«Հետաքրքիր շրջադարձ՝ «Պատմության ուսուցչի գործով»․ գործով առանցքային վկա ոստիկանը հայտարարեց, որ ինքը եղել է «հետաքննության մարմնի աշխատակից»»․ Մելիքյան
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հետաքրքիր շրջադարձ եղավ «Պատմության ուսուցչի գործով»։ Հայտնի ձայնագրությունը չգիտես՝ որտեղից ներբեռնած ոստիկանը՝ գործով առանցքային վկան, եկավ, հայտարարեց, որ ինքը եղել է «հետաքննության մարմնի աշխատակից», ու դատարանը անմիջապես դադարեցրեց հարցաքննությունը, քանի որ «հետաքննության մարմնի աշխատակիցը» վկա լինել չի կարող։
Իսկ մենք, լինելով «ժողովրդավարության բարձրագույն լիգայում», զրկվեցինք այդ առանցքային վկային հարցեր տալու հնարավորությունից։
Այնուհանդերձ, խոսքը վերաբերում էր ոչ թե մե՛ր, այլ դատախազությա՛ն վկային։ Որը իբրև թե պետք է դատախազությա՛ն վարկածը հաստատեր։ Ուստի նույնիսկ չգիտեմ՝ ինչպես գնահատեմ փաստը։
Բայց մի բան ինձ համար պարզ է. եթե լրատվամիջոցները datalex.am-ով հայտնաբերած չլինեին այս գործը, հանրությանը իրազեկած չլինեին դրա մասին, այդ իրազեկման արդյունքում ապահովված չլիներ ընկեր Գրիգորյանի՝ պաշտպան ունենալու իրավունքը, լրատվամիջոցները չշարունակեին ուշադրության կենտրոնում պահել գործը, ապա այսօր նման «անակնկալ» հաստատ չէր լինի»։