Ադրբեջանն իրականացնում է ԼՂ-ն առանց հայերի քաղաքականություն. արցախահայությունը կարող է դառնալ ցեղասպանության զոհ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության հերթական նիստում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Հայաստանին ու Արցախին սպառնացող անվտանգային նոր մարտահրավերներին՝ արձանագրեց. «Պաշտոնական Բաքուն հակառակ ուղղությամբ է շարժվում՝ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղ չկա: Նաև այս է պատճառը, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները բավական ագրեսիվ են արձագանքում բոլոր այն դեպքերին, երբ միջազգային հանրությունն օգտագործում է Լեռնային Ղարաբաղ անվանումը:

Այս անվանման օգտագործումը, սակայն, միանշանակ և աներկբա լեգիտիմ է, տրամաբանական, այլոց թվում՝ նաև այն պատճառով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ արձանագրված է՝ Լեռնային Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն եզրույթները: Այդ հայտարարության տակ դրված է նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը:

Եվ, ի դեպ, այն, որ Ադրբեջանը որդեգրել և իրականացնում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն, հիմնավորվում է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կամայական մեկնաբանություններով: Այդպիսին են, օրինակ, Ադրբեջանի շարունակական պնդումները, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով արձանագրվել է Պաշտպանության բանակը Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու պարտավորություն»:

Նա վերահաստատեց՝ նման մեկնաբանությունները կամայական են, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ նշված է, թե որտեղից պետք է դուրս գան հայկական ստորաբաժանումները և որտեղ պետք է մնան:

«Ասեմ նաև, որ հենց Ադրբեջանի նախագահի ավելի վաղ արած հայտարարություններն են վկայում այն մասին, որ Ադրբեջանի առաջ քաշած այս դրույթը մտացածին է:

2021 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած մեր եռակողմ հանդիպմանը նա (Ադրբեջանի նախագահը) ինքը հրապարակային հայտարարել է, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները գործնականում իրագործված են` բացառությամբ կոմունիկացիաների բացման կետի:

(Ընդգծեմ, որ մեր տեսանկյունից ակնհայտորեն մինչև օրս ամբողջությամբ իրականացված չէ նաև ռազմագերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց վերադարձնելու մասին դրույթը, ինչի շուրջ աշխատանքները մենք, իհարկե, շարունակում ենք):

Բայց պիտի արձանագրենք, որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դուրսբերումը նշանակում է Լեռնային Ղարաբաղից հայերի դուրսբերում, և ըստ էության այս պահանջն է, որ Ադրբեջանը ձևակերպում է: Սրանով է նաև հիմնավորվում, Լեռնային Ղարաբաղը հայկական ամեն ինչից, այդ թվում՝ հազարամյա եկեղեցիներից, խաչքարերից, գրառումներից ազատելու Ադրբեջանի քաղաքականությունը: Եվ Փառուխի իրադարձություններն են հիմնավորում, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը պաշտպանվելու կարիք ունի, այլապես կդառնա ցեղասպանության զոհ»,- հավելեց նա:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ նախկինում առաջարկել են լուծումներ, որոնք կնվազեցնեին կամ կբացառեին նման կոնֆլիկտային իրավիճակը և կլուծեին ռազմականացված շփման գծի հարցը՝ ինչպես Փառուխի հետ կապված իրադարձությունները: Իսկ առաջարկի էությանն անդրադառնալով՝ նա արձանագրեց. «Ֆիքսել շփման գիծը Լեռնային Ղարաբաղում, արձանագրել կողմերի պարտավորությունը՝ չհատել այդ շփման գիծը, գծի երկայնքով հանել բոլոր մարտական հենակետերը, ստեղծել դեմիլիտարիզացված գոտի և պայմանավորվածությունների կատարումն ամրացնել կոնկրետ երաշխիքներով: Այս առաջարկությունը չի ընդունվել, բայց երաշխիքների արդիականությունն ակնհայտ է հատկապես հիմա»:

«Պիտի տեղեկացնեմ, որ Փառուխի ճգնաժամը, ըստ էության, ծագել է պայմանավորվածությունների խախտման արդյունքում: Տարածաշրջանում լարվող իրադրությունը թուլացնելու համար ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ Փառուխ-Խրամորթ հատվածից մի շարք դիրքեր հայելային կերպով հանելու վերաբերյալ, և այս պայմանավորվածությունը պիտի երաշխավորեր ՌԴ խաղաղապահ զորախումբը: Հայկական մի քանի դիրքեր ետ են քաշվել, Ռուսաստանի խաղաղապահները տեղակայվել են նշված հատվածում, սակայն նրանց աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի:

Մենք ցավով ենք արձանագրում սա և այն, որ չնայած Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության, ԱՄՆ, Ֆրանսիայի, ՄԱԿ-ի հստակ հայտարարություններին՝ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի այսօրվա դրությամբ շարունակվում է»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս