Ադրբեջանը Սյունիքը կտրող ճանապարհ է անցկացրել Սյունիքի Ծավ գյուղով. Ռոբերտ Հայրապետյան

Ապրիլի 14-ի երեկոյան Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ գումարեց ու տարածեց հայտարարություն՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին՝ չհանձնե՛լ Արցախն Ադրբեջանին, չհամաձայնե՛լ Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման հետ և հրաժարվե՛լ իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից։

«Ոչ մի իշխանություն իրավունք չունի խաղաղության պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու»,- ասված էր Արցախի ԱԺ-ի տարածած հայտարարության մեջ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Արցախի շուրջ սեղմվող օղակի մասին, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը Արցախի ԱԺ-ի ընդունած հայտարարությունը պայմանավորեց Նիկոլ Փաշինյանի վարած հակաարցախյան և հակահայկական քաղաքականության դրսևորմամբ, ինչը, ի թիվս այլ խնդիրների, նաև միջազգային հարթակներում է հայկական շահը պաշտպանելու հարցում հետագայում առաջացնելու խնդիրներ։

«Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե միջազգային հանրությունն իրենց հորդորում է իջեցնել Արցախի կարգավիճակի վերաբերյալ սահմանված նշաձողը, բայց չասաց, թե այդ ո՞ր միջազգային հանրությունն է նման պահանջ ներկայացրել, կամ ներկայացրե՞լ է, թե՞ ոչ, ուստի, եթե չի ասում և փաստում, դա նշանակում է՝ տարածքային զիջումների և միջազգային հանրությանը գոհացնելու արդյունքում ընդամենը ներքին լսարանի համար միֆեր է ստեղծում նման հայտարարություններով»,- ասաց Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանը փորձում է միջազգային հանրության կարծիքի անվան տակ արդարացնել իր ստորաքարշ գործողությունները, որոնց արդյունքում վտանգված է՝ ինչպես Արցախից մնացած 25 տոկոսը հայկական աշխարհը, այնպես էլ՝ Սյունիքի 100 տոկոսը։

«Արցախի 25 տոկոսն այսօր գտվում է նույնչափ վտանգի տակ, որչափ վտանգի տակ գտնվում է Սյունիքի 100 տոկոսը։ Մենք հիմա առաջնային խոսում ենք Արցախի առաջ ծառացած կենսական սպառնալիքների մասին, բայց չենք նկատում, որ Սյունիքի Ծավ գյուղով Ադրբեջանը Սյունիքը կտրող ճանապարհ է անցկացրել»,- ասաց Հայրապետյանը։

Իրավաբանն անդրադարձավ նաև Հայաստանում առկա մարդու իրավունքների և դրանց պաշտպանության հարցերին, նա մասնավորապես ընդգծեց նորանշանակ Մարդու իրավունքների պաշտպանի պահվածքը, ըստ մեր զրուցակցի, փոխանակ նույն միջազգային կառույցներին ահազանգի հենց Սյունիքի Ծավ գյուղին վերաբերող հարցով, ձեռագործ տիկնիկներով լուսանկարներ է հրապարակում ՄԻՊ պաշտոնական էջում և այդ նույն միջազգային հանրությանը ազդակ հղում, թե իբր ամեն ինչ լավ է։

«Բարեբախտաբար, ՄԻՊ նախկին պաշտպան Արման Թաթոյանը շարունակում է հրապարակել Հայաստանում ադրբեջանցիների կողմից օկուպացված տարածքների քարտեզները»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս