Ժողովուրդ, մի՛ լռեք, պետք է ոտքի կանգնենք, միավորվենք հանուն պետության. ոչ թե Նիկոլը, այլ ամբողջ ՔՊ-ն պետք է գնա. զոհված զինծառայողների հարազատներ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Արտակ Միքայելյանի հայրն է՝ Ջիվան Միքայելյանը, և զոհված զինծառայող Ռուբեն Պողոսյանի մորեղբայրը՝ Եղիշե Զաքունցը:
44-օրյա պատերազմի հերոսներին պատերազմի ավարտից 1 տարի 2 ամիս անց՝ նոյեմբերի 2-ին, ադրբեջանական կողմը հայկական կողմին փոխանցեց 11 զինծառայողի աճյուն։ «Ցորի» զորամասի 11 զինվորներին ադրբեջանցիները հուղարկավորել էին իրենց տեղանքից մի քանի կմ հեռավորության վրա:
Նրանք ծառայում էին Պաշտպանության բանակի 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի Դ-20 հրետանային դիվիզիոնում (ՑՈՐ), որը 44-օրյա պատերազմի ընթացքում հայտնվել էր հակառակորդի դիվերսիոն խմբի ներգործության տակ, 21 զինծառայող անհետ կորել էր: 2020թ. հոկտեմբերի 12-ից նրանք անհետ կորած էին:
Հայաստանի իշխանությունները ոչինչ չարեցին նրանց մասունքները գտնելու ուղղությամբ:
- Մի՛ լռեք, բարձրաձայնե՛ք, մենք պետք է պաշտպանենք մեր իրավունքները մեր երկրում:
- Ժողովուրդը պետք է ցանկանա տեր կանգնել երկրին, պիտի դուրս գա փողոց:
- Հասկանում եմ էն մարդկանց, որոնք հուսահատված են, վախենում են, որ պատերազմ կսկսվի, բայց այս իշխանությունները ձեզ վախեցնում են. կոչ ենք անում պաշտպանել մեր երկիրը:
- Իշխանափոխություն է պետք: Ոչ թե Նիկոլը, այլ ամբողջ ՔՊ-ն պետք է գնա: Ժողովուրդ, պետք է ոտքի կանգնենք, միավորվենք հանուն պետության:
- Բարեկամացեք Ադրբեջանի հետ, պարոն Փաշինյան, և Ձեր բարեկամությունը կհասցնի մեզ ստրկության:
- Զինադադարից հետո հակառակորդի տարածքում մոտ 2000 մարմին էր մնացել:
- Զինադադարից հետո Հայաստանի իշխանություններից չեկան Արցախ, մեր տղաների ու հարազատների մարմինների որոնումների աշխատանքներն ամբողջը կազմակերպեց Կարեն Սարգսյանը՝ Արցախի ԱԻՆ-ի, այլ աշխատակիցների ուժերով: Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն արել, ամեն ինչ մնացել է ծնողների ուսերին:
- Եթե մենք չկատարեինք այն, ինչ կառավարությունը պետք է աներ, մեր երեխաների մասունքները չէին գտնվի:
- Իշխանությունները վաղուց տեղեկություն ունեցել են, որ պատերազմ է սկսվելու:
- Մայիսի վերջին արդեն Սիրիայից ռուսական զորքերին պատրաստվում էին Հայաստան բերել:
- Թշնամին 10 կմ առաջ է գալիս, հետո հետ է գնում 5 կմ, անունը դնում է հետ գնալ, հավանաբար նման պայմանավորվածություն են ունեցել մեր իշխանությունների հետ:
- Ես չեմ ուզում կորցնել իմ հպարտությունը, իմ հայրենիքը, մենք պետք է միավորվենք, պետք է քայլեր կատարենք, վաղը չէ մյուս օրն ուշ կլինի, թուրքը գալու ա:
- Ես չեմ ուզում ստրուկ դառնալ, ոնց որ իմ պապիկին թուրքերը որբացրեցին ու դարձրեցին ստրուկ իրենց տանը:
- Մենք ուզում ենք նորմալ ապրել, խաղաղ պայմաններում, բայց այս տեսքով խաղաղություն չենք ուզում:
- Պատերազմի ժամանակ անհնար էր պատկերացնել, որ Շուշին կարող են վերցնել: Հետո, ավելի ուշ հասկացա՝ ինչ է կատարվել, բանակին հրամայել էին նահանջել, բացվել էր Քարին տակ և դեպի Շուշի ճանապարհը, խրամատ, պաշտպանություն չկար, դա մտածված բացթողում էր: Բանակը չէր ղեկավարվում, ՑՈՐԸ մասնատել էին, ստեղծել էին քաոս ու անկառավարելիություն:
- Էդ հանձնաժողո՞վն է որոշելու, թե ով է մեղավոր, Անդրանիկ Քոչարյա՞նը, ՔՊ-ականնե՞րն են որոշելու: Իրենք մեղավոր են ու որոշելու են, թե ո՞վ է մեղավոր:
- Մենք ունենք հաստատված փաստեր այն մասին՝ ում բիզնեսն է զարգանում, ով է լավ ապրում. 4 տարվա ընթացքում, բացի իրենցից ու իրենց շրջապատի հարստանալուց, ուրիշ ոչինչ չենք տեսել: