Հայաստանում սպանությունների թվի աճ կա՝ մտահոգիչ ենք համարում. Գլխավոր դատախազ
Այսօր ԱԺ-ում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց ՀՀ դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը։
Ներկայացնելուց հետո, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը Գլխավոր դատախազին հարց ուղղեց՝ ինչո՞վ է պայմանավորված, որ որոշակի հանցատեսակներում գրանցվել է աճ, զեկույցում այդ փաստն արձանագրված էր։
«Հանցատեսակների աճ կա, հնարավո՞ր է, որ բացահայտված գործերի քանակն է ավելացել, թե՞ օրենսդրական բաց կա, որ հնարավոր է պատժատեսակները խստացնել և այդ հանցագործության դեմ այդ տեսակով պայքարել։ Քանի որ հուլիսի 1-ից գործածության մեջ է դրվելու նոր քրեական օրենսդրությունը, կարող է դա որոշակի ազդեցություն ունենա այս տեսակի հանցագործությունների նվազմանը»,- հարցրեց պատգամավորը։
Հարցին ի պատասխան՝ Գլխավոր դատախազն ասաց, որ պարբերաբար վերլուծություններ են իրականացնում երկրում հանցավորության մակարդակի առումով։
«Մենք ունենք տարվա ընթացքում հանցագործությունների որոշակի աճ, սակայն մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ այդ աճը հիմնականում պայմանավորված է եղել նոր հանցատեսակների ավելացմամբ։ Այսինքն՝ նման հանցատեսակներ մենք ունեցել ենք, դրանք հատկապես վերաբերում են ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեմ պայքարն ակտիվացնելու համար քրեականացված նոր օրենքներին, դա ծանր վիրավորանքին է վերաբերում։ Բայց այո, ունենք առանձին ուղղություններով մտահոգիչ աճ, օրինակ, ամենամտահոգիչը և ընդհանրապես հանցավորության մակարդակի կրիմինոլոգիական ուսումնասիրությունների առիթ հանդիսացողը, դրանք հատկապես ծանր բռնությամբ գործադրված հանցագործություններն են։ 2021 թվականին ունեցել ենք արձանագրված սպանության 60 դեպք, երբ նախորդ տարի եղել է 50։ 2018 թվականին մենք ունեցել ենք վերջին 30, նույնիսկ 32 տարվա ընթացքում ամենցածր ցուցանիշը, ունեցել ենք 35 սպանության դեպք»,- նշեց Արթուր Դավթյանը։
Ըստ նրա, սպանությունների վերլուծությունները ցույց են տվել, որ ամենավտանգավոր, այսինքն՝ կազմակերպված հանցավորության մասին չէ խոսքը, հիմնականում սպանությունները տեղի են ունեցել կենցաղային շարժառիթներով։ Առանձին դեպքերում նաև հոգեկան հիվանդության համար հաշվառման ենթարկված անձանց, նաև առանձին դեպքերում՝ անհետ կորած անձանց դեպքերով հարուցված քրեական գործեր։
«Մտահոգիչ ենք համարում, անկախ դրա, այսպես ասած, բացատրություններից, այսպես ասած՝ նաև օբյեկտիվ բացատրություններից։ Եռամսյակը մեկ մեր կողմից կատարված վերլուծությունների արդյունքում՝ դիմել ենք պատկան մարմիններին, համատեղ քննարկումներ ենք ունեցել, ինչպես տարածքներում՝ առանձին-առանձին, այնպես էլ՝ հանրապետական առումով։ Ձեռնարկել ենք ժամանակակից անհրաժեշտ բոլոր միջոցները, հատկապես՝ օպերատիվ իրավիճակի տիրապետման առումով»,- շեշտեց Արթուր Դավթյանը։