Եթե ռուսական կողմի արձագանքն ուշանա, կամ առավել մեղմ լինի, չի բացառվում, որ դրանից Բաքվի ձեռքերը միայն ավելի ազատվեն. Ադրբեջանագետ
Արցախի Հանրապետության ՊԲ-ն առավոտյան պաշտոնական հաղորդագրությամբ անդրադարձել է երեկ Արցախից ստացվող իրարամերժ տեղեկություններին՝ մասնավորապես հայտնել, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը:
ՊԲ-ից տեղեկացրել են նաև, որ ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների մի քանի ժամ տևողությամբ բանակցություններն էական արդյունք չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր, ավելին՝ ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով՝ ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ՝ հարվածային ԱԹՍ:
Ավելի ուշ եղավ նաև մեկ այլ հաղորդագրություն, որով հայտնում էին՝ մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շարունակել են հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները.«Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է»:
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով իրավիճակին՝ նկատեց, որ թեև Ռուսաստանն Ուկրաինայի հետ պատերազմից առաջ փորձեց ինչ-ինչ քայլեր ձեռնարկել Հարավային Կովկասում և, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում լարվածությունը կանխելու համար, այդուհանդերձ, Ադրբեջանն աստիճանաբար անցավ լարվածության խորացման:
«Հիշում ենք՝ հայտնի հռչակագիրը, որ կնքվեց պատերազմի նախօրեին, դրա վերաբերյալ կային տարբեր գնահատականներ, այդ թվում, որ ռուսական կողմը փորձում է մաքսիմալ վերահսկել Ադրբեջանին: Այդ հռչակագրում նաև տնտեսական կոմպոնենտներ կային, որոնք բավականին կարևոր էին:
Ադրբեջանական կողմը, փաստացի, աստիճանաբար՝ Խրամորթում կոչերի տեսքով, գազամատակարարման դադարեցմամբ և նմանատիպ այլ գործողություններով բերեցին-հասցրեցին ընդհուպ ռազմական գործողությունների»,- պարզաբանեց ադրբեջանագետը:
Տաթևիկ Հայրապետյանը հիշեցրեց նաև, որ ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրերից ադրբեջանական քարոզչական մամուլն ակնհայտ հակառուսական և պրոուկրաինական քարոզչություն է իրականացրել, ինչը, ըստ նրա, պատահական չէր և ցույց էր տալիս, որ գործողությունները կարող են հանգեցնել սադրանքների, ապա նաև՝ էսկալացիայի:
Ադրբեջանագետի գնահատմամբ՝ Ադրբեջանի գործողությունները ենթադրելի են, խնդիրն այս պահին ռուսական կողմի արձագանքն է:
«Իհարկե, մնում եմ այն համոզման, որ սեփական երկրի անվտանգության երաշխավորը պետք է հենց լինի տվյալ երկրի բանակը, այդուհանդերձ, այս պահի դրությամբ՝ ունենք իրավիճակ, երբ այնտեղ ռուս խաղաղապահներ են, որոնք ստանձնել են երաշխիքներ, որ ադրբեջանական կողմը կմնա իր զբաղեցրած դիրքերում և սպառնալիք չի ստեղծի այնտեղ ապրող հայերի ֆիզիկական գոյության համար:
Կարծում եմ՝ ռուսական կողմը ոչ միայն պետք է հստակ դիրքորոշում հայտնի, այլև գործողություններով ցույց տա, որ ադրբեջական գործելաոճն անընդունելի է, իրենք ստանալու են պատասխան, և տվյալ դեպքում, փաստացի, առնվազն ՊԲ հաղորդագրությունիցակնհայտ է, որ մարտեր են ընթացել:
Արցախում ռուսական խաղաղապահ զորք կա (ինչը նաև ՌԴ շահերից է բխում. դա իրենց համար լծակ է Ադրբեջանի վրա),որովհետև այնտեղ հայ բնակչություն է ապրում, եթե այնպես ստացվի, որհայերը չմնան՝ տարբեր հանգամանքներից ելնելով,ապա ինքնին իմաստազրկվում է ռուսական խաղաղապահ առաքելության մնալն Արցախում:
Ուստի սա ուղղակի հայերի անվտանգության պաշտպանության հարց չի զուտ. սա նաև Ռուսաստանի՝ տարածաշրջանում մնալու, Արցախում մնալու և Ադրբեջանի վրա լծակներ ունենալու խնդիր է»,- ասաց նա:
Ի դեպ, Տաթևիկ Հայրապետյանը չբացառեց լայնածավալ էսկալացիան՝ պարզաբանելով.
«Դա կախված է նրանից, թե ռուսական կողմն ինչ արձագանք կտա. եթե արձագանքը լինի խիստ և կոշտ, ադրբեջանական կողմը հետագայում ավելի զգուշավոր կլինի և որոշակի զսպվածություն կցուցաբերի, եթե արձագանքն ուշանա և ավելի մեղմ փորձեն խնդիրը լուծել, չի բացառվում, որ դրանից Բաքվի ձեռքերըմիայն ավելի ազատվեն»:
Ըստ ադրբեջանագետի՝ ժամանակը փաստում է, որ Ադրբեջանի հետ որքան փորձում են խոսել քննարկումների լեզվով, այնքան իրենք ավելի են ակտիվանում ռազմական առումով: