Ինչու ինքնագովազդի սիրահար կառավարությունը չի արձագանքում գործազրկության մակարդակի անհավանական կրճատմանը
Պաշտոնական տվյալներով՝ անցած տարի գործազրկության մակարդակը Հայաստանում մեծ տեմպերով կրճատվել է։ 2020թ. գործազուրկ էր աշխատունակ բնակչության 18 տոկոսից ավելին, անցած տարի գործազուրկ է եղել 15,3 տոկոսը։
Տպավորություն է, թե մեր երկրում այնքան աշխատատեղեր են ստեղծվել, որը հանգեցրել է գործազրկության այդպիսի անհավանական կրճատման։
Գործազրկությունը միանգամից նվազել է 2,8 տոկոսով։
Թվում է, թե մեծ բան չէ, բայց 2,8 տոկոսը տասնյակ-հազարավոր գործազուրկներ են։
Պատկերացրեք՝ 2020թ. Հայաստանում գործազուրկ է եղել ավելի քան 218 հազար մարդ, 2021թ. նրանց քանակը կազմել է 183 հազար։ Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում Հայաստանում գործազուրկների թիվը 38 հազարով պակասել է։
Սա գործազրկության կրճատման առումով հսկայական առաջընթաց է։
Թվում է, թե կառավարությունը լուրջ հաջողության է հասել։ Աշխատատեղեր է բացել կամ պայմաններ է ստեղծել աշխատատեղերի բացման համար, ու մարդիկ սկսել են աշխատել։
Այդպես է, սակայն, այնքան ժամանակ, քանի դեռ չի բացահայտվել այն տխուր ու չափազանց մտահոգիչ պատկերը, որը թաքնված է այդ թվերի հետևում։ Զարմանալի չէ, որ ամեն չնչին բան ինքնագովազդի և աննախադեպ ձեռքբերումների վերածող կառավարությունը ոչ մի կերպ չի արձագանքում գործազրկության կրճատման այս անհավանական առաջընթացին։
Թե ինչո՞ւ, դժվար չէ հասկանալ։ Բայց ամեն ինչ՝ ըստ հերթականության։
Օրերս հրապարակված պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցած տարի գործազրկության մակարդակը Հայաստանում իսկապես մեծ տեմպերով կրճատվել է։ Բայց դա տեղի է ունեցել այն բանի հաշվին, որ կրճատվել է մեր երկրում առկա աշխատուժի քանակը։
Անցած տարվա ընթացքում աշխատուժի քանակը Հայաստանում պակասել է 35 հազարով։
Եթե 2020թ. կար 1 մլն 208 հազար մարդ, ովքեր ի վիճակի էին աշխատել, ապա 2021թ. նրանց թիվը կազմել է 1 մլն 173 հազար։
Աշխատուժի պակասելու հիմնական պատճառն ակտիվ արտագաղթն է։
Հայտնի է, որ անցած տարի Հայաստանից գնաց ու չվերադարձավ ավելի քան 73 հազար քաղաքացի։
Արտագաղթած քաղաքացիների մի մասը եղել են նրանք, ովքեր համալրում էին աշխատուժը և գործազուրկների շարքերը։ Այդ մարդիկ գնացել են երկրից, որն էլ հանգեցրել է՝ ինչպես աշխատուժի, այնպես էլ՝ գործազրկության կրճատման։ Աշխատուժը կրճատվել է, կրճատվել է նաև գործազուրկ քաղաքացիների քանակն ու գործազրկության մակարդակը։
Պարզ է, որ դա ոչ մի կապ չունի գործազրկության կրճատման դասական պատկերացումների հետ։
Սովորաբար գործազրկության կրճատումը մարդիկ պատկերացնում են այնպես, որ գործազուրկներն աշխատանք են գտել։ Այս դեպքում ամենևին այդպես չէ։ Գործազուրկները ոչ թե աշխատանք են գտել, այլ պարզապես հեռացել են երկրից՝ ըստ ամենայնի, այլ երկրներում աշխատելու ու ապրելու հեռանկարով։
Դա էլ նպաստել է, որպեսզի գործազրկության մակարդակը մեր երկրում կտրուկ «բարելավման» ու «առաջընթացի» միտումներ ցույց տա։ Բայց եթե դա պիտի լինի աշխատուժի կրճատման ու արտագաղթի ավելացման հաշվին, ոչ մեկին պետք չէ։
Գործազրկության կրճատման հիմքը նոր աշխատատեղերի ստեղծումն է։
Այդտեղ է, որ գրեթե առաջընթաց չունենք, ինչքան էլ կառավարությունը տարեկան տասնյակ-հազարավոր հայտարարագրվող աշխատատեղերի ավելացման մասին է խոսում։ Հայտարարագրվող աշխատատեղերը տասնյակ-հազարներով են ավելանում, իսկ զբաղվածության մակարդակը մեր երկրում գրեթե չի փոխվում կամ չնչին փոփոխություն է կրում։
2020թ. Հայաստանում զբաղված է եղել 990 հազար, անցած տարի՝ 993 հազար քաղաքացի։
Սա այն չնչին առաջընթացն է, որը պաշտոնական վիճակագրությունն անցած տարի գրանցել է աշխատանքի շուկայում։ Մյուս բոլոր ցուցանիշների մասով ունենք չափազանց մտահոգիչ իրավիճակ։ Եվ ոչ մի նշանակություն չունի, որ գործազրկության մակարդակը մեր երկրում հսկայական տեմպերով կրճատվել է, իսկ հայտարարագրվող աշխատատեղերի քանակը՝ տասնյակ-հազարներով ավելացել։
Հիշեցնենք, որ անցած տարվա վերջի տվյալներով, պաշտոնական վիճակագրության արձանագրած 993 հազար զբաղվածներից հայտարարագրված է եղել շուրջ 671 հազարը։ Մնացածը հավանաբար գյուղացիական տնտեսություններն են, որոնք ֆորմալ առումով համարվում են զբաղվածություն ապահովող, բայց չեն հայտարարագրվում հարկային մարմիներում։
Զբաղված քաղաքացիների քանակը, Վիճակագրական կոմիտեի տվյալներով, անցած տարի ավելացել է ընդամենը 3 հազարով, իսկ հայտարարագրվածներինը, Պետեկամուտների կոմիտեի տվյալներով, 34 հազարով։
Ահա այսպիսի հսկայական տարբերություն, որը կա զբաղվածության ավելացման ու հայտարարագրված աշխատատեղերի աճի ցուցանիշներում։
Ընդ որում, հայտարարագրված աշխատատեղերի աճի մեջ բավական մեծ կշիռ ունեն պետական համակարգում զբաղվածները։ Խոսքն այն հատվածի մասին է, որը նստած է պետական ու համայնքային բյուջեների վրա։
Անցած տարվա վերջին այդ համակարգում հայտարարագրված է եղել 211 հազար աշխատատեղ։
Մեկ տարվա ընթացքում պետության վրա նստած աշխատողների քանակն ավելացել է 7 հազարով։ Դա տեղի է ունեցել այն քաղաքական ուժի իշխանության ժամանակ, որը եկել էր պետական համակարգն օպտիմալացնելու, անիմաստ պահվող հաստիքները կրճատելու ու պետության վրա նստած ծանր ֆինանսական բեռը թեթևացնելու խոստումներով։
Անցած տարի արձանագրված միտումներից հետո, դեռ հայտնի չէ, թե ինչպիսի փոփոխություններ է կրել գործազրկությունը, զբաղվածությունն ու աշխատուժն այս տարվա սկզբին։ Հայտնի է, սակայն, որ տարեսկզբին նվազել են հայտարարագրված աշխատատեղերը։
Անցած տարվա դեկտեմբերի վերջի 671 հազարի փոխարեն՝ հունվարին հայտարարագրված է եղել 649 հազար աշխատատեղ։
Մեկ ամսվա ընթացքում կրճատվել կամ փակվել է 22 հազար աշխատատեղ։
Փետրվարին էլ, նախնական տվյալներով, հայտարարագրված է եղել 659 աշխատատեղ. 12 հազարով ավելի քիչ, քան եղել էր անցած տարվա դեկտեմբերին։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ