Բյուջեով իրականացված շինարարությունը կտրուկ կրճատվել է. Որտե՞ղ են կառավարության սուբվենցիոն ծրագրերը

Չնայած նախատեսված մեծ ծավալի կապիտալ ծախսերին, այս տարվա սկզբին պետական բյուջեի միջոցների հաշվին կառավարությունն անհամեմատ ավելի քիչ շինարարություն է իրականացրել, քան իրականացրել էր անցած տարի։

Հիշեցնենք, որ այս տարվա տնտեսական աճի գործում կառավարությունը մեծ տեղ է հատկացրել հատկապես կապիտալ ծախսերին։ Նախատեսել է իրականացնել ավելի քան 340 մլրդ դրամի կապիտալ ծախս։ Գրեթե 60 տոկոսով ավելի շատ, քան անցած տարի էր արել։

Նշենք, որ կապիտալ ծախսերը միշտ էլ եղել են այս կառավարության ցավոտ կողմերից մեկը։ Այն առումով, որ այդ ծախսերն առանց բացառության, նախորդ 4 տարիներին մշտապես թերակատարվել են։ Երբեմն՝ ընդհուպ 30-35 տոկոսով։ Թվում էր, թե կառավարությունը դասեր կքաղի նախորդ տարիների ձախողումներից և քայլեր կձեռնարկի իրավիճակը շտկելու համար։ Բայց թերակատարումները շարունակվում են։

Այս տարվա սկզբին էլ պատկերը մխիթարական չէ։ Առաջին եռամսյակի կապիտալ ծախսերի պլանը տարեսկզբի 2 ամիսների արդյունքներով կատարվել է ընդամենը 26 տոկոսով։

Նվազել է նաև պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարության ծավալը։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները վկայում են, որ հունվար-փետրվարին դրանք կազմել են ընդամենը 5 մլրդ դրամ։

Բյուջեի միջոցներով կատարված շինարարությունը կրճատվել է ավելի քան 35 տոկոսով։

Նախորդ տարի 7,7 մլրդ դրամ էր կամ 2,7 միլիարդով ավելի շատ, քան այս տարի։

Ընդ որում, շինարարության մեջ ծախսված բյուջետային գումարները նվազել են ոլորտում արձանագրված 4,9 տոկոս աճի պայմաններում։ Տարեսկզբի 2 ամիսներին ընդհանուր առմամբ իրականացվել են գրեթե 33 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ, որից պետական բյուջեի բաժինը եղել է ընդամենը 15 տոկոսը։ Նախորդ տարի հասնում էր գրեթե 27 տոկոսի։

Թե ո՞րն է եղել սրա պատճառը, պաշտոնական մեկնաբանություններ չկան։ Թեև հասկանալի է, որ դրանից որևէ բան չի փոխվում։ Փաստն այն է, որ բյուջեի միջոցներով այս տարի ավելի քիչ շինարարություն է իրականացվել, քան իրականացվել էր անցած տարի։

Շատ ավելի մեծ է եղել վարկային միջոցներով կատարված կապիտալ շինարարության կրճատումը։

Խոսքն այն գումարների մասին է, որոնք նախատեսված են բյուջեում դեֆիցիտի ֆինանսավորման տեսքով և ուղղված են տարբեր ծրագրերի իրականացմանը։ Այդ գումարներով այս տարի ավելի քան կիսով չափ պակաս շինարարություն է կատարվել։ Դրանք կրճատվել են գրեթե 53-54 տոկոսով։

Ի դեպ՝ բյուջեի կատարման վերաբերյալ Ֆինանսների նախարարության հաշվետվությունից տեղեկանում ենք, որ հունվար-փետրվարին արտաքին աղբյուրներից բյուջեում նախատեսված վարկային միջոցներից ստացվել է ընդամենը 3,4 մլրդ դրամ։ Դա կազմել է եռամսյակային ծրագրի հազիվ 5,7 տոկոսը։

«Ցածր ցուցանիշ է արձանագրվել արտաքին աղբյուրներից ստացվող վարկերի գծով, որոնք կազմել են 3,4 մլրդ դրամ կամ եռամսյակային ծրագրի 5,7 տոկոսը»,- նշված է բյուջեի կատարման վերաբերյալ Ֆինանսների նախարարության հաշվետվության մեջ։

Առաջին եռամսյակի համար արտաքին հատվածից նախատեսված է եղել ստանալ 59 մլրդ դրամ, 2 ամսում ստացվել է ընդամենը 3,4 միլիարդը։

Վարկային միջոցներով տարեսկզբի 2 ամիսներին կատարվել է ընդամենը 1,8 մլրդ դրամի շինարարություն։ Նախորդ տարի եղել էր 3,8 միլիարդ։ Այս տարի 2 միլիարդով պակասել է։

Ասիական զարգացման բանկի միջոցներով կատարվել է՝ 322 մլն դրամի, Համաշխարհրային բանկի միջոցներով՝ 162 մլն դրամի աշխատանք։ Մի դեպքում ֆինանսավորման ծավալները կրճատվել են՝ ավելի քան 73, մյուս դեպքում՝ 47 տոկոսով։

Միջազգային այլ ֆինանսական կառույցների կողմից հատկացված միջոցներով իրականացվել է ընդհանուր առմամբ 1,2 մլրդ դրամի շինարարություն, ինչը կիսով չափ պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։  Տարեսկզբին կտրուկ նվազել է՝ ոչ միայն պետական, այլև՝ համայնքային բյուջեներով կատարվող շինարարությունը։ Այս դեպքում էլ կրճատումն անցնում է 36 տոկոսից։

Սա տեղի է ունեցել այն հայտարարությունների ֆոնին, որոնցով փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե ամբողջ երկրով մեկ համատարած սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում։ Ճիշտ է, սուբվենցիոն ծրագրերը միայն շինարարություն չեն, բայց հիմնականում վերաբերում են հենց շինարարությանը։ Իսկ դրանց փաստացի արդյունքը սա է. ինչպես պետական, այնպես էլ՝ համայնքային բյուջեներով այս տարվա սկզբին անհամեմատ ավելի քիչ շինարարություն է իրականացվել, քան իրականացվել էր անցած տարի։

Նվազել են նաև բնակչության կողմից կատարված շինարարական աշխատանքները։ Իրականացվել է 8,2 մլրդ դրամի շինարարություն, ինչն ավելի քան 11 տոկոսով պակաս է նախորդ տարվանից։

Սա էլ բնակչության սոցիալական վիճակի վատացման անմիջական արձագանքն է։ Նման դեպքերում մարդիկ առաջին հերթին մտածում են սոցիալական կարիքները հոգալու մասին, իսկ կենցաղային մյուս խնդիրները մղվում են հետին պլան։

Օտարերկրյա ներդրողները ևս պասիվ են եղել շինարարության ոլորտի նկատմամբ։

Տարվա առաջին 2 ամիսներին նրանց կողմից Հայաստանում իրականացված շինարարական աշխատանքները կրճատվել են գրեթե 59 տոկոսով։

Դրանք կազմել են 1 մլրդ դրամից մի փոքր ավելի։ Նախորդ տարի անցնում էին 2,2 միլիարդից։

Միայն կազմակերպությունների կողմից իրականացված շինարարությունն է, որ տարվա սկզբին աճել է։ Թերևս, դա էլ նպաստել է, որպեսզի ոլորտում, այնուհանդերձ, ոչ շատ բարձր, բայց աճ արձանագրվի։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս