Առաջին տեղում է Ագաթա Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» գիրքը
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է մարտի վաճառքների հիման վրա:
Առաջին տեղում է Ագաթա Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» գիրքը։ Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» վեպը դետեկտիվ ժանրի համաշխարհային բեսթսելերներից է։ Գործողությունները զարգանում են հռչակավոր խուզարկու Էրքյուլ Պուարոյի աչքի առջև, որը հերթական անգամ ակամա հայտնվում է դեպքերի
կիզակետում: Մեծահարուստների եգիպտոսյան անհոգ ճամփորդությունը փոթորկվում է մեղրամիսը վայելող երիտասարդ, հարուստ ու հաջողակ Լինեթ Ռիջուեյի սպանությամբ։ Մի բան է միայն ստույգ՝ հանցագործը նավի ուղևորներից է։ Իմաստուն խուզարկուն, գործի դնելով վերլուծության իր հոգեբանական
մեթոդները, պետք է բացահայտի մարդասպանին, որին ոչ ոք չի կասկածում: Թարգմանությունը՝ Գոհար Մադոյանի։
Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը երկրորդ տեղում է։ Ամերիկուհի գրող Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական Ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում։ Սրամտությամբ, ինքնահեգնանքով, ազատագրության մղումով լի այս ճամփորդությունը կենտրոնացնում է ընթերցողի ուշադրությունը էականի վրա, շեղում անկարևորից, ձևակերպում պոստֆեմինիստական աշխարհում ապրող ու առաջին հայացքից երջանիկ կյանք վարելու բոլոր նախադրյալներն ունեցող կնոջ խնդիրը, օրակարգ բերում հարցեր, որոնց շուրջ քանիցս մտորելու անհրաժեշտություն կա, ու առաջարկում դասեր, որոնք միանգամայն փոխադրելի են ժամանակի ու տարածության մեջ։ Թարգմանիչ՝ Լիլիթ Հայրապետյան։
Ագաթա Քրիստիի «Սպանություն գոլֆի դաշտում» գիրքը երրորդ տեղում է։ «Սպանություն գոլֆի դաշտում» վեպը Ագաթա Քրիստիի երրորդ գիրքն է և նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկը: Առաջին անգամ լույս է տեսել 1923 թվականին Մեծ Բրիտանիայում: Մեծահարուստ Պոլ Ռենոյի նամակը Լոնդոնում հաստատված և արդեն մասնավոր գործեր հետաքննող Էրքյուլ Պուարոյին բերում է Ֆրանսիա: Սակայն տեղ հասնելով՝ բելգիացի հռչակավոր խուզարկուն պարզում է, որ իր հաճախորդը սպանված է, իսկ նրա դիակը հայտնաբերվել է գոլֆի դաշտում՝ թիկունքից դաշունահար: Թարգմանությունը՝ Քրիստինե Չիլինգարյանի։
Չորրորդ տեղում է «Բարի գործերի քաղաքը»։ Գիրք, որն ընթերցողին կգրավի ոչ միայն իր սյուժեով, այլև ժանրային յուրահատկությամբ։ Այն գրել են Մարկ Արենը և հինգ երիտասարդներ: Նրանում զետեղված փոքրիկ պատմությունները բարության զորեղ ուժի մասին են, այն մասին, թե ինչպես է մի աղջկա արած ֆեյսբուքյան գրառումը շատ արագ տարածում գտնում, մարդկանց հորդորում բարի գործեր անել և Երևանը դարձնում բարի գործերի քաղաք: Թարգմանիչ՝ Ֆարիդա Մալխասյան։
Ջոջո Մոյեսի «Աստղեր նվիրողը» հինգերորդ տեղում է։ Անգլիայի իր միապաղաղ կյանքից խուսափելու համար երիտասարդ ու բարետես Բենեթ Վան Քլիվի հետ մեծ ակնկալիքներով ամուսնացած Էլիսին Քենթաքիի փոքրիկ Բեյլիվիլ քաղաքում հիասթափություն էր սպասվում. ամուսնական կյանքը հեռու էր նրա պատկերացումներից։ Վան Քլիվների տան ձանձրույթից ու ծանր մթնոլորտից Էլիսին փրկելու է գալիս աշխատանքը նոր հիմնված շրջիկ գրադարանում։ Այն Էլիսի համար արդարության, ընկերության և իրական սիրո հաղթանակի ճանապարհ է դառնում։ Թարգմանությունն անգլերենից`Ռուզաննա Սուքիասյանի:
Վեցերորդ հորիզոնականն է զբաղեցնում բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը»: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Թարգմանությունը՝ Աննա Մարությանի:
Յոթերորդ հորիզոնականում է Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը»: Աֆղանստանի լեռները խաղաղ էին մի ժամանակ, և մայրաքաղաք Քաբուլը՝ հարուստ, բարեկեցիկ ու կանչող: Օդապարուկ թռցնելու ամենամյա մրցույթին սպասում էին բոլորը՝ անկախ ծագումից ու դիրքից: Ամիրի համար այդ մրցույթն իր հոր՝ Բաբայի ուշադրությունն ու հարգանքը նվաճելու միակ հնարավորությունն էր, և վերջապես նա հաղթում է իր ընկեր ու սպասավոր Հասանի զոհողության շնորհիվ: Հաղթանակն անդառնալիորեն փոխում է տղաների կյանքը՝ բաժանելով նրանց մինչև այն պահը, երբ Ամիրի համար «կրկին լավը դառնալու հնարավորություն կար»: Թարգմանությունն անգլերենից` Մարիա Սադոյանի:
Ութերորդ տեղում է Ջոջո Մոյեսի «Ես մինչ քեզ» ստեղծագործությունը: Կյանքում լինում են շրջադարձային պահեր, վայրկյաններ, որոնք անկախ մեր կամքից փոխում են այն ամենը, ինչ հետո է լինելու, այն ամեն ինչը, որ մենք կզգանք ու կհասկանանք այդուհետ: Լուիզայի և Ուիլի հանդիպումը գուցե կենցաղային դիպված է, մեկի համար՝ ծանր ֆինանսական պայմաններից դուրս գալու հնարավորություն, մյուսի համար՝ պարտադրված կենսական անհրաժեշտություն, իսկ գուցե պատահականություններ չեն լինում. բոլոր պարագաներում նրանց հանդիպումը գլխիվայր է շրջում երկուսի կյանքն էլ, և ամենամթում երևում է ընտրության հնարավորություն՝ կողքինի կյանքը դարձնելու ավելին, քան նա կարող է պատկերացնել: Թարգմանությունը`Մերի Դալլաքյանի:
Իններորդ տեղում է Խալեդ Հոսեյնիի «Հազար չքնաղ արևներ» գիրքը: 2007 թվականին լույս տեսած այս վեպը անկեղծ ու հուզիչ գիրք է Աֆղանստանի ոչ վաղ անցյալի մասին` այս անգամ կանանց աչքերով: Վեպի հիմնական թեման Աֆղանստանում կանանց իրավունքների ոտնահարումն է, նրանց հանդեպ բռնությունն ու դաժանությունը: Զրուցելով Քաբուլի բազմաթիվ կանանց հետ և լսելով նրանց հոգեկեղեք պատմությունները՝ Հոսեյնին գրել է «Հազար չքնաղ արևները» և նվիրել այն Աֆղանստանի կանանց: Վեպը օգնում է ավելի լավ հասկանալու Աֆղանստանի դժնդակ պատմությունը, մշակույթն ու ժառանգությունը, իսկ անմարդկային պայմաններում ապրող ժողովրդի հերոսությունը կարող է միայն հիացմունք առաջացնել: Թարգմանությունն անգլերենից` Մարիա Սադոյանի:
Ագաթա Քրիստիի «Էնդհաուզի առեղծվածը» տասներորդ տեղում է։ 1932 թվականին լույս տեսած «Էնդհաուզի առեղծվածը» վեպը Ագաթա Քրիստիի ամենահայտնի ստեղծագործություններից է։ Սա հեղինակի՝ թվով յոթերորդ գործն է, որի գլխավոր հերոսը Էրքյուլ Պուարոն է։ Սյուժետային զարգացումներն ընթանում են կտրուկ և անսպասելի, ինչը հատուկ է դետեկտիվի թագուհու բոլոր վեպերին։ Եվ միայն խորագետ ու փորձառու խուզարկուին է հաջողվում աստիճանաբար առանձնացնել անհավատալի թնջուկի բոլոր թելերը։ Թարգմանությունը՝ Շուշաննա Վասիլյանի։