«Ցավոք, ԼՂ հարցում «առաջընթաց» հնարավոր է միայն նոր ռազմական սրման կամ  Արևմուտքի նախաձեռնություններով․ «ջոկերը», նախկինի նման, Արևմուտքի գրպանում է»․ Տրոֆիմչուկ

«ԱՄՆ-ի ու ԵՄ-ի համար տարածաշրջանում սեփական ազդեցությունն ուժեղացնելու միակ եղանակն այնպիսի մակարդակի էսկալացիայի գեներացումն է, որը վտանգավոր կլինի Անկարա, Բաքու, Մոսկվա եռյակի համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով առաջիկայում սպասվող Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը:

Ռուս վերլուծաբանն արձանագրեց, որ նման ձևաչափով ու ԵՄ ղեկավարության նախաձեռնությամբ հանդիպում անցկացվում է ոչ առաջին անգամ, դա դարձել է որոշակի ծես միայն մեկ նպատակով՝ ցույց տալ Ռուսաստանին, որ այստեղ ոչ միայն Ռուսաստանն է ինչ–որ բաներ լուծում: Սակայն, նրա որակմամբ, քանի դեռ Ֆրանսիայում ու ԵՄ-ում կան այնպիսի ղեկավարներ, ինչպիսին Մակրոնն է, Մոսկվան կարող է հանգիստ լինել:

Վերլուծաբանն ասաց, որ այս ծիսականության ֆոնին և ԵՄ-ի ակնհայտ թուլության պատճառով ղարաբաղյան հարցում բնականորեն ակտիվանում է Թուրքիան, որը ներկայումս ունի Հայաստանի, որը դրված է հենց իր կողքին, նկատմամբ ազդեցության ուժեղ լծակներ:

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Անկարայի տրամադրության տակ Երևանի նկատմամբ ազդեցության ոչ միայն դիվանագիտական, այլև ռազմահոգեբանական ազդեցության գործիքներ կան: ԱՄՆ-ի ու ԵՄ-ի համար տարածաշրջանում սեփական ազդեցությունն ուժեղացնելու միակ եղանակը այնպիսի մակարդակի էսկալացիայի գեներացումն է, որը վտանգավոր կլինի եռյակի համար՝ Անկարա, Բաքու, Մոսկվա: Այլ խոսքով՝ Արևմուտքը լիովին ունակ է Ռուսաստանի «տակ» հավելյալ «ճակատ» ստեղծել, բայց դեռ չի որոշել, թե որ պահին է հարմար դա անել: Հայաստանի համար կարևոր է հասկանալ գլխավորը՝ իրավիճակն այստեղ չի հանգստանա այլևս երբեք: Հանգստանալ չի հաջողվի: Մոսկվան անում է այն ամենը, ինչ կարող է, նա դժվար թե կարողանա ավելին՝ հաշվի առնելով նրա ներգրավվածությունը Ուկրաինայի, ԱՄՆ-ի և այլնի հետ անընդհատ ընդլայնվող խնդրի մեջ։ Եթե ​​չլինեին ռուս խաղաղապահները, Ադրբեջանն արդեն Երևանում կլիներ»,- վստահ է ռուս քաղաքագետը:

Բրյուսելում սպասվող հանդիպումից, ըստ նրա, սենսացիաներ պետք չէ սպասել: «Սրանով ԵՄ-ն, Արևմուտքը պարզապես նշում են, որ ուկրաինական իրադարձությունների ֆոնին Ղարաբաղի մասին մենք չենք մոռացել և չենք պատրաստվում մոռանալ: Սա նաև ազդանշան է՝ ուղղված Մոսկվային: Ցավոք սրտի, այս հարցում ներկայումս «առաջընթաց», եթե կարելի է այդպես ասել, հնարավոր է միայն նոր ռազմական սրման կամ Արևմուտքի նախաձեռնությունների պատճառով, որոնք կվերաբերեն Ղարաբաղի ճանաչմանը, քանի որ այդ «ջոկերը» նախկինի նման Արևմուտքի գրպանում է»,- այս կարծիքին է Գրիգորի Տրոֆիմչուկը:

 

Տեսանյութեր

Լրահոս