Սատանա կա քաղաքում

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանի և Արցախի հետ անում է այն, ինչ կամենում է։ Որքան էլ տհաճ, սակայն սա իրականություն է, հայկական իրականություն, որը փոխելու համար նախ անհրաժեշտ է ընդունել այն։ Սա բազմաշերտ, բազմագործոն ու բազմադերակատար իրականություն է, որը հնարավոր է դարձրել գործնականում պետության հանձնումը արկածախնդիրների կամ տգետների մի խմբակի։

Ի թիվս բազմաթիվ այլ գործոնների, այդ իրականությունը գոյացել է նաև այն պատճառով, որ հասարակության անդամների մեծամասնությունը՝ ոմանք ակտիվորեն, որոշները՝ ապատիկ պասիվությամբ, երրորդները՝ հանցավոր անտարբերությամբ, հոգեբանորեն հանձնել են Հայաստանն ու Արցախը նրանց, ովքեր պատրաստ են հանձնել Հայաստանն ու Արցախը՝ ընդհուպ թշնամուն՝ իրենց նեղ քաղաքական նպատակներն իրագործելու համար։ Հայրենիքի ֆիզիկական հանձնումը, որի գործարքային նախապատրաստությամբ հիմա զբաղված է Նիկոլ Փաշինյանը, հնարավոր է դարձել հոգեբանորեն այդ հայրենիքից հրաժարվելու արդյունքում։

Դրա ամենատեսանելի ակտը, իհարկե, տեղի է ունեցել անցած տարվա արտահերթ ընտրությունների ժամանակ, երբ 680 հազար քաղաքացի հրաժարումի իր կնիքը դրոշմել է այս իշխանությանը տրված քվեաթերթիկներում։ Նիկոլ Փաշինյանին ընտրած այդ մարդիկ, ի դեպ, ավելի համարձակ են գտնվել իրենց հավաստմամբ, ի տարբերություն սալոնային բողոքավորների, որոնք վերբալ անհամաձայնություն հայտնելով կատարվողին՝ այդուհանդերձ նույնպես հրաժարվել են հայրենիքից՝ տրվելով դրա փրկությամբ զբաղվելու թրենդային մտավարժանքներին։

Հայրենիքի պաշտպանությունը չի վերաբերում միայն արտաքին թշնամիներից հայրենիքի պաշտպանությանը, որը գործնականում ավելի հեշտ է, քան հայրենիքի պաշտպանությունը բոլոր նրանցից, ովքեր իրենց գործողություններով պակաս չեն վնասում պետությանը, քան պատահում է արտաքին ագրեսիայի դեպքում։ 44-օրյա պատերազմում դիմակայելով բազմապատիկ հզոր ռազմական ուժին, հայ հասարակությունը երևույթի լայն իմաստով չի պարտվել Ադրբեջանին ու Թուրքիային։

Կարդացեք նաև

Որպես հասարակություն՝ շատ ավելի լուրջ պարտություն ենք կրել ներքին անտեսանելի պատերազմում, որի հաղթողը, որպես պարգևատրում, ստացել է հայրենիքից հոգեբանորեն հրաժարվելու հանրության հավաստումը, ինչը նրան թույլ է տալիս պետության հետ վարվելու սեփական հակապետականության հանգույն։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝  տիրապետելով Հայաստանից ու Արցախից հոգեբանորեն հրաժարվելու հանրային «մանդատին», հիմա զբաղված է սեփական հրաժարումներով։

Ի տարբերություն հասարակության, որի հրաժարումը որևէ նպատակ ու առավել ևս՝ արդարացում չունի, նա զբաղված է իր տեսանկյունից միանգամայն հիմնավոր հրաժարումներով։ Նիկոլ Փաշինյանն իրագործում է «հրաժարում՝ հանուն իշխանության» բանաձևը, և նրա համար, մեծ հաշվով, երկրորդական է՝ հրաժարվում է Սյունյաց որևէ լճից կամ ճանապարհի՞ց, թե՞ Արցախում գտնվող որևէ ռազմավարական բլուրից։

Այդ գործարքում կարևորը ոչ թե հրաժարումի գինն է, այլ ստանալիքի արժեքը՝ իշխանությունը։

Հայ Առաքելական եկեղեցին առանցքային դեր է հատկացնում հրաժարման ինստիտուտին՝ որպես սատանայի իշխանությունից հրաժարվելու խորհուրդ։ Առայժմ, սակայն, մենք գերադասում ենք հոգեբանորեն հրաժարվել հայրենիքից՝ հօգուտ սատանայի իշխանության։

Աստված մեզ օգնական։

Տեսանյութեր

Լրահոս