Ավելի քան 40 կիլոգրամ կոկաին են Բելգիայից Պետերբուրգ բերել Էկվադորի բանանների տեսքով
Բելգիայից թմրանյութերի խոշոր մաքսանենգություն է կասեցվել Պետերբուրգում: Այդ մասին ապրիլի 19-ին հաղորդել է Բալթյան մաքսատան մամուլի ծառայությունը։
«Անօրինական շրջանառությունից առգրավվել է ավելի քան 40 կիլոգրամ թմրանյութ: Խմբաքանակի մոտավոր արժեքը սեւ շուկայում գերազանցում է 600 միլիոն ռուբլին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես ճշտվում է, կոկաինով լցված 40 ուղղանկյուն բրիկետները հայտնաբերել են վեց սառնակոնտեյներներից մեկում, որոնք Բելգիայից ծովային նավով բերվել էին մթերային սուպերմարկետների ցանցի հասցեով:
Մաքսային դեկլարացիայում նշած է եղել՝ բանաններ՝ Էկվադորից: Բալթյան մաքսատունը քրեական գործ է հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 229.1 հոդվածի 4-րդ մասով (թմրանյութերի մաքսանենգություն՝ հատկապես խոշոր չափերով), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: