Թեմայի հետագա քննարկումն ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում. Փաշինյան
«Տեղյակ եք, որ երեկ մինչև ուշ երեկո Բրյուսելում ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունեցել իմ և Ադրբեջանի նախագահի հանդիպումը»,- ապրիլյոթյան շնորհավորանքից հետո կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Գործադիրի ղեկավարը տեղեկացրեց նաև հանդիպման արդեն հայտնի շեշտադրումների մասին:
«Երկու երկրների ԱԳ նախարարներին հանձնարարվել է սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները և այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ և շփումներ: Ինչ է սա նշանակում. սա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացրած սկզբունքները և հարցերը պետք է ի մի բերվեն և բանակցությունների արդյունքներով հասցեագրվեն»:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ կառավարության նախորդ նիստում թեմայի առնչությամբ բարձրաձայնել է նկատառումներ, այն է՝ Ադրբեջանի առաջարկներում անընդունելի ոչինչ չկա, սակայն դրանք չեն ամբողջացնում խաղաղության օրակարգի հարցերը:
«Մեզ համար սկզբունքային նշանակություն ունի ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև՝ ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը:
Այս հարցերն ընդգրկված են խաղաղության օրակարգի վերաբերյալ մեր պատասխաններում և պիտի դառնան բանակցությունների առարկա:
Իհարկե, ինչպես նախկինում, մենք այս գործընթացում էական ենք համարում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներգրավվածությունը և պետք է շարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- հավելեց նա:
Անդրադառնալով Փառուխում ադրբեջանական վերջին ագրեսիային՝ գործադիրի ղեկավարը տեղեկացրեց, որ այս մասին ևս քննարկում է եղել, որ, սակայն, չի հանգեցրել իրավիճակի միասնական գնահատականի:
«Նաև պիտի ասեմ, որ կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումն ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքը, այնուամենայնիվ, ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, և այս հարցն ավելի շատ պետք է քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչը մենք անում ենք և կանենք:
Այս թեմայով մեր դիրքորոշումը հրապարակել եմ. ըստ այդմ՝ մենք ակնկալում ենք, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար»,- պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում