Գռզոն ընկել է իր երազած 90-ականների գիրկը.ապշած եմ Խաչատուր Սուքիասյանի անկեղծությամբ. Աննա Մկրտչյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը Երրորդ նախագահի գործով դատական գործում ակնկալում է «նիկոլական ֆարսի» փլուզում։
«Իհարկե, նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմն այս տարիների ընթացքում կարողացել է ապացուցել, որ սա պատվերով կարված գործ է, որը պիտի հեռու պահեր նախագահին պետականության պահպանման գործի մասնակցությունից։ Նախագահը, նաև իր թիմը՝ իր հետ միասին, չի ընկրկել այս ապօրինի քրեական հետապնդումների ճնշման տակ։ Մենք շարունակել ենք ու հիմա էլ ենք շարունակում պայքարը։ Իսկ ակնկալիքը մեկ շատ պարզ բան է՝ ինչպես արդեն ասացի՝ բոլոր ոլորտներում է նիկոլական այդ ֆարսը փլուզվում։ Մեր հասարակությունը հնարավորություն ունեցել է տեսնել, թե ինչպես են կարվում քաղաքական գործերը։ Տեսել են նաև, թե ինչպես են մեկ հոգու ցուցմունք կորզում, առանց որևէ ապացուցողական բազայի, բերում-հասցնում են դատարան ու դատավորներին էլ ասում են, թե՝ «այդ ո՞ր մի դատավորն է, որ իմ ասածը պիտի չանի։ Մենք սրանից պիտի դուրս գանք ու դուրս գանք պետության վերականգնմամբ և ամենակարևորը՝ իրավական բաղադրիչի վերականգնմամբ»,- ՀՀ երրորդ նախագահի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ինչ վերաբերում է իշխանական պատգամավորների, մասնավորապես, Խաչատուր Սուքիասյանի հայտարարությանը, թե պետք է ընդդիմադիրներին կուլակաթափ անել, Աննա Մկրտչյանը նկատեց՝ Գռզոն ընկել է 90-ականների գիրկը, երբ իրեն ամեն ինչ կարելի էր։
«Նա այսօր սպառնաց ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ ասելով, որ՝ եթե փորձեք կպնել մեր աթոռներին, ձեզ բոլորիդ բանտարկելու ենք։ Ես ապշած եմ Խաչատուր Սուքիասյանի այս անկեղծությամբ, ես չէի պատկերացնում, որ ՔՊ-ական ուսապարկերի միջից ամենաանկեղծ մարդն ինքն է դուրս գալու։ Նա բացահայտեց, որ այս վեց տարիների ընթացքում այն բոլոր գործերը, որոնք կարվել են քննչական կոմիտեի կողմից, կարվել են մի բանի համար, որ իրենք աթոռից չզրկվեն»,- շեշտեց Աննա Մկրտչյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում