Բաժիններ՝

Հանցագործության մասին մի ուշացած հաղորդման պատմություն

Հունվարի 31-ին Ա. Հ.-ն ոստիկանությանը հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ. մարտից մինչև 2021թ. հոկտեմբերի 14-ը դուստրը՝  Է. Ու-ն, հաճախել է Երևան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.-ն և դաստիարակներ Ի. Ա-ն և Ա. Կ.-ն հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը՝ պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել նրան:

Aravot.am-ի՝ երեկ հրապարակած այս լուրը մեծ աղմուկ բարձրացրեց հայկական սոցիալական հարթակներում, և ուշագրավ էր, որ մեկնաբանությունների մեծ մասը մեր իրականության մեջ նման իրողության բացառման վերաբերյալ էր:

Կայքը նաև գրել էր՝ «ըստ նույն աղբյուրի, պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով՝ երկաթյա տաք խաղալիքով այրել են երեխայի կրծքավանդակը, հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի արդյունքում երեխային պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք»:

Ոստիկանության լրատվական ծառայությունից 168.am-ի հետ զրույցում հաստատեցին, որ երեխայի մոր կողմից հաղորդում ներկայացվել է, և այս պահին այն ուսումնասիրում են:

Մենք, իհարկե, հետևողական կլինենք ու անպայման մանրամասներ կներկայացնենք այս գործի մանրամասների, հաղորդման շարժառիթների ու նպատակների մասին, անարգանքի սյունին կգամենք երեխայի խոշտանգման մեջ մեղավորներին, եթե դրանք իսկապես կան:

Բայց մինչ նոր տեղեկություններ կստանանք, անդրադառնանք հաղորդման փաստերին:

Երեխայի մայրը փաստացի ասում է, որ իր դուստրը 2019թ.-ի մարտից մինչև 2021թ. հոկտեմբերը հաճախել է տվյալ մանկապարտեզը և ենթարկվել է տարատեսակ բռնությունների: Եթե այդպես է,  ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ է մայրը 3 տարի հանդուրժել երեխայի տառապանքները և նոր միայն հաղորդում ներկայացրել հանցագործության մասին:

Ի դեպ, լուրի սկզբնաղբյուրը, ինչպես արդեն ասացինք, aravot.am-ն է:

Սկզբնաղբյուր կայքում այս պահին բացակայում է մի շատ կարևոր տող, որը, թերևս, հետո հանվել է տեքստից:

«Ըստ նույն աղբյուրի, երեխայի նկատմամբ կատարել են բռնի սեռական գործողություններ, պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով երկաթյա տաք խաղալիքով այրել նրա կրծքավանդակը, երեխային հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի արդյունքում երեխային պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք» պարբերության մեջ այս պահին բացակայում է «երեխայի նկատմամբ կատարել են բռնի սեռական գործողություններ» նախադասությունը:

Այն կա, օրինակ, shamshyan.com-ի հրապարակման մեջ:

«Առավոտից», ի պատասխան այս առնչությամբ մեր հարցի, հայտնեցին․ «Տեղեկատվության մեր աղբյուրում, այո, կար այդ պնդումը, բայց այդ հատվածը լուրից հեռացվել է՝ էթիկական նկատառումներով»:

Պետք է ենթադրել, որ մոր հաղորդման մեջ երեխային սեռական բռնության ենթարկելու վերաբերյալ պնդումը, այնուամենայնիվ, կա: Անհասկանալի է միայն, թե 3-5 տարեկան երեխաներն ինչպես են սեռական բռնության ենթարկել մեկ այլ երեխայի, քանի որ մայրը նշում է, որ դայակներն ու դաստիարակները երեխայի նկատմամբ բռնություն գործադրել են խմբի այլ երեխաների միջոցով:

Շատ ուշագրավ է երեխայի հոր ազգության ընտրությունը՝ պակիստանցի: Պակիստանի հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, ավելին, Պակիստանը միակ երկիրն է, որը չի ճանաչել Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն, ուրեմն ինչպե՞ս է պակիստանցին հայտնվել ՀՀ-ում:

Եվ եթե մի պահ ընդունենք, որ ազգությամբ պակիստանցին այլ երկրի քաղաքացի է ու այդպես է հայտնվել Հայաստանում, որևէ մեկի այլասերված երևակայության մեջ անգամ չէր կարող ծնվել երեխային կղանք ու խոտ ուտեցնելու աննորմալ սցենարը, ուր մնաց, թե այն իրականություն դառնար ու կյանքի կոչվեր 3 տարի շարունակ:

Իրավապահ մարմինները պետք է բաց ու թափանցիկ, հրապարակային քննություն իրականացնեն այդ գործով: Հայ հասարակությունն իրավունք ունի իմանալ՝ ովքե՞ր են «հանցագործները», ովքե՞ր կարող են երեխա խոշտանգել, կամ ո՞ւմ հիվանդ երևակայության արդյունքն է այս պատմությունը, ինչո՞ւ գցվեց դաշտ, ի՞նչ հեռահար նպատակներ ունի սա:

Մեկ էլ տեսար՝ պարզվեց՝ մենք հիմա էլ ռասիստ ու սադիստ ազգ ենք, որը չի խորշում երեխայի, այդ թվում՝ այլազգի երեխայի, այն էլ՝ պակիստանցու խոշտանգելուց:

Ինչ-որ բան հուշում է, որ այս կարգի լուրեր էլի են լինելու: Նման մի պատմության մենք ականատես ենք եղել 2019թ. ամռանը, երբ հայ հասարակությունից, մասնավորապես՝ հայ տղամարդկանցից ցանկանում էին ստանալ բարոյազուրկ կերպարներ: Ի դեպ, այդ երևույթը կրկին մեծ թափով շարունակվում է որոշ անհատների կողմից, և այդ երևույթին դեռ կանդրադառնանք:

Հայաստանի հանրային ռադիոյի հաղորդավար Լյուսի Քոչարյանը` #բռնության_ձայնը հեշթեգով նյութեր էր հրապարակում:

200-ից ավելի, իրենց նկարագրությամբ՝ ահասարսուռ, պատմությունները, որոնց հեղինակները, թերևս, եթե հավատանք իր իսկ` հրապարակողի խոսքերին, վստահել էին հենց Լյուսի Քոչարյանին, մեկը մյուսի հետևից նրա ֆեյսբուքյան էջում հայտնվեցին չեխ զբոսաշրջիկի` Հայաստանում բռնության ենթարկելու դեպքից հետո:

2019 թվականի հուլիսի 4-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Լյուսի Քոչարյանը նշում է, որ ստացել է շուրջ 200 նմանօրինակ բովանդակությամբ նամակներ։ Ուղարկողների 90%-ը, ըստ նրա, իրական մարդիկ են, որոնց հետ նա գտնվում է նամակագրական կապի մեջ։

Հրապարակված անանուն պատմություններն իրենց բովանդակությամբ, սոցիալական ու հասարակական նշանակությամբ աննախադեպ ու կարևոր էին: Ոչ ոք չի ժխտում, որ, ինչպես ամենուր, այնպես էլ՝ մեր երկրում մարդիկ ենթարկվում են՝ ինչպես սեռական, այնպես էլ՝ հոգեբանական ու ֆիզիկական բռնության, սակայն տպավորություն էր, թե Հայաստանում ամեն երրորդ տղամարդ բռնարար է, ամեն երրորդ տղամարդ բռնաբարում է սեփական դստերը, ամեն երրորդ կին բռնության, բռնաբարության է ենթարկվել, ու, ամենակարևորը, Ստամբուլյան կոնվենցիան կդառնար այն փրկօղակը, որը կզսպեր այդ բռնարարներին:

Իրավացիորեն մարդիկ սկսեցին կասկածել դրանց իսկությանը: Հարցեր էին առաջանում, որոնց պատասխանը ոչ ոք չէր տալիս: Այդ ինչպե՞ս էին մարդիկ վստահում իրենց բոլորովին անծանոթ մի կնոջ, ով որևէ կերպ իրենց, ըստ էության, օգնել չէր կարող, բայց չէին վստահում ոստիկանությանը, ուր թե ընթացք կտային հաղորդումներին, և թե կպահպանեին հաղորդում տվողների անձի գաղտնիությունը: Տպավորություն էր, թե այդ պատմություններն իրականում հորինված էին և զուտ քարոզչական նպատակներ ունեին: Պատկերն ավելի ամբողջական էր դառնում, երբ հետևում էինք, թե հատկապես որ խմբերում են դրանք տարածվում և ում կողմից։

Այդ ժամանակ 168.am-ը ՀՀ ոստիկանությանը հարցում էր ուղարկել` խնդրելով տեղեկացնել, թե արդյո՞ք ոստիկանությունը զբաղվում է ֆեյսբուքյան օգտատեր Լյուսի Քոչարյանի #բռնության_ձայնը հեշթեգով հրապարակված նյութերի քննությամբ, դրանք դիտարկե՞լ են որպես հաղորդումներ հանցագործությունների մասին, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ։

«Որպես հանցագործության մասին հաղորդում՝ գնահատական և ընթացք է տրվում այն տեղեկություններին, որոնք ունեն որոշակի կոնկրետություն, նախնական տեղեկության հիման վրա հնարավոր է եզրահանգում անել կատարված հանցագործության վերաբերյալ՝ վայրի, եղանակի, ժամանակի կամ այն կատարած անձանց մասին: Վերացական բնույթի հաղորդումները ոստիկանությունը ստուգելու պարտականություն չունի, քանի դեռ օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների գործունեության ընթացքում դրանք չեն «հարստացվում» այն աստիճանի, որ հիմքեր կտան հանցագործության մասին կոնկրետ տվյալների ստացման վերաբերյալ»,- պատասխանել էին ոստիկանությունից՝ ուղղակիորեն հաստատելով, որ 200-ից ավելի պատմությունները, մեղմ ասած, կասկածահարույց են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս