Ալիևը պատերազմ սկսելու հիմնավոր պատճառ է տալիս՝ վիճարկում է Սյունիքի պատկանելությունը, իսկ կապիտուլյանտը պատրաստվում է զիջումների. Գեղամյան

Օրերս Ռուսաստանում ստորագրված հայ-ռուսական 30 կետից բաղկացած հայտարարության մեջ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին Ռուսաստանի աջակցության մասին ամրագրումն այն մասին էր, որ Ռուսաստանը շարունակում է լինել այդ գործընթացի միջնորդը։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով հայ-թուրքական օրակարգի ու այդ ուղղությամբ արված հայտարարությունների մասին, նման տեսակետ հայտնեց թուրքագետ Վարուժան Գեղամյանը` հավելելով, թե այս արձանագրումն ինքնին շատ կարևոր է հատկապես թուրքական կողմի այն հայտարարությունների համատեքստում, ըստ որի, իրենք պատրաստ են հայկական կողմի հետ գնալ առանց միջնորդ հանդիպումների, որովհետև դրա շնորհիվ է, որ Թուրքիան դեմ դիմաց կմնա Հայաստանի կապիտուլյացիոն վարչակարգի հետ ու շատ ավելի հեշտությամբ կպարտադրի իր կամքը։

«Թուրքիան արագացնում է գործընթացը, որովհետև գիտի՝ այս տարածաշրջանում ռուսական ռազմական ներկայացվածությունը չի բխում իր շահերից, որովհետև գիտի, որ ռուսական 102-րդ ռազմաբազայով զսպվում են թուրքական նկրտումները Հայաստանի տարածքների նկատմամբ, իսկ նման նկրտումներ արդեն հնչում են հնարավոր բոլոր մակարդակներում։ Ստեղծված իրավիճակում Թուրքիան հենց այս միջորդին՝ Ռուսաստանին է ցանկանում չեզոքացնել, իսկ դա կարող է անել ուղիղ Հայաստանի հետ հարաբերությունների մեջ մտնելով»։

Թուրքագետի դիտարկմամբ՝ Հայաստանի գործող իշխանության վարած քաղաքականությունն ու դրան պարբերաբար զուգորդվող հակառուսական տրամադրությունները ցույց են տալիս, որ Հայաստանը և Արցախը ռուսական ազդեցության գոտուց դուրս բերելու թուրքական և ՀՀ իշխանությունների ցանկությունները համընկնում են։

«Եթե Հարավային Կովկասն ապառուսականացվի, ապա նոր էներգակիրների կառուցման համար կդառնա տարանցիկ ուղի, իսկ դա ցանկացող Արևմուտքի գործընկերներն այս հարցում Թուրքիան ու Ադրբեջանն են։ Ամենևին էլ պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու մասին ելույթը ողջունեցին ԵՄ և ԱՄՆ դեսպանները»,- ասաց Գեղամյանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանին մեր տարածաշրջանից չեզոքացնելու ցանկություն ունեցող Թուրքիան հիմա այլ խնդիրներ ևս լուծում է, քանի դեռ ՌԴ-ն զբաղված է ուկրաինական ճակատով։

Թուրքագետի պնդմամբ՝ մասնավորապես Սյունիքում ստեղծվել է մի իրավիճակ, որ Թուրքիան իր տարածաշրջանային նկրտումները կարող է բավարարել ոչ միայն փափուկ ուժով, այլ նաև ռազմական ներկայությամբ, եթե Հայաստանի ղեկավարությունը չաշխատի իր առկա և պոտենցիալ դաշնակիցների հետ, ինչի արդյունքում մենք կարող ենք հայտնվել Իրաքի կարգավիճակում։

«Այդ դեպքում մենք կարող ենք հայտնվել Իրաքի կարգավիճակում, որտեղ թուրքական զորքերն իրականացնում են իրենց օպերացիաները, իսկ միջազգային հանրությունը դրան չի խոչընդոտում, թեև խախտվում են բոլոր պաշտոնական թղթերը։

Իսկ ո՞վ է ասել, որ Սյունիքում դա չի կարող լինել, հատկապես, երբ Ալիևն ասում է, որ վիճարկելի է Սյունիքի պատկանելությունը, իսկ սա պատերազմ սկսելու հիմնավոր պատճառ է, իսկ կապիտուլյանտն ասում է՝ պատրաստվե՛ք նոր զիջումների։

Նա զիջում է՝ պակասեցնելով պետության դիմադրության պաշարը, ուստի Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը փակուղում է լինելու այնքան, քանի դեռ Հայաստանը չի ստորագրել Ադրբեջանի պարտադրած փաստաթղթերը, իսկ դեռ չի ստորագրել, որովհետև գիտի՝ դա կարող է բերել հանրային այնպիսի արձագանք, որ կզրկվեն իշխանությունից։

Այդ ամենով հանդերձ՝ միևնույն է՝ Հայաստանի դե ֆակտո իշխանությունը պատրաստվում է ստորագրել մի քանի կապիտուլյացիոն փաստաթղթեր»,- ասաց Գեղամյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս