«Թող մահացած Քրիստոսի արձանը դնեն Հայաստանով մեկ. ոտքերը՝ Սյունիքում, գլուխը՝ Լոռիում». Վահե Բեգոյան

«Հայաստանի իշխանություններից պետք է ճշտենք՝ խաղաղություն որտե՞ղ, խաղաղությունը կարող է գերեզմաններում էլ լինել. երեկ չէ առաջին օրը հուղարկավորություն էր Եռաբլուրում՝ նոր սպանված հայ զինվորների: Խաղաղությունը երկու ազգերի միջև երկու կողմից էլ պետք է դրսևորվի, եթե մի կողմը զբաղված է քեզ սպանելով, դու խաղաղություն ես խաղում, առնվազն շիզոֆրենիկ ես»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց դիրիժոր Վահե Բեգոյանը:

«Այդ խաղաղությունն ինչպե՞ս է դրսևորվել, մեր ժողովուրդը որտե՞ղ է տեսել այդ խաղաղությունը, Կասկադո՞ւմ, Երևանի կենտրոնո՞ւմ, որտե՞ղ է այդ խաղաղությունը: Դա անհեթեթություն է»,- նկատեց նա:

Նրա խոսքով՝ Եռաբլուրում շարունակվող թաղումներն են այն իրականությունը, որը կատարվում է ժողովրդի հետ. «Եթե ժողովուրդն ականջներով է ուզում ընկալել աշխարհը, ոչ թե իր մյուս զգայարաններով, ու չի հասկանում, որ իրեն են հուղարկավորում, խաղաղությամբ ճանապարհում են էն աշխարհ, միայն այդ խաղաղության մասին կարող է խոսք լինել»:

Անդրադառնալով այս օրերին ամենից շատ քններկվող հարցերից մեկին՝ Գագիկ Ծառուկյանի՝ Քրիստոսի արձան կառուցելու նախաձեռնությանը, որի վերաբերյալ  Գերագույն հոգևոր խորհուրդն արձանագրել էր, որ եկեղեցին ընդունելի չի համարում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին, Վահե Բեգոյանը ընդգծեց.

«Ես ասել եմ, որ ամենալավ տարբերակը այն կլիներ, որ «Պիետա»-ի Քրիստոսը լիներ՝ մահացած, պառկած ամբողջ Հայաստանով մեկ, որ ոտքերը լինեին Մեղրիում, գլուխը՝ Լոռվա մարզում, դա սազական կլիներ այսօրվա Հայաստանին: Լավ, դա էլ մի կողմ, արձան են դնում, լավ է, բայց անկախ նրանից՝ ծրագրում եք, թե ոչ, դա ընկալվելու է՝ որպես սակրալ մի բան, կարելի՞ է գոնե դա անել այնպես, որ ընդունելի լինի եկեղեցու կողմից: Կանգնեցնել ևս մեկ ֆեյք արձան, որը ավելի սազական կլինի Լաս Վեգասի ատրակցիոններում դնել, այդպես Սֆինքս կարելի է դնել, հետո ֆեյք վենետիկներ կառուցել, հետո՝ ֆեյք Ռիոյի արձան, որովհետև մենք տեսել ենք, չէ՞, այն, ինչ ներկայացված է մրցույթին՝ խայտառակ, զրո գեղագիտական արժեքներով տարբերակներ»:

Այս օրերին քննարկվող մյուս թեման զոհված զինվորների ծնողների հանդիպումն է Աննա Հակոբյանի հետ: Շատ քննադատություններ հնչեցին, երեկ Աննա Հակոբյանը դժգոհում էր քննադատություններից, պարզաբանում, որ միամսյակ էին նշում, և, որ բոլորն էլ պատերազմից հետո մարտի 8-ին և ապրիլի 7-ին երեկույթներ են կազմակերպում: Աննա Հակոբյանը հավելել էր, թե զոհվածների ծնողները չեն կարողանում անգամ խանութից սնունդ գնել, որովհետև բոլորին թվում է, թե նրանք պետք է սև հաց ուտեն և ջուր խմեն, նաև թարս են նայում այն ծնողներին, որոնք ուզում են նորից երեխա ունենալ, փոխարենը՝ պահանջում են, որ ծնողները սուրբ լինեն, սրբացնում են նրանց:

Վահե Բեգոյանի համար տարօրինակ է, որ Աննա Հակոբյանը չի կարդում, թե ինչ են գրում իր և իր ընտանիքի մասին. «Խորհուրդ կտայի՝ դա կարդար, որովհետև իմ շրջապատում, իսկ իմ շրջապատը բավականին մեծ է, բոլորը հիացած են այն ծնողներով, ովքեր նորից որոշել են մայրանալ: Սա խառնել իրենց որդիների մահվան մեջ ուղիղ մեղավոր մեկի հետ սեղան կիսելու հետ և մտածել, որ դա այդ հոդվածի տակ է անցնում… որևէ մեկը չի խոսում այն մասին, թե որդեկորույս մայրերն ինչու էին գնացել ռեստորան կամ ինչու էին նշում իրենց միամսյակը, այդ մասին չէ խոսքը, խոսքն այն մասին է, թե ում հետ են դա նշել և ում հրավերն են ընդունել, իսկ ընդունել են այն մարդու հրավերը, ով անմիջականորեն պատճառ է, մեղավոր է իրենց որդիների մահվան համար: Թե չէ՝ մեկնաբանություն գրողները ովքեր ասես՝ կարող են լինել, կարելի է նախապես գրել տալ՝ հետո ցիտելու համար: Բացի իրենից՝ որևէ մեկից ես չեմ լսել, որ ինչ-որ մեկը վատ վերաբերվի նորից մայրանալ ցանկացող ծնողներին, դա միայն հիացմունքի արժանի քայլ է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս