Ինչո՞ւ է կարգապահական վարույթ հարուցվել Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ

ՀՀ արդարադատության նախարարը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ)՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը նախարարը հարուցել է՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի հաղորդման հիման վրա։

ԲԴԽ-ից հայտնում են, որ ապրիլի 7-ին՝ ժամը 15:00-ին, նշանակված է միջնորդության քննության վերաբերյալ առաջին նիստը։

168.am-ի տեղեկություններով՝ Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքը ՀՀ Քրեական օրենսգրքի 34-117 հոդվածի 2-րդ մասով մեղադրվող ամբաստանյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չկիրառելն է: Խոսքը գողության փորձ հանցակազմի մասին է:

Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը դատավարական խախտում է դիտարկել Արտուշ Գաբրիելյանի այս որոշումը, քանի որ, ըստ նրա՝ վերջինս ղեկավարվել է 34-177 հոդվածի նախկին խմբագրությամբ և հաշվի չի առել փոփոխությունը:

Հենց սա էլ պատճառ է դարձել, որ Գևորգ Բաղդասարյանը դիմի արդարադատության նախարարին, ու Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ հարուցվում է կարգապահական վարույթ:

Հավելենք նաև, որ հետագայում Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բեկանել է Արտուշ Գաբրիելյանի կայացրած դատական ակտը՝ ուղարկելով նոր քննության:

Հիշեցնենք, Արտուշ Գաբրիելյանը հայտնի է մի շարք աղմկահարույց կալանավորումներով: Այս մասին ծավալուն հրապարակմամբ է հանդես եկել antifake.am կայքը:

Վերջինս քննել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի գործը, «Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի գործը, բավարարել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի՝ Միքայել Մինասյանի հոր կալանավորման միջնորդությունը, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի տանը խուզարկություն իրականացնելու միջնորդությունը, գործարար Սամվել Մայրապետյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը, կալանավորել է Հրայր Թովմասյանի սանիկին՝ ՀՀ Արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանին, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին:

Արտուշ Գաբրիելյանն է կալանավորել նաև դատավոր Աննա Դանիբեկյանի հաղորդման հիման վրա քրեական հետապնդման ենթարկված ընդդիմադիր ակտիվիստներ Նարեկ Մութաֆյանին և Սարգիս Օհանջանյանին:

Նրա վարույթում է նաև հանրահայտ «իկրայի գործը», որով անցնում է Նարեկ Սամսոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս