44-օրյա պատերազմի պարտության պատճառներից մեկը կադրային բացթողումներն էին. ԳՇ պետ դեռ չեն նշանակել. Սեյրան Օհանյան
Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքով՝ այսօր թշնամուն համարժեք պատասխան տալու համար եղած ռեսուրսը զարգացնելու քայլերը բացակայում են։
«Արագ պետք է որոշել Պաշտպանության բանակի և ՀՀ բանակի զարգացման առաջնահերթությունները՝ հետևողական, ամենօրյա քայլերով, գիշեր-ցերեկ աշխատանքով գնալ դրա ձևավորմանը։ Դա կոչվում է ազգային երաշխիք։ Այսինքն՝ ազգային երաշխիքը մեր անվտանգությունն է, զինված ուժերը, ուժային կառույցները, ինչպես նաև՝ մեր համախմբվածությունը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը։
Ինչ վերաբերում է խնդրին, որ Զինված ուժերն արդեն մեկ ամիս է՝ չունի Գլխավոր շտաբի պետ, Սեյրան Օհանյանը երևույթը բնորոշեց անընդունելի։
«Երբ խոսում ենք բանակի մասին, ինձ համար նաև ցավալի է, ես դրա մասին մեծ մտահոգություններով եմ խոսում, որովհետև իմ հարազատ կառույցն է, և այդ կոլեկտիվի զգալի մասի հետ ես իմ ծառայությունն իրականացրել եմ։ Սակայն կադրային քաղաքականությունը՝ կադրերի նշանակման և ազատման հարցերում, անընդունելի է։ Հիմա պետք է հարց տան՝ ԶՈՒ ղեկավարության մոտ կադրային քաղաքականության համար ի՞նչն է ավելի կարևոր, նոր ավելի պատրաստված մարդուն պաշտոնի նշանակե՞լը, թե՞ պաշտոնից ազատել ու պաշտոնակատար նշանակելը։ Երբ ազատում են պաշտոնից և չեն նշանակում, այլ ավելի պատրաստված մարդկանց, այնպիսի կարևոր պաշտոններում, ինչպիսին ԳՇ պետն է, ինձ համար անընդունելի է։ Կադրային քաղաքականության մեջ զգալի թվով բացթողումներն են եղել նաև 44-օրյա պատերազմում, ինչը պարտության պատճառներից մեկն է»,- շեշտեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը։