Թեհրանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հանդիպումը
Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ:
Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Ամիր Հոսեյն Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց զոհվելու կապակցությամբ:
Փաշինյանը նշել է, որ Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հետ շփումներից ունի ջերմ հիշողություններ և շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը Իրանի Իսլամական Հանրապետության համար դժվարին այս ժամանակահատվածում նեցուկ են լավ բարեկամ և հարևան պետությանն ու ժողովրդին։
Սեյեդ Ալի Խամենեին շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին Իրանի համար այս դժվարին ժամանակահատվածում այցելելու և հարգանքի տուրքի միջոցառմանը մասնակցելու համար:
Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Հայաստանը և Իրանը կշարունակեն ջերմ ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը և ընդլայնմանն ուղղված քայլերը` ի նպաստ երկու պետությունների և ժողովուրդների առաջընթացի:
Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին մեկնել է Իրան՝ մասնակցելու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող մյուս պաշտոնյաների հրաժեշտի արարողությանը, որոնք զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով։