«Նիկոլ, արի ժողովրդի մեջ մտի, ումի՞ց ես վախենում, դուխով տղա, դուխով հողերը հանձնեցիր»․ գյուղատնտես

2022 թվականի գարունը ձյան առատ տեղումներով և օդի ջերմաստիճանի անկումով սկսվեց, սակայն մի քանի օր է՝ օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է, և մարզերում սկսվել են գյուղատնտեսական ակտիվ աշխատանքները։

168.am-ն այսօր ուղևորվել էր Արմավիրի մարզ, տեղում ծանոթացել կատարվող գյուղատնտեսական աշխատանքներին, գյուղացիներից հետաքրքրվել իրենց հուզող հարցերի մասին։

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչ Սամվել Լալազարյանը, որ նախորդ տարի ոռոգման ջուր չլինելու պատճառով բերքի մեծ կորուստ էր ունեցել, այս տարի ռիսկի դիմելով՝ կրկին հող է մշակել։ Երկար տարիների փորձ ունեցող գյուղատնտեսը հիմնականում սոխ է մշակում։ 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ներկա պահին հիմնական խնդիրը ոչ թե ոռոգման ջուրն է, այլ պարարտանյութի բացակայությունը։ Կառավարության կողմից սուբսիդավորված պարարտանյութն ուշանում է, ստիպված բարձր արժեքով են գնում․

«Առայժմ խոսակցության մակարդակում է այդ հարցը։ Ասում են՝ սուբսիդավորված է, կտանք, հերթագրվել ենք քաղաքապետարանում՝ մեր համայնքում, բայց առայժմ ձեն-ձուն չկա, ասում են՝ չգիտենք, երբ թույլ տվեցին՝ կտանք պարարտանյութը։ Հասարակ մի բան ասեմ, այս կողմում իմ ցորենն է, մարտի սկզբներին պարարտանյութ են տվել, ամեն մի պաչկեն 20.000 դրամով եմ առել, մոտավորապես 40 պաչկա առել եմ, մոտ 800.000 դրամ պարարտանյութին եմ տվել․․․

Ճի՛շտ է, ես Սերժի, Սերժ Սարգսյանի համակիրներից չեմ եղել, բայց այն ժամանակ ավելի կազմակերպված էր գործը գնում, քան հիմա։ Պատահական ոչինչ չի լինում, հասկացանք՝ պարարտանյութ արտադրող երկրներում գազը թանկացել է, ինքնարժեքն ավելացել է , բայց է՞ս չափով։ Պատահական չէ, ներմուծման հարկերն են ավելացրել, մարդիկ հասկանում են՝ ինչ է կատարվում, օլիգարխներին են տվել, նրանք էլ, բնական է, բերեցին, պետք է 1-ին 10 գնով վաճառեն ժողովրդի վրա։ Այստեղ կառավարության բացակայությունն է լրիվ, պետք է քննադատաբար մոտենանք, այս հարցերը լուծվի։ Իշխանությունն էլ հասկանա, եթե ի վիճակի է՝ թող աշխատի, եթե չէ՝ հեռանան, ազգային մտածելակերպով մարդիկ գան, այս երկիրը կործանումից փրկեն, երկիրը գնում է կործանում․․․»։

Նկատի ունենալով, որ նախորդ տարի բավարար ոռոգման ջուր չլինելու պատճառով Սամվել Լալազարյանը մեծ վնասներ էր կրել, հարցրեցինք, թե արդյոք այս տարի կրճատե՞լ է մշակվող հողերի քանակը։

«Մի քիչ կրճատել եմ, բայց դե, բոլոր դեպքերում պետք է անենք, որ պարապ մնացինք՝ ի՞նչ պետք է անենք, կամ ենթադրենք՝ հայրենիքը թողինք-գնացինք, հարցը լուծվե՞ց։ Ուղղակի խելքը գլխին իշխանություն լինի, ժողովրդի մասին մտածող իշխանություն լինի, նորմալ աշխատեն, ժողովուրդը բարեկեցիկ կյանքի անցնի, պայմանները լավանան, թե չէ ո՞ւր կհասնենք սրանով․․․

Ջուրը նոր են տվել, սպասում ենք՝ հերթը գա։ Նախորդ տարի ջուրն անհաջող եղավ, գյուղատնտեսության մասնագետները, Բերբերյանը խոսում են, պարզ ասում են՝ ջրամբարի ջրերը վաճառել են մասնավոր հէկ-երին, արհեստականորեն երաշտ են ստեղծել։ Մնում է՝ այս տարի նման բան չանեն։ Կառավարությունը մի քիչ լրջանա, մի քիչ զբաղվի։ Երկրով չեն զբաղվում, գոնե գյուղատնտեսությամբ զբաղվեն, չնայած մեկը մյուսի հետ կապված հարցեր են, եթե երկրով չեն զբաղվում, գյուղատնտեսությամբ ո՞նց կզբաղվեն․․․

Նախորդ տարի 6 հեկտար հող էի մշակել, եվրոպական հիբրիդները բավականին բերքատու են, 50-60 տոննա հեկտարի հաշվով մենք կարող ենք բերք ստանալ, եթե ջուրը տեղը տեղին տան, մեր պրոբլեմը ջուրն է, մնացածը մենք անում ենք, եթե ժամանակին ջուր չտվեցին կամ ուշացումներով տվեցին, մեկ էլ տեսար՝ մի 10 օրով կտրում են։ Անցած տարի մենք 1 հեկտարից, 50-60 տոննայի փոխարեն՝ մինչև 30 տոննա, անգամ 30 տոննա էլ չհասավ, պատճառը ջրի չլինելն էր։

Արարատյան հարթավայրը կիսաանապատային գոտի է, ոնց որ Կառավարությանը հուշեմ, էլի։ Եթե ջուր չեղավ, ինչքան ուզենք մենք մեզ տանք էս կողմ, էն կողմ, եթե ջուր չեղավ, բերք չենք ստանալու»։

Անդրադառնալով Կառավարության վարած քաղաքականությանը, արմավիրցի գյուղատնտեսն ասաց.

«Ճիշտ ասած՝ իշխանություն ասեմ, Կառավարություն ասեմ, Նիկոլ ասեմ, որն էլ ասեմ, նույնն է, լավ ակնկալիքներ չունեմ այս մարդկանցից, սրանցից լավ ակնկալիք չունեմ։ Արտաքին քաղաքականության մեջ՝ տապալված, ներքին քաղաքականության մեջ՝ տապալված, էս ի՞նչ վիճակ է Հայաստանի վիճակը, եղբայրությո՛ւն, խաղաղությո՛ւն, հա՛, հասկացա՛նք։ Երկրի անվտանգությունն այս մարդը՝ Նիկոլը, հասկանում է իր անվտանգությունը, էդ ձև չի, է, տղա ջան։ Կառավարությանը, իշխանությանը մի հատ լրջանալ է պետք, հլը մի հատ եկեք ժողովրդի մեջ մտեք։ Նիկո՛լ, պողպատյա մանդատից ես խոսում, մի հատ արի ժողովրդի հետ հանդիպի հլը, տեսնենք՝ իրո՞ք պողպատյա մանդատ են տվել քեզ, հլը այդ ոստիկանական զորքերդ հավաքի, արի մտի ժողովրդի մեջ, տենանք՝ էս ի՞նչ վիճակ է, ժողովուրդը քեզ հարգո՞ւմ են, ժողովուրդը քեզ սիրո՞ւմ են, ինչի՞ կարիք ունեն, Նիկոլ, արի մի հատ ժողովրդի մեջ մտի, էս ի՞նչ է կատարվում․․․»։

Ինչո՞ւ չի գալիս, հարցրեցինք Արմավիրի բնակիչ, գյուղատնտես Սամվել Լալազարյանին․

«Ես ի՞նչ իմանամ, ինչո՞ւ չի գալիս, վախենում է երևի։ Ումի՞ց ես վախենում, դուխով տղա։ Դուխով եմ, դուխով եմ, դուխով եկար, դուխով հողերը հանձնեցիր, հիմա էլ տնտեսությունն ես տապալել լրիվ, արի տեսնենք ի՞նչ ես ասում, տղա ջան։ Մտի ժողովրդի մեջ, մի հատ ժողովրդի հետ խոսա։ «Պողպատյա մանդատ ունեմ», հա, ես էլ գլուխ կգովամ, ես էլ մանիպուլյացիաներով կզբաղվեմ․․․ Հիմա էն ժամանակն է՝ քիչ խոսենք, ավելի շատ գործ անենք։

Այս իշխանություններն ի վիճակի են՝ թող աշխատեն, չէ՝ թող հեռանան, ազգային մտածելակերպով մարդիկ գան, այս երկիրը կործանումից փրկեն, էս ի՞նչ է դարձել, էս ի՞նչ ձերբակալություններ է, էս ի՞նչ տուգանքներ է։ Ուրեմն մարդը խոսալու համար պետք է տուգանվի՞, մարդը քննադատության համար պետք է տուգանվի՞, էս ի՞նչ է կատարվում, 37 թի՞վն է, ավելի կատարելագործված, ավելի նենգ ձևով է։ Ժողովրդավարություն-ժողովրդավարություն, ո՞ւր է քո ժողովրդավարությունը։ Ժողովրդավարության բարձրագույն լիգայում ենք, Նիկոլն է ասում, տղա ջան, ո՞ւր է քո ժողովրդավարությունը։ Ասում է՝ ժողովրդավարությունը Հայաստանի բրենդն է, էս ձերբակալություններն էլ են բրենդ․․․»։

Արմավիրի մարզում՝ դաշտերում, հանդիպեցինք նաև աշխատող կանանց։ Չցանկացան տեսախցիկի առաջ առանձին-առանձին խոսել։ Պարզեցինք, որ առավոտյան ժամը 8-ից արդեն դաշտում աշխատանքները սկսվում են։

«Քաղհան ենք անում, ժամը 8-ից աշխատում ենք մինչև ժամը 4-ը։ Մոլախոտերն ենք մաքրում, որպեսզի սոխն առողջ լինի: Հիմիկվա աշխատանքն էդ ա, ուրիշ բան չենք կարող անել։ Սա երկրորդ օրն է, որ գալիս ենք, 2-րդ քաղհանն է, որ անում ենք։ Խոտերը քաշում ենք, որ մանր չլինի, 20 օրը մեկ առնվազն քահան ենք անում, մինչև սոխի հելնելը առնվազն 6-7 անգամ քաղհան ենք անում։

Լավ կլիներ, որ գործարաններ լիներ, աշխատեինք։ Տասնքանի տարի աշխատում ենք, ոչ ստաժ ունենք, ոչ բան, մի քանի տարի հետո գնալու ենք թոշակի, բայց ստաժ չունենք, այ դա է դժվարը»,- ասացին կանայք։

Հարցին՝ ի՞նչն է այս պահին իրենց ամենաշատը մտահոգում, որ կուզեին այդ մասին փոխանցել նաև Կառավարության ներկայացուցիչներին՝ նախարարներին, կանայք պատասխանեցին․

«Մտահոգում է այն, որ էժանություն լինի, ժողովուրդը կարողանա ապրել, գոյատևել։ Օրինակ, այս փողն ի՞նչ է, ոչ մի բան չենք կարողանում գնել, կամ կրթություն ունեցող մարդիկ ենք, տեղ չկա աշխատելու, եկել ենք այստեղ»։

Դաշտում աշխատող կանանցից մեկն էլ հատուկ շեշտեց առողջապահության ոլորտում անվճար ծառայություններ տրամադրելու կարևորությունը․

«Ես նոր եմ գնացել զոնդավորման, 250.000 դրամ պարտք եմ արել, գնացել արել եմ, բայց այս վիճակով եկել աշխատում եմ, 15 օր առաջ, բայց պետությունն ասում է՝ դու նպաստառու չես, որ անվճար լինի, չենք դիմում, բայց գործազուրկ ենք, սա գործազուրկի բան չի՞, օրավարձով աշխատում ենք»։

Հարցին, իսկ ինչո՞ւ չեք դիմում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Արմավիրի բնակիչը դժգոհեց․

«Որովհետև այնքան են տանում-բերում․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս