Ի՞նչ է կատարվում բնակարանային շուկայում

Ակտիվությունը բնակարանային շուկայում այս տարի, թվում է, թե վերականգնվել է։ Կադաստրի կոմիտեն գործարքների բարձր աճ է գրանցել նախորդ տարվա համեմատ։

Պաշտոնական տվյալներով, թե՛ հանրապետությունում, և թե՛ մայրաքաղաքում բնակարանների առք ու վաճառքն ավելացել է՝ ինչպես հունվարին, այնպես էլ՝ փետրվարին։ Ընդ որում, բավական առաջանցիկ տեմպերով. հունվարի բնակարանային գործարքներն աճել են ավելի քան՝ 79, փետրվարին՝ գրեթե 14 տոկոսով։

Ընդհանուր առմամբ հունվար-փետրվարին Հայաստանի անշարժ գույքի շուկայում կնքվել է 2333 բնակարանային գործարք, ինչը նախորդ տարվանից ավելի է 614-ով։

Տարեսկզբի առաջին 2 ամիսներին գրեթե 36 տոկոսով շատ բնակարան է վաճառվել, քան անցած տարի։

Տպավորություն է, որ շուկան գտնվում է ակտիվության շատ բարձր կետում։ Բայց դա խաբուսիկ է։ Իրականում այդ աճը կապված է բացառապես անցած տարվա ցածր ակտիվության հետ։

Անցած տարվա սկզբին բնակարանային շուկան դեռևս ուշքի չէր եկել համավարակի ու պատերազմի հետևանքով ստացած հարվածներից։ Դա ակնհայտ էր հատկապես հունվարի ցուցանիշներում։ Այդ ամսին Հայաստանում կնքվել էր բնակարանների առք ու վաճառքի ընդամենը 586 գործարք, որը վերջին առնվազն 10 տարվա ամենացածր ցուցանիշն էր։

Անցած տարվա ցածր հաշվարկային բազայի վրա էլ այս տարվա սկզբին բնակարանային շուկայում գործարքների նման բարձր աճեր են արձանագրել։ Ընդ որում, ինչպես ամբողջ հանրապետության, այնպես էլ՝ Երևանի մակարդակով։

Նախորդ տարվա համեմատ՝ մայրաքաղաքի բնակարանային շուկայում 280-ով ավելի գործարքներ են կատարվել։ Աճն անցնում է 36 տոկոսից։

Բայց սա ևս բացառապես անցած տարվա ցածր ակտիվության արդյունք է։

Բնակարանային շուկան, չնայած արձանագրվող աշխուժությանն և արտաքուստ թվացող բարձր ակտիվությանը, դեռևս չի հասել նախաճգնաժամային մակարդակին։ Խոսքը՝ ինչպես 2020թ. սկզբի, երբ դեռևս չկար համավարակի ու պատերազմի ազդեցությունը, այնպես էլ՝ 2019թ. մասին է։

2019թ. հունվար-փետրվարին Երևանում ավելի շատ բնակարան էր վաճառվել, քան այս տարվա նույն ամիսներին։ Հիշեցնենք, որ խոսքը 3 տարի առաջվա մասին է։

Այնպես որ, անկախ նրանից, թե նախորդ տարվա համեմատ՝ գործարքների ինչպիսի աճեր են գրանցվել, շուկան դեռևս չի վերականգնվել։ Անշարժ գույքի շուկայի ճգնաժամից առաջ կամ 2020թ. առաջին երկու ամիսներին Հայաստանում վաճառվել էր ընդհանուր առմամբ 2 հազար 433 բնակարան։ Այս տարի վաճառվել է 2 հազար 333 բնակարան։ Հարյուրով պակաս, քան 2 տարի առաջ։

Գործարքները, 2020թ. համեմատ, առավել մեծ չափով են կրճատվել՝ հատկապես Երևանում, որքան էլ տպավորություն է, որ վերջին շրջանում Երևանի բնակարանային շուկան շատ ակտիվ է, բոլոր փորձում են բնակարան ձեռք բերել, քանի դեռ շարունակում է գործել եկամտային հարկի հետվերադարձի հնարավորությունը։ Բայց, ինչպես տեսնում ենք, այնքան էլ այդպես չէ։ Այս տարվա սկզբին Երևանում ավելի քիչ բնակարանային գործարք է կնքվել, քան կնքվել էր 2, նույնիսկ 3 տարի առաջ։

Կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին 2 ամիսներին մայրաքաղաքում իրականացվել է բնակարանի 1366 գործարք։ Մինչդեռ՝ 2020թ. այդպիսի գործարքները 1590-ն էին։ Այսինքն՝ 224-ով ավելի շատ։

Այս տարվա սկզբին Երևանում ավելի քիչ բնակարան է գնվել և վաճառվել՝ նաև 2019թ. համեմատ։

Տարբերությունն այս դեպքում շատ մեծ չէ, բայց կա։ Այն հասնում է 36-ի։

Երբ այս ցուցանիշները դնում ենք իրար կողքի, ստացվում է, որ բնակարանային շուկան դեռևս չի հասցրել հետ գալ անգամ ակտիվության նախկին մակարդակին։ Այս տարվա առաջին 2 ամիսներին, 2020թ. համեմատ, Հայաստանում բնակարանների վաճառքը նվազել է ավելի քան 4,1 տոկոսով։ Երևանում նվազումը հասնում է ընդհուպ 14 տոկոսի։

Հիմա տեսնենք, թե այս ընթացքում ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել բնակարանային շուկայում օտարերկրյա քաղաքացիների վարքագծի մեջ։

Եթե հիշում եք, ժամանակին հիմնական հույսերը հենց դրսից ներկայացվող պահանջարկի հետ էին կապվում։ Բայց այդ հույսերն էլ մնացին կես ճանապարհին։

Դրսից ներկայացվող պահանջարկը նվազել է, ինչն արտահայտվում է անշարժ գույքի շուկայում օտարերկրացիների մասնակցության կրճատման տեսքով։

Այս տարվա առաջին 2 ամիսներին օտարերկրացիները Հայաստանում ավելի քիչ գործարքներ են կատարել, քան անցած 3 տարիներին։

Հետպատերազմյան շրջանում էապես նվազել է օտարերկրյա քաղաքացիների հետաքրքրությունը՝ Հայաստանում բնակարան ձեռք բերելու նկատմամբ։ Այս տարվա հունվար-փետրվարին այլ երկրի քաղաքացիները Հայաստանում գնել են ընդամենը 134 բնակարան։ Մինչդեռ 2020թ. գնել էին 253 բնակարան։ Գրեթե կրկնակի ավելի շատ, քան այս տարի։ Օտարերկրացիներն ավելի շատ բնակարան էին գնել նաև 2019թ.։ Այդ ժամանակ գնվել էր՝ 158, այս տարի գնվել է 134 բնակարան։

Շարունակում է ավելի ակտիվ լինել վաճառքը։ Տարեսկզբի 2 ամիսներին գնված 134 բնակարանի դիմաց այլ երկրների քաղաքացիները Հայաստանում վաճառել են իրենց պատկանող 287 բնակարան՝ կրկնակի ավելի շատ, քան գնել են։

Թե ի՞նչ փոփոխություն է կատարվել օտարերկրացիների վարքագծում վերջին 2 տարիներին, կարելի է պատկերացնել՝ դիտարկելով 2020թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշները. 2020թ. հունվար-փետրվարին այլ երկրների քաղաքացիները Հայաստանում գնել էին՝ 253, և վաճառել՝ 297 բնակարան։ Այն, ինչ առկա է անշարժ գույքի շուկայում վերջին 2 տարիներին, գալիս է առաջին հերթին անվտանգային, տնտեսական ու սոցիալական միջավայրից, որի մեջ հայտնվել է Հայաստանը ղարաբաղյան պատերազմից հետո։ Այս պատկերը առաջիկայում, անշուշտ, կարող է որոշակի փոփոխություն կրել՝ կապված ռուս-ուկրաինական հակամարտության հետ։ Չի բացառվում, որ ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Ուկրաինայից Հայաստան տեղափոխված մեր որոշ հայրենակիցներ փորձեն նաև բնակարան ձեռք բերել։ Բայց այդ մասին հնարավոր կլինի խոսել ավելի ուշ։ Մեկ ամսում էական շարժեր դեռ չեն նկատվում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս