Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հրաժարվեց որևէ հարցի պատասխանելուց. Կարգապահական վարույթը սկսվեց ու ավարտվեց 25 րոպեում
Օրեր առաջ 168.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ արդարադատության նախարարը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ)՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։
Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը նախարարը հարուցել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի հաղորդման հիման վրա։
Գրել էինք, որ Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքը ՀՀ Քրեական օրենսգրքի 34-117 հոդվածի 2-րդ մասով մեղադրվող ամբաստանյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չկիրառելն է: Խոսքը գողության փորձ հանցակազմի մասին է:
Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը դատավարական խախտում է դիտարկել Արտուշ Գաբրիելյանի այս որոշումը, քանի որ, ըստ նրա՝ վերջինս ղեկավարվել է 34-177 հոդվածի նախկին խմբագրությամբ և հաշվի չի առել փոփոխությունը:
Ապրիլի 7-ին ԲԴԽ-ում տեղի ունեցավ այդ վարույթի առաջին նիստը, որը, ինչպես պարզվեց, նաև վերջինն էր: Հաջորդ նիստին կհրապարակվի որոշում:
Արտուշ Գաբրիելյանը միայնակ էր ներկայացել կարգապահական վարույթի քննությանը, առանց ներկայացուցչի: ԲԴԽ-ն վարույթին մասնակցում էր ողջ կազմով: Արդարադատության նախարարության ներկայացուցիչների կազմն անփոփոխ էր՝ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյան, ով առհասարակ հազվադեպ է բովանդակային քննարման մեջ մտնում վարույթների ժամանակ, Գագիկ Հարությունյան, Հայկ Սանոյան:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը մարտի 29-ին ԲԴԽ միջնորդություն էր ներկայացրել՝ իրեն վերաբերող կարգապահական վարույթի նիստն անցկացնել դռնփակ կարգով: Արտուշ Գաբրիելյանը պնդեց իր միջնորդությունը: Արդարադատության նախարարության կարծիքով՝ նրա միջնորդությունն անհիմն էր: ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ և վերադառնալով՝ որոշեց մերժել միջնորդությունը:
Հաջորդիվ Արդարադատության ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանը ներկայացրեց միջնորդությունը: 168.am-ի տեղեկությունը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հիմքերի մասով հաստատվեց:
Արտուշ Գաբրիելյանը միջնորդության վերաբերյալ հարցեր չուներ: Հարց ուներ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը: Վերջինս Գագիկ Հարությունյանին խնդրեց հստակեցնել՝ այսինքն՝ դատավորը գիտեր, որ այդ նորմը չպիտի կիրառի, ու կիրառե՞լ է: Արդարադատության նախարարության ներկայացուցիչը պատասխանեց՝ այո:
ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանին հետաքրքիր էր՝ բացառո՞ւմ է արդյոք Գագիկ Հարությունյանը, որ դատավորի կողմից արձանագրված արարքը ոչ թե դիտավորության, այլ անուշադրության արդյունք է: Նախարարության ներկայացուցիչը չբացառեց այդ հանգամանքը, ասաց՝ վարույթի ընթացքում կպարզեն, և եթե դա այդպես լինի, նշանակություն կունենա իրենց ու ԲԴԽ-ի դիրքորոշման համար:
Գրիգոր Բեքմեզյանին էլ հետաքրքրում էր՝ միջնորդությունը ներկայացնողի կարծիքով՝ արդյո՞ք Արտուշ Գաբրիելյանի որոշումն այլ կլիներ, եթե վերջինս դիտարկեր Քրեական օրենսգրքի այդ հոդվածի ոչ թե նախկին, այլ նոր, խմբագրված տարբերակը: Գագիկ Հարությունյանն ասաց՝ որոշման վրա ազդել է նոր խմբագրությամբ օրենքը չկիրառելը:
Արտուշ Գաբրիելյանը հանդես եկավ պատասխան խոսքով: Վերջինս նախ նշեց՝ վարույթի վերաբերյալ միջնորդության մասին տեղեկանալուն պես պատասխան է պատրաստել և ուղարկել արդարադատության նախարարին և ԲԴԽ-ին:
«Հետևաբար՝ այս պահին ես ավելացնելու բան չունեմ, միջնորդության վերաբերյալ որևէ դիրքորոշում էլ չեմ ցանկանում հայտնել և, ընդհանրապես, օգտվելով իմ իրավունքից, հրաժարվում եմ ընդհանրապես բոլոր հարցերին պատասխանելուց»,- ասաց Արտուշ Գաբրիելյանը:
ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հարցին՝ որոշումը նաև ԲԴԽ անդամների հարցերի՞ն է վերաբերում, դատավորը տվեց դրական պատասխան՝ բոլորի հարցերին:
Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի ապրիլի 18-ին՝ ժամը 15:00-ին: