Ալեն Սիմոնյանին սպասարկող 90 միլիոն դրամ արժողությամբ BMW 750Li-ին կկցվեն 54 միլիոն դրամ արժողությամբ 3 Toyota RAV 4 ամենագնացներ

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում, ի թիվս չզեկուցվող այլ հարցերի, տեղ է գտել խիստ կարևոր «առաջնահերթություն»՝ ԱԺ նախագահի ծառայողական նոր մեքենան ուղեկցելու համար 3 նոր ամենագնացների գնումը:

««Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից գնման գործընթաց կազմակերպելու մասին»՝ երկարաշունչ վերտառությամբ և առաջին հայացքից խրթին ձևակերպմամբ նախագծի տակ բավականաչափ պարզ հիմնավորում է.

«ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ՀՀ ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժը: ՀՀ ԱԺ ավտոտնտեսությունում առկա տրանսպորտային միջոցները չեն կարող շահագործվել ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցման համար:

Հարցի կարգավորման նպատակով ՀՀ ԱԺ աշխատակազմը նշված տրանսպորտային միջոցների համալրման նպատակով իրականացրել է հայաստանյան ավտոշուկայի ուսումնասիրություն, որի արդյունքում նպատակահարմար է գտել ձեռք բերել Toyota ֆիրմայի RAV 4 մոդելի 3 (երեք) ամենագնաց ավտոմեքենաներ»:

Այսպիսով, առաջարկվում է այս «վեհ» նպատակին ուղղել ՀՀ Ազգային ժողովին 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխման արդյունքում ժամանակավորապես ազատ ֆինանսական միջոցները:

Իսկ հիմա՝ այս ամենը թվերով. հավելվածում նշվում է՝ ավտոմեքենաների ձեռքբերման համար կհատկացվի 54 միլիոն դրամ:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 25-ի նիստի օրակարգում ընդգրկված նմանատիպ մի չզեկուցվող հարցով էլ ժողովրդավար իշխանությունները 90 միլիոն դրամ էին հատկացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համար BMW 750Li xDrive LCI դասի մեքենա գնելու նպատակով։

«Ինչի՞ պետք է ներկայանալի դասի լինի, որովհետև ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է, և մենք բազմաթիվ հյուրեր ենք ունենում»,- հենց այս ձևակերպումով ու դեմքի լուրջ արտահայտությամբ էլ Ալեն Սիմոնյանը եթերից մարդկանց համոզում էր, թե ինչո՞ւ իր համար գնված մեքենան պետք է լինի 90 միլիոն դրամ արժողությամբ, և, թե ինչ մեծ «ադալժենի է» արել նա՝ հրաժարվելով ավելի թանկարժեք՝ զրահապատ մեքենայի գաղափարից:

Նկատենք նաև, որ սրանով պարզ դարձավ, որ խորհրդարանական հանրապետության խորհրդարանի խոսնակը տեղյակ չէ, թե ինչ ասել է՝ «ներկայացուցչական մարմին». խորհրդարանը հանդիսանում է ներկայացուցչական մարմին, որովհետև ողջ բնակչությունը և երկրի շրջանները ներկայացված են իրենց կողմից ընտրված ներկայացուցիչներով:

Տեսանյութեր

Լրահոս