«Իրավապահները հետայսու պետք է դադարեցնեն մարդկանց բնակարան հանդիսացող տարածքներում զննություններ կատարելն առանց համապատասխան որոշման առկայության». Էրիկ Ալեքսանյան
Քիչ առաջ փաստաբան Էրիկ Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ այսօր ստացել են ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը:
«Մեր պաշտպանյալն արդարացվել էր /ՀՀ ՔՕ 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Վերջ՝ ձևավորված արատավոր պրակտիկային՝ առանց համապատասխան որոշման բնակարանի զննության թույլատրելիությանը: Դատական ակտը ստացավ օրինական ուժ՝ դառնալով անբողոքարկելի»,- մասնավորապես նշել էր նա:
168.am-ի հետ զրույցում Էրիկ Ալեքսանյանը նշեց՝ դատախազի բողոքի իմաստն այն էր, որ Առաջին ատյանի ու Վերաքննիչ դատարաններն իրենց որոշումներում սխալ են եղել այն առումով, որ չպետք է կիրառվեր 12-րդ հոդվածի ռեժիմը, քանի որ դա դեպքի վայր էր, իսկ դեպքի վայրի համար զննություն կատարելու տեսանկյունից որոշում պետք չէ, և հետևաբար՝ այս դեպքում էլ որոշում չպետք է կայացվեր:
Փաստաբանի խոսքով՝ հետայսու յուրաքանչյուր դեպքում բնակարան հանդիսացող տարածքում՝ կլինի դա ավտոմեքենա, հյուրանոցային համար, աշխատանքային գրասենյակ, անկախ՝ այդ տարածքները դեպքի վայր են հանդիսանում, թե՝ ոչ, մինչ այդ գործողության կատարումը պետք է առկա լինի հետաքննության աշխատակցի, քննիչի կամ դատախազի համապատասխան որոշումը զննություն կատարելու վերաբերյալ։
«Մինչ այդ արատավոր պրակտիկա էր ձևավորվել, ըստ որի՝ իրավապահները բնակարան հանդիսացող տարածքներում, որոնք միևնույն ժամանակ դեպքի վայր էին հանդիսանում, զննություն էին կատարում առանց համապատասխան որոշման առկայության՝ հղում կատարելով օրենսդրական այն կարգավորման վրա, որ դեպքի վայրում զննություն կատարելու համար որոշում հարկավոր չէ։ Սակայն սույն քրեական գործով վերջապես փաստվեց, որ նման իրավիճակներում պետք է կիրառվի ոչ միայն դեպքի վայրի զննություն կատարելու օրենսդրական կարգավորումը, այլև ՀՀ Քրեական դատավարության դատ․ 12-րդ հոդվածի ռեժիմը, որը սահմանում է անձի բնակարանի անձեռնմխելիության երաշխիքը»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:
Հարցին՝ արդյո՞ք սա նախադեպային որոշում է, փաստաբանը պատասխանեց՝ ճիշտ է, թեև սույն որոշումը նախադեպային չէ, այնուամենայնիվ, այն որպես իրավական փաստարկ՝ նույնանման փաստական հանգամանքների պայմաններում կարող է կիրառվել այլ քրեական գործերի շրջանակներում և առավել ևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս որոշումն ունի օրինական ուժ, հետևաբար՝ այն որոշակի չափով հավասարեցվում է պարտադիր կիրառման չափանիշին։
«Ուստի նմանատիպ իրավիճակներում հետագայում իրավապահ մարմինները չեն կարող անտեսել սույն որոշումը և շարունակել իրենց մինչ այդ էլ ձևավորված ոչ օրինական պրակտիկան»,- եզրափակեց Էրիկ Ալեքսանյանը: