Բաժիններ՝

Դատապարտյալից կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել ՔԿՀ պաշտոնատար անձին

Դատապարտյալ Վ. Վերանյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում մտերիմ հարաբերություններ հաստատելով և հանցավոր համաձայնության գալով նույն հիմնարկում ծառայություն իրականացնող անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Եղոյանի հետ` իր օգտին առանձին գործողություններ չկատարելու կամ անգործություն դրսևորելու համար վերջինիս առաջարկել և տվել է խոշոր չափերով կաշառք: Այս մասին նշված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Մասնավորապես` Վ. Վերանյանն իր մոտ պահել և օգտագործել է քրեակատարողական ծառայության ներքին կանոնակարգով արգելված իր հանդիսացող, համացանցի հասանելիությամբ բջջային հեռախոս, սակայն իր նկատմամբ վերը նշված պաշտոնատար անձի հովանավորչությունն ու թողտվությունը ստանալու, այդ թվում՝ բջջային հեռախոսը վերցնելուն ուղղված գործողություններ չկատարելու համար, հիշյալ դատապարտյալը «Իդրամ» վճարահաշվարկային կազմակերպության միջոցով Ա. Եղոյանի մատնանշած տարբեր անձանց էլեկտրոնային հաշիվներին որպես կաշառք 2021 թվականի ընթացքում նրան մաս-մաս փոխանցել է խոշոր չափերով գումարներ:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Արթուր Եղոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311‑րդ հոդվածի 3‑րդ մասի 3‑րդ կետով, իսկ Վ. Վերանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2‑րդ մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս