
Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանակցությունները խաղաղության հույս են պահպանում. ՉԺՀ-ի ԱԳ նախարար

Չինաստանը կարծում է, որ բոլոր կողմերը պետք է հեռանկարներ բացեն Ուկրաինայի իրադրության շուրջ բանակցությունների համար. քանի դեռ դրանք շարունակվում են, պահպանվում է հրադադարի հնարավորությունը եւ խաղաղության հույսը: Այս մասին ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է Կանադայի իր պաշտոնակից Մելանի Ժոլիի հետ ունեցած հեռախոսազրույցում:
«Չինաստանը բոլոր կողմերին հորդորում Է՝ հանգիստ եւ նպատակահարմար կերպով մտածել, բարենպաստ հնարավորություններ ստեղծել խաղաղության համար եւ հեռանկարներ բացել բանակցությունների համար: Ընթացիկ բանակցությունները բախվում են հանկարծական բարդությունների եւ դժվարությունների, բայց քանի դեռ դրանք շարունակում են, պահպանվում է հրադադարի հնարավորությունը եւ խաղաղության հույսը»,- ասել է Վան Ինը:
Նա հավելել է, որ Չինաստանը կշարունակի կառուցողական դեր խաղալ այդ առումով՝ հիմնվելով օբյեկտիվ եւ արդարացի դիրքորոշման վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: