Մայրությունը թե՛ բերկրանք ու շնորհ է, թե՛ առաքելություն
Մայրությունը բարձրագույն գաղափար ու կոչում է եղել բոլոր ժամանակներում։ Հենց մայրությամբ է կինը մասնակից դառնում աստվածային արարչագործությանը։ Ասում են՝ նոր կյանք ծնունդ տալով, արարելով՝ կինը նմանվում է Աստծուն։
Սուրբ Աստվածածնի ավետումը, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է ամեն տարի ապրիլի 7-ին, Տիրամորը նվիրված ութ տոներից մեկն է։ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:
Մայրությունն աստվածային պարգև է, և մեկն է կատարյալ մոր օրինակը քրիստոնյաներիս համար։ Խոսքը Տիրամոր՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի մասին է։ «Բազում են կանչվածները, բայց սակավ են ընտրյալները» (Մատթեոս 20:16). Սուրբ Գրքում տեղ գտած այս խոսքի ապացույցը եղավ Տիրամայրը, Ով իր բարեպաշտ կյանքով ու կենցաղով արժանացավ աստվածային օրհնությանը՝ Քրիստոսի մայրը կոչվելուն:
Սուրբ Աստվածածնի ավետման միջոցով Աստված Իր Միածին Որդուն բացահայտեց մարդկանց: Տիրամոր Ավետումը տեղի ունեցավ հրեշտակի միջոցով։ «Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծո կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, ով նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է»» (Ղուկաս 1:26-28)։
Ավետումով տրվեց մարդկության փրկագործման սկիզբը. Միածին Որդին պետք է մարդանար, որպեսզի փրկագործությունը տեղի ունենար: Մարդացմամբ էր, որ Փրկիչը մարդու հետ պիտի կիսեր մարդկային բոլոր ցավերն ու տկարությունները: «Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա»,- ասել է Ընդհանրական եկեղեցու հայրապետ Սուրբ Աթանաս Մեծը։ Հենց այս էր պատճառը, որ Միածին Որդին լույս աշխարհ եկավ այնպես, ինչպես բոլոր մարդիկ:
Սուրբ Մարիամ Աստվածածինն ընտրյալ էր՝ մոր կատարյալ կերպար։ Նա միաժամանակ և՛ վեհ էր, և՛ խոնարհ։ Լինելով ընտրյալ՝ Որդու ծննդյան ավետիսը լսելով՝ Աստվածամայրը հավատարիմ և խոնարհ մնաց Աստծուն՝ ասելով. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղուկաս 1:38): Այդպես Տիրամայրն արժանացավ Քրիստոսին լույս աշխարհ բերելու բերկրանքին։
Մայրությունը թե՛ բերկրանք ու շնորհ է, թե՛ առաքելություն։ Սուրբ Մարիամը հավատարիմ մնաց Տիրոջն իր առաքելության մեջ՝ ճաշակելով թե՛ բերկրանքը, թե՛ տառապանքն ու ցավը։ Մարիամն իրեն վստահված Քիստոսի մայրը լինելու շնորհը տարավ հավատարմությամբ: Նա ուղեկցում էր Որդուն Իր կյանքի բոլոր օրերում՝ չլքելով Նրան։ Տիրամայրը Քրիստոսի հետ էր Նրա ծննդյան, քարոզչության, չարչարանքների, խաչելության ժամանակ: Մոր համար ցավալի և անչափելի էր զավակի տանջանքներին ականատես լինելը, Որդու կորստյան ցավը, սակայն Աստվածամայրը գիտակցում էր Քրիստոսի առաքելությունը և խոնարհությամբ էր տանում այն, ինչ Աստված նախատեսել էր թե՛ իր, թե՛ իր Զավակի համար:
Եվ քանի որ Սուրբ Աստվածամայրը մեզ համար նաև բարեխոս է, խնդրենք, որ իր բարեխոսությամբ աստվածային օրհնությունը հարատև լինի հայ ընտանիքներում: Թո՛ղ Աստված Իր Ամենակարող Աջի հովանու ներքո պահի բոլոր մայրերին և զավակներին: «Աստվածածի՛ն, Քրիստոսի մայր և Հոր Միածնի ծնող, անեծքները վերացնող և մարդկային ցեղի պարծանք, Հորը հաշտեցնող արարածներիս հետ, կույսերի թագ ու պսակ և համարձակ բարեխոս մեղավորների համար:
Ամեն ինչով մեղավորս ընկնում եմ քո առջև և աղաչում իբրև նույն ինքը` քեզնից մարմնացածը, բարեխոսիր ինձ համար Բանն Աստծու առջև, որին ծնեցիր մարմնով, որին կերակրեցիր` բոլորի և բոլոր կենդանյաց կերակրիչին:
… Աղաչում եմ քեզ, Լույսի՛ մայր, ինձ համար մեղքի թողություն խնդրիր, Նրա առջև դիր աղերս ու աղաչանք` հիշեցնելով Նրա կրած չարչարանքները, որ ինձ համար կրեց Բարերարն ու Մարդասերը: Սուրբ Կույս, հիշեցրո՛ւ այսքան չարչարանքս, որ թերևս ողորմի և ների բազմամեղիս, և ջնջի իմ հանցանքի գիրը, և Իր անմեղ մատով ու Սուրբ Արյունով դրոշմի դեգերածիս անվախճան կյանքի մատյանում, Իր բոլոր սրբերի մոտ, որ նրանց հետ փառավորեմ Ամենասուրբ Երրորդությունը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն» (Հովհաննես վարդապետ Գառնեցի):