Ի՞նչ զարգացումներ կան «պակիստանցի երեխայի» գործով, և ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանին նամակներ գրում տարբեր ՀԿ-ներ
Հունվարի 31-ին Ա. Հ.-ն ոստիկանությանը հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ. մարտից մինչև 2021թ. հոկտեմբերի 14-ը դուստրը՝ Է. Ու-ն, հաճախել է Երևան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.-ն և դաստիարակներ Ի. Ա-ն և Ա. Կ.-ն հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը՝ պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել նրան:
Aravot.am-ի հրապարակած այս լուրը մեծ աղմուկ բարձրացրեց հայկական սոցիալական հարթակներում, և ուշագրավ էր, որ մեկնաբանությունների մեծ մասը մեր իրականության մեջ նման իրողության բացառման վերաբերյալ էր:
Կայքը նաև գրել էր՝ «ըստ նույն աղբյուրի, երեխայի նկատմամբ կատարել են բռնի սեռական գործողություններ, պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով՝ երկաթյա տաք խաղալիքով այրել են երեխայի կրծքավանդակը, հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի արդյունքում երեխային պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք»:
168.am-ը անդրադարձել էր այս պատմությանը: Ոստիկանությունից մեզ տեղեկացրել էին, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ անձին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը: Մեղադրյալների՝ մեղքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 3-7 տարի ազատազրկում:
Հրապարակումից հետո մեզ հետ կապ էին հաստատել Նորք-Մարաշի բնակիչներն ու ներկայացրել իրադարձությունների ընթացքի՝ իրենց տարբերակը:
Ըստ հայտնած տեղեկությունների՝ այս ողջ «հոգեցունց» պատմությունն ընդհանուր առմամբ մեկ նպատակ ունի՝ քաղաքական ապաստան ստանալ Գերմանիայում:
«Երեխայի մորաքույրն ապրում է Գերմանիայում, և մայրը որոշել է որևէ կերպ քաղաքական ապաստան ստանալ այդ երկրում ու քրոջը մոտ լինել: Ցավալի է, որ այդ ճանապարհին անգամ երեխան չխնայվեց, սակայն դա է իրականությունը»,- ասել էր մեր աղբյուրը:
Ավելի ուշ երեխայի մայրը հերքել էր այդ տեղեկությունը: Նա հարցազրույց էր տվել մի քանի ԶԼՄ-ների, որտեղ ներկայացրել էր այս ահազարհուր պատմության իր տարբերակը:
Այս իրադարձություններից և բարձրացված աղմուկից երկու ամիս անց 168.am-ը փորձեց տեղեկանալ՝ ինչ զարգացումներ կան գործով:
Քննչական կոմիտեից մեզ ասացին՝ նոր զարգացումներ չկան:
168.am-ը զրուցեց նաև Երևանի թիվ 124 մանկապարտեզի դաստիարակ, այս գործով որպես մեղադրյալ անցնող Իրինա Ալեքսանյանի պաշտպան Ենոք Ազարյանի և մյուս մեղադրյալի՝ Գայանե Օհանյանի հետ:
«Քանի որ ծնողը պնդում էր, որ երեխայի վրա այրվածքներ կան, միջնորդություն էր ներկայացվել փորձագիտական եզրակացություն ստանալու համար: Դեռ պատասխանները չեն եկել: Հավանաբար առերեսումն ու մնացած գործողությունները դրանից հետո կանեն»,- ասաց Ենոք Ազարյանը:
Ինչ վերաբերում է քննչական գործողություններին, պաշտպանի խոսքով՝ իր պաշտպանյալի մասով նման գործողություններ չկան, իսկ թե այլ հանգամանքներ պարզելու համար ինչ են արել, տեղյակ չեն:
Ի դեպ, երկու մեղադրյալներն էլ ազատության մեջ են գտնվում, գնում են աշխատանքի:
«Իրինա Ալեքսանյանին ձերբակալել էին. գործը կալանքի չհասավ: Ձերբակալելուց հետո քննչական խումբը որոշել էր նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ստորագրությունը չհեռանալու մասին, սակայն գործը վերահսկող դատախազը վերացրել էր այդ որոշումը և ձերբակալել էր նրան: Ձերբակալության իրավաչափության հարցը բողոքարկեցինք, դատարանը բավարարեց մեր բողոքը»,- ասաց Ենոք Ազարյանը:
Ինչ վերաբերում է աշխատանքի հաճախելուն, պաշտպանի խոսքով՝ փորձել են խնդիրներ ստեղծել:
«Քաղաքապետարանից էին անհանգստացնում, որովհետև իրենց էլ տարբեր հասարակական կազմակերպություններից էին դիմում այդ խնդրով: Այդ ՀԿ-ները նամակներ են գրում Նիկոլ Փաշինյանին, պահանջում աշխատանքից ազատել Իրինա Ալեքսանյանին: Սակայն Քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով է այդ հարցը կարգավորվում»,- ասաց Ենոք Ազարյանը:
Հոդված 152. Կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցումը
Քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում դատախազը կամ դատախազի համաձայնությամբ՝ քննիչը, իսկ դատարանում քրեական գործը քննելիս դատարանը՝ մեղադրանքի կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ, կարող են կասեցնել կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի, այդ թվում` հանրային ծառայության մեջ գտնվող անձի լիազորությունները, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ, աշխատանքային լիազորություններն իրականացնելով, նա կխոչընդոտի գործի քննությունը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումը կամ կկատարի քրեական օրենքով չթույլատրված արարք: Քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում դատախազի կամ դատախազի համաձայնությամբ քննիչի կայացրած՝ լիազորությունների կասեցման մասին որոշումը եռօրյա ժամկետում ներկայացվում է դատարանի հաստատմանը:
Կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունները համարվում են կասեցված լիազորությունների կասեցման մասին որոշումն ընդունելու պահից: Լիազորությունների կասեցման մասին որոշումը վարույթն իրականացնող մարմինն ստորագրությամբ հանձնում է կասկածյալին կամ մեղադրյալին և անհապաղ ուղարկում կասկածյալի կամ մեղադրյալի աշխատավայր:
Պաշտպանը նշում է՝ տարօրինակ են այդ պահանջները, քանի որ քննչական խումբ է աշխատում, իսկ գործի տերը նախաքննության փուլում հենց իրենք են:
«Այդ ՀԿ-ներն էլ փաստաբան ունեն, ու զարմանալի է, որ այդ տարրական բաները չեն հասկանում: Կասեցնողը քննիչն է, քննչական խումբը կամ դատախազը: Հասկանալի է, որ այդ ՀԿ-ները շատ խիստ շահագրգռված են, բայց նրանց պահանջն անօրինական է: «Ընդդեմ բռնության» ՀԿ կա: Երբ երեխայի մորը տարբեր յութուբյան ալիքներով, ԶԼՄ-ներով խնդրում էին ներկայացնել՝ ինչ է եղել, ու նա պատմում էր, այդ ՀԿ-ից մի կին ասաց՝ ինձ համար երեխայի մոր խոսքը բավարար է: Սա արդեն որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում»,- ասաց Ենոք Ազարյանը:
Ըստ նրա՝ զարմանալի է, որ նրանց փաստաբանն էլ, ով փորձառու փաստաբան է, խոսում է ոչ թե իրավունքից, այլ ըստ ցանկության:
«Վատ է, որ փաստաբանն իրեն վերապահում է քննիչի դեր: Ի՞նչ է նշանակում՝ վատ է, որ աշխատանքի է գնում: Դու քննի՞չ ես, ի՞նչ ես: Եթե տեղյակ է Քրդատի այդ հոդվածից, ինչպե՞ս կարող է նման բան ասել»,- տարակուսեց պաշտպանը:
168.am-ի զանգի պահին նշված մանկապարտեզի դաստիարակ Գայանե Օհանյանն աշխատանքի էր, և այդ պատճառով մեր զրույցը երկար չտևեց:
Նա նույնպես նշեց՝ իրենց գործով ոչ մի նորություն չունեն, առերեսում չի եղել:
«Մենք հիմա մեղադրյալի կարգավիճակ ունենք: Երկուսով ենք՝ ես և Իրինա Ալեքսանյանը: Երկուսս էլ աշխատում ենք, պատրաստվում ենք բաց պարապմունքների, հանդեսների»,- ասաց Գայանե Օհանյանը:
Վերջինս ասաց՝ վերջին անգամ քննիչի մոտ եղել են փետրվարի 14-ին, երբ իրենց հրավիրել են ու վերադարձրել հեռախոսները: