«Կոկորդիլոսին օգնության է հասել շիշ բռնողը․ բնակչությունը ծիծաղում է»․ Վեդիի բնակիչ
Արարատի Վեդի խոշորացված համայնքում մարտի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված համայնքի ղեկավարի թեկնածու, հանրության բնորոշմամբ՝ կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանին այսօր էլ օգնության է հասել ՔՊ-ական պատգամավոր, հանրությանը հայտնի և հենց հանրության բնորոշած՝ Շիշ բռնողը, նույն ինքը՝ Հայկ Սարգսյանը։
Վեդի քաղաքի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրանք այս պահին քայլում են Վեդիի փողոցներով և նախընտրական բուկլետներ են բաժանում։
«Վեդիի բազմաբնակարան շենքերի մոտով են անցնում, մարդկանց բուկլետներ տալիս։ Վեդիի ամբողջ բնակչությունն այս պահին ծիծաղում է, ասում են՝ կոկորդիլոսին օգնության է հասել շիշ բռնողը։ Այսքան տարի այստեղ ենք ապրել, երբեք նման ծաղրուծանակի չէինք ենթարկվել, սա ինչ եկել է՝ ամբողջ ազգը ծիծաղում է վեդիցիներիս վրա»,- ասաց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում այս կիրակի՝ մարտի 27-ին, ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն։ Ընտրապայքարի են դուրս եկել «Իմ հզոր համայնք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։
Նշենք նաև, որ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին էին անցկացվել ՏԻՄ ընտրությունները։ Ընտրապայքարի էին դուրս եկել «Իմ հզոր համայնք», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները։
Ամենաշատ ձայները ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի օգտին քվեարկել էր 8666 ընտրող։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը գլխավորում էր Արարատի նախկին մարզպետ, ընտրություններից հետո Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Գարիկ Սարգսյանը, ստացել էր 7690 ձայն։