Չափազանց ամոթ եմ զգում այս դահլիճում նստելուց. Անի Խաչատրյան
Մեկնարկել է Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 3-րդ նիստը:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտնեց, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել են նույն կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Էդգար Զաքարյանին և Վարսենիկ Ուզունյանին:
«Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ձայնի իրավունք խնդրելով՝ ասաց. «Ուզում եմ շնորհավորել ավագանու անդամներին: Կարծում եմ՝ կկրկնվեմ, բայց ինչքան եք նվաստացնում, ստորացնում ավագանու համակարգը, անլրջացնում ավագանու դերը: Նաև չեմ խոսի այն մասին, որ չափազանց մեծ ամոթ եմ զգում այս դահլիճում նստելուց: Միայն ասեմ, որ շնորհավորում եմ երևանցիներին, և Դո՛ւք, պարոն քաղաքապետ, մենք կարող ենք մեր վեշ-մեշոկը հավաքել ու գնալ տուն, որովհետև Երևանը փրկված է, ունի նոր կին ավագանու անդամի նման ավագանու անդամ»:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հորդորեց չվիրավորել:
«Հեգնանքով եք խոսում, կարծում եմ՝ ճիշտ չէ, առաջարկում եմ հարգալից և հանդուրժող լինել»,- նշեց Հրաչյա Սարգսյանը: