Փաշինյանը խաղաղության անվան տակ երկիրը տանում է նոր կապիտուլյացիայի, և այն կանխելու միակ տարբերակը նրան հեռացնելն է․ Իշխան Սաղաթելյան

Մենք ակնկալիք չունեինք, որ մեկ հանրահավաքով ընդդիմության պահանջները կդառնան իշխանության գործունեության հիմնական սկզբունքները, բայց մեզ համար շատ կարևոր էր ևս մեկ անգամ և վերջնականապես քաղաքական ուժերի և հասարակության կողմից այդ սկզբունքներն ու պահանջները ձևակերպելը։ Անշուշտ, բրյուսելյան, ինչպես և դրան նախորդած բոլոր հանդիպումներին հայկական շահը ներկայացված չէր, իշխանությունը որդեգրել է պարտվողական ուղին, գնում է «զիջել ամեն ինչ՝ հանուն խաղաղության» սկզբունքով։ Հանրահավաքը կարևոր էր՝ արձանագրելու, որ օրվա իշխանությունը երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չունի ժողովրդի կողմից։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները սկսելուց առաջ պետք է լինի դրան համապատասխան մթնոլորտ, առնվազն երկու կարևոր քայլ պետք է իրականացվի՝ վերադարձվեն մեր ռազմագերիները, և Ադրբեջանի ԶՈՒ-ն դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքներից։ Փաշինյանն ասում է՝ վերջին ընտրություններին ինքն առաջարկել է խաղաղության օրակարգ, ստացել է վստահության քվե, հետևաբար՝ բանակցելու է այն, ինչ ուզում է։ Բայց նա չի ասել ժողովրդին, որ այդ խաղաղության գինը հայրենազրկումն է։ Եվ ընդդիմության ու հասարակության խնդիրը երկրի նոր կապիտուլյացիան կանխելն է։ Դրա համար այլ տարբերակ չկա, քան այս իշխանություններին հեռացնելը։ Եթե այսքանից հետո նրանք ձգտում են խաղաղության անվան տակ, ժողովրդին ևս մեկ անգամ պատերազմով վախեցնելով, երկիրը տանել հերթական կապիտուլյացիայի, դրա դեմը պետք է առնել»,- ասաց քաղաքական գործիչը։

«Մեր հանրահավաքները, նախաձեռնությունները, բողոքի ակցիաները կարևոր են նաև միջազգային հանրության համար։ Մեր բարեկամ և ոչ բարեկամ, նաև թշնամի պետությունները պետք է հասկանան, որ օրվա իշխանությունը չի ներկայացնում մեր ժողովրդի կամքը։ Փաշինյանը հանրությանը հերթական անգամ մոլորեցրել է, հանրությանն ասել է, թե իրենց կբերի խաղաղություն և բարեկեցություն, նրանց որդիները չեն ծառայի։ Շատերը խաբվել և քվեարկել են իշխանության օգտին։ Սակայն մեր խնդիրը բացատրելն է, որ նա մեր երկիրը տանում է ոչ թե խաղաղության, այլ նոր պատերազմի և նոր կորուստների։ Եթե օրվա իշխանությունն ուզում է, որ երկրում խաղաղություն լինի, պետք է րոպե առաջ հեռանա, քանի որ պարտության խորհրդանիշ է և չի կարող խաղաղություն ու կայունություն բերել»,- նշեց Սաղաթելյանը։

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ այսօր մենք պետականության կորստի վտանգի առջև ենք, և եթե այս իշխանությունը չի կարողանում ապահովել մեր անվտանգությունը, պետք է հեռանա, դրա այլընտրանքն իրավիճակին համակերպվելն ու առանց պետության ժողովուրդների շարքին դասվելն է. «Պայքարը պետք է կազմակերպենք արդյունավետ, ձախողելու իրավունք չունենք։ Չհաջողելը ևս պատասխանատվություն է ենթադրում, պետք է կարողանանք մեզ պես մտածող մարդկանց, բոլոր նրանց, ում համար թանկ է հայրենիքը, ովքեր պատրաստ են դիմադրություն կազմակերպել վարվող քաղաքականության դեմ, բերել փողոցային պայքարի։ Այս իշխանությանը հեռացնելու համար պետք է համաժողովրդական ընդվզում։ Փաշինյանն ասում էր, թե ժողովրդի թիկունքում ոչինչ չի անելու, բայց ակնհայտ է, որ նա Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցում է նոր փաստաթղթերի շուրջ, դա անում է ժողովրդի թիկունքում։ Նա պետք է ժողովրդին ասի՝ ո՞րն է խաղաղության գինը, և ամենակարևորը՝ արդյո՞ք դա խաղաղություն է։ Պատերազմից հետո պետական մակարդակով ընդգծված հոգեբանական տեռոր է իրականացվում, թե իբր ամեն ինչ ավարտված է, մենք թույլ ենք։ Այս իրավիճակում մարդկանց խաբում են խաղաղության կեղծ և ցնորամիտ գաղափարով, բայց դա խաղաղություն չէ»:

«Իշխանափոխության հարցը մեր օրակարգից դուրս չի եկել։ Առաջին հանրահավաքով մեր մեկնարկն ի պաշտպանություն Արցախի և Հայաստանի էր։ Ընդդիմության հասցեին բոլոր բողոքներին ծանոթ ենք, օրական հարյուրավոր զանգեր ու նամակներ ենք ստանում։ Ունենք ծայրահեղ վճռական մի հատված, որը մեկ տարի շարունակ մեր կողքին է, ունի արդարացի զայրույթ և կոշտ գործողությունների դիմելու պահանջ ու վճռականություն, և նրանք մեզ համար արժեք են, քանի որ խորությամբ հասկանում են՝ ինչ է կատարվում։ Մեր խնդիրը ոչ թե մարդկանց պահի պահանջը բավարարելն է, այլ պատասխանատու քաղաքական ուժերի կողմից այս պայքարը կազմակերպելն ու այն ավարտին հասցնելը։ Խնդիրն այն է, որ այս իշխանությունն իր պաշտպանության վրա ավելի մեծ ջանքեր է դնում, քան երկրի պաշտպանության վրա։ Մենք էլ մեր սխալներն ու պատասխանատվության բաժինն ունենք, որ այս իշխանությունը դեռևս գոյություն ունի»,- ամփոփեց Իշխան Սաղաթելյանը:

Տեսանյութեր

Լրահոս