Նոր ճգնաժամի շեմին. 2022թ. Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաների հնարավոր ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա
«Լույս» հիմնադրամի կողմից ներկայացվող նոր հետազոտության նպատակն է գնահատել ՌԴ տնտեսության նկատմամբ կիրառվող՝ ներկայիս նոր տնտեսական սանկցիաների ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա։
Այդ նպատակով աշխատանքում ուսումնասիրվել են 2014 թվականից մեկնարկած սանկցիաների ազդեցությունները ՌԴ տնտեսության վրա և դրանց փոխանցումը ՀՀ տնտեսություն, ինչպես նաև էկոնոմետրիկ գործիքակազմով գնահատվել են դրանց հետևանքով ՌԴ և ՀՀ տնտեսությունների պատմական կորուստները։ Բացահայտվել են նաև 2014-ից հետո ՀՀ տնտեսության «դիմադրողականության» և ՌԴ տնտեսությունից կախվածության փոփոխությունները։
Վերոհիշյալ ուսումնասիրությունների հենքի վրա, կիրառելով էկոնոմետրիկ բազմագործոն գործիքներ (մասնավորապես՝ Structural Vector Autoregression/SVAR/ model) և ընդհանուր հավասարակշռության մոդել (Global Integrated Monetary and Fiscal/GIMF/ DSGE model), մշակվել են 2022թ. փետրվարից մեկնարկած նոր սանկցիաների՝ ՀՀ տնտեսության վրա ազդեցության երեք սցենարներ` «հիմնական» (2022թ.` ՌԴ տնտեսության 11% անկում), «լավատեսական» (2022թ.՝ 7% անկում) և «վատատեսական» (2022թ.՝ 15% անկում)։
Սցենարների արդյունքներով 2022թ. ՀՀ տնտեսական աճը կարող է գտնվել 1.3% աճից 3.0% անկման միջակայքում, իսկ միջնաժամկետում ՌԴ տնտեսության շոկի արդյունքում ՀՀ տնտեսությունը կկորցնի իր տնտեսական ներուժի մի մասը. 2026թ. իրական ՀՆԱ-ի կորուստը մինչշոկային կանխատեսումների նկատմամբ կկազմի 5-12%։
Հաշվի առնելով առկա զարգացումների շուրջ մեծ անորոշությունը, աշխատանքում բացահայտվել են նաև դրական և բացասական հնարավոր ռիսկերը, ինչպես նաև ՀՀ համար բացվող հնարավորությունները։
Հետազոտությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ․