և Քանաքեռ-Զեյթունի բաժիններ:

Ոստիկանության բաժիններ իրականացրած այցերի շրջանակում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել թվով 24 բերման ենթարկված անձանց հետ, ուսումնասիրվել են ազատությունից զրկված անձանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը, նրանց իրավունքների ապահովմանն առնչվող որոշ հարցեր քննարկվել են նաև Ոստիկանության իրավասու ներկայացուցիչների հետ:

Առանձնազրույցների ընթացքում ազատությունից զրկված անձինք պնդել են, որ մինչ իրենց բերման ենթարկելը Ոստիկանության ծառայողների կողմից չի հնչեցվել որևէ պահանջ, իրենց չեն ներկայացրել ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները և բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ: Բացի դրանից, արձանագրվել է, որ ապրիլի 25-ին ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու գործողություններն իրականացրել են նաև քաղաքացիական հագուստով Ոստիկանության ծառայողներ:

Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են բերման ենթարկված անձանց հաշվառման մատյանը և արձանագրել լրացման կարգի խախտումներ: Նաև արձանագրվել է, որ Ոստիկանության բաժնում գտնվողներն ազատ են արձակվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով սահմանված ժամկետում:

Վերը նշված այցերի արդյունքները սահմանված կարգով կամփոփվեն և անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն և Ոստիկանություն:

Պաշտպանի աշխատակազմում շարունակվում է իրականացվել մշտադիտարկում անցկացվող հավաքների և բողոքի այլ ակցիաների վերաբերյալ»:

Տեսանյութեր

Լրահոս