ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ներխուժումն ու հրադադարի խախտումները հակասում են եռակողմ հայտարարությանը
Ռուսաստանը խիստ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճով: Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։
«Խիստ մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում լարվածության աճով։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտի զինված ներխուժման և հրադադարի խախտման փաստերը, որոնք ֆիքսվել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության մարտի 26-ի հրապարակած տեղեկատվական տեղեկագրում, հակասում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին»,- ասված է հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտը միջոցներ է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում իրավիճակը դեէսկալացնելու ուղղությամբ։
Ռուսաստանը կողմերին կոչ է արել զսպվածություն դրսևորել և ապահովել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարումը։