
Բռնցքամարտիկները հասկանում են, թե ինչ խնդիր է իրենց առաջ դրված. Կարեն Աղամալյան

Հայաստանի բռնցքամարտի հավաքականն ընդլայնված կազմով վերջին նախապատրաստական աշխատանքներն է իրականացնում Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը շեշտեց, որ տղաները հստակ գիտակցում են իրենց վրա դրված պատասխանատվությունը:
«Այս օրերին` մինչև մայիսի 2-ը, նախապատրաստական փուլ կանցնենք Ծաղկաձորում: Մենք ծանր քաշային կարգում մարզումների ժամանակ խնդիր ունեինք զույգերի հետ կապված, սակայն Լիտվայից և Իսրայելից եկել են մարզիկներ, ովքեր աշխատում են ընդհանուր խմբում»,-ասաց Աղամալյանը:
Վերջինս առանձնացրեց, որ Հայաստանն այս առաջնությանը մասնակից կունենա բոլոր քաշային կարգերում, սակայն ոչինչ հայտնի չէ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի մասնակցության վերաբերյալ:
«Բռնցքամարտիկները հասկանում են, թե ինչ խնդիր կա իրենց առաջ դրված և լարվածություն էլ կա, քանի որ Երևանում է անցկացվում առաջնությունը»,-առանձնացրեց նա: