«Հայ կինը չէր կարող «Էրատո» ջոկատի մասնակից լինել. այս տիկնոջ ներկայանալը հիմա պետք է մեզ զգուշացնի եկող աղետից». Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հայտնվում է այն ժամանակ, երբ նորից պետք է շեղել հասարակությանը:

«Ինքը պատերազմի ժամանակ եկավ այստեղ և հրեշտակային դեմք ընդունելով՝ փորձում էր փրկչի դեր խաղալ, և մենք ունեցանք այն աղետը, ինչ ունեցանք՝ իր «Էրատո» ջոկատով, հայ կնոջ կերպարի խաթարված տեսքով, որովհետև երբևէ չէր կարող հայ կինը «Էրատո» ջոկատի մասնակից լինել ու, առավել ևս, այդպես տղամարդուն մի կողմ հրող և առաջ գնացող: Այսինքն՝ ինքը միշտ իր կերպարով հայտնվում է այն ժամանակ, երբ պետք է շեղել հասարակությանը: Հիմա նորից կարևոր և վտանգավոր փուլում ենք, և այս կնոջը նորից բեմահարթակ են բարձրացրել»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

«Ես կխոսեմ մեր՝ հայերիս անունից, որովհետև չեմ համարում, որ հայի արյուն կա իրենց մեջ: 90-ականներից առ այսօր մեր բոլոր զոհվածների մայրերը հիմնականում սևազգեստ են, ճերմակ մազերով են, ինչի մասին ինքը հեգնանքով էր խոսում: Իմ շրջապատում շատ-շատ են այդպիսի մայրերը: 2020թ. պատերազմից հետո ես վախենում եմ այդ մայրերին հանդիպել, իրենց աչքերին նայել, որովհետև երբ այդպիսի մոր ես հանդիպում, ուզում ես ծնկի գալ, ներողություն խնդրել, պաղատել, որ ինքը քեզ ների, որովհետև մենք ուղղակի չկարողացանք պաշտպանել իրենց զավակներին: Ակամայից դու մեղավոր ես զգում, որ դու ապրում ես, իսկ իր 18-20 տարեկան որդին ուղղակի չկա: Մենք բոլորից շատ ենք ուզում, որ այդ կանայք կարողանան իրականում ապրել, որովհետև իրենք չեն ապրում, որովհետև հայ կինն այդպիսինն է: Յուրաքանչյուր այդպիսի ընտանիքում ամեն ծնվող երեխայի հետ ցնծում ենք յուրաքանչյուրս, որովհետև մտածում ենք, որ միգուցե իրենք կարողանան մխիթարվել»,- ընդգծեց նա:

Պատգամավորն ընդգծեց՝ մեր հասարակության մեջ չկա որևէ մեկը, որը երբևէ կփնովի կամ կքարկոծի այն մորը, որը նորից երեխաներ է ունենում, փորձում է մտնել կյանք կամ նույնիսկ իր մյուս երեխայի ուրախությանը կմասնակցի, կպարի.

«Ամեն մեկն իր ցավը յուրովի է տանում և ոչ ոք չգիտի՝ այդ պարող մայրը գիշերը որ անկյունում է կծկվել և ողբում իր որդու կորուստը: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է անում այդ տիկինը. Քիչ էր, որ իրենք հասարակությանը բաժանել էին սևերի-սպիտակների, նախկինների-ներկաների, և այլն, հիմա էլ ուզում են այս կանանց թիրախ դարձնել և ցույց տալ, որ վայրենիների մի ցեղախումբ են հայերը, ովքեր զոհվածի մորը կարող են քարկոծել: Բնականաբար, սա ևս տեխնոլոգիա է, որն ինքը կիրառում է, և այո՛, ուզում է նաև հենց մեր ներքին լսարանին ցույց տալ, թե մենք ատելություն ունենք զոհվածների մայրերի նկատմամբ:

Ես շատերի խոսելն եմ լսել, նույն զոհվածների մայրերի, որոնք այդ միջոցառմանը չեն գնացել. Որևէ մեկը չի մեղադրում այդ կանանց, եթե կա մեղադրանք, ապա զուտ նրա համար, թե ինչու են այդ տիկնոջ հետ գնացել միջոցառման: Որևէ այլ մեղադրանք ես չեմ լսել: Իսկ այն մնացած բաները, որ այդ տիկինը իբրև թե սոցիալական կայքերից կարդում է, դրանք հենց իրենք են գրում, իրենց գրածներն են: Այդ մանիպուլյացիաներին տրվելը մեր ժողովրդին ուղղակի հարիր չէ, պետք է ուղղակի այս ամենին սթափ վերաբերվել, զգոն լինել, հասկանալ, որ այս տիկնոջ ներկայանալը հիմա պետք է մեզ զգուշացնի եկող աղետից»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս