«Մարդ չկա, որ չի հասկանում՝ Աննա Դանիբեկյանը հատուկ վերաբերմունք ունի Արմեն Գևորգյանի նկատմամբ և պիտի ինքնաբացարկ հայտնի». Լուսինե Սահակյան

Այս գործով շատ տարօրինակ գործողություններ են կատարվում: Հասկանալի է, որ հնչեղ քաղաքական գործ է, մեղադրանքներն էլ հատուկ քաղաքական մեղադրանքներ են, և այն անձինք, որոնք հետապնդվում են, տվյալ պարագայում քաղաքական հետապնդման են ենթարկվում: Այս մասին 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը՝ անդրադառնալով «Սիլվայի ենթադրյալ կաշառքի» գործով մեղադրյալ իր պաշտպանյալի՝ նախկին փոխվարչապետ, այժմ Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի նկատմամբ նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի իրականացրած գործողություններին:

«Ես շատ քաղաքական դատավարությունների եմ մասնակցել, բայց երբևէ այսպիսի դատավարության չեմ մասնակցել, երբ գոնե ձևականորեն օրենքը, դատավարական ընթացակարգերը չեն պաշտպանվում: Բացի դրանից, ՀՀ շահերի դեմ արդեն լուրջ գործողություններ է կատարում Աննա Դանիբեկյանը: Երկարատև ամիսների ընթացքում Արմեն Գևորգյանին ուղղակի արգելվում է, որ նա մեկնի ու մասնակցի ԵԽԽՎ նիստերին»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Պաշտպանը նշում է՝ ոչ մի տրամաբանություն Աննա Դանիբեկյանի կայացրած որոշումներում չկա:

«Հասկանալի է, չէ՞, հեռավար մասնակցությունը և տեղում մասնակցությունը տրամագծորեն տարբեր բաներ են, և այն, ինչ պատգամավորը կարող է անել՝ անձամբ մասնակցելով, տարբեր անձանց հետ շփվելով, նույնը չէ, ինչ էկրանից այս կողմ հեռավար մասնակցությունը: Երբ Աննա Դանիբեկյանն ասում է՝ թույլ չեմ տալիս մեկնել, որովհետև հեռավար էլ կարող ես մասնակցել, նույն օրը՝ ԵԽԽՎ նիստի ժամանակ, ինքը դատական նիստ է նշանակում: Այսինքն՝ ինքն ամեն ինչ անում է, որ Արմեն Գևորգյանը չմասնակցի ԵԽԽՎ նիստերին անգամ հեռավար»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Ինչ վերաբերում է ընդհանրապես այս քրեական գործին, պաշտպանի խոսքով՝ ակնհայտ է, որ մեղադրանքն ապօրինի է, և այն, որ դատավարության ընթացքում դա կապացուցվի, փաստ է:

«Բայց մենք նոր ենք սկսում դատավարությունը, և տարրական հարց էր բարձրացված դատարանի և մեղադրողների առջև. խնդրել էինք պարզաբանել մեղադրանքը: Իսկ մեղադրանքը պարզ չէ ընդհանրապես: Ընդհանրական արտահայտություններ են արված, և մենք էլ չենք հասկանում՝ ինչի մասին է խոսքը: Տարրական, բայց կոնկրետ բաներ էինք խնդրել պարզաբանել»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Ըստ փաստաբանի՝ մեղադրանքի բովանդակության հետ կապված որևէ հարցի  դատախազները չեն պատասխանել:

«Ես, իհարկե, հասկանում եմ մեղադրողներին, որովհետև եթե նրանք կանգնեն ու մեղադրանքը պարզաբանեն, իրենք ուղղակի պիտի մեղադրանքից հրաժարվեն: Նրանք չեն կարող այդ մեղադրանքը պարզաբանել»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Պաշտպանի խոսքով՝ մեղադրողները հրաժարվում են իրենց մեղադրանքը պաշտպանել, որովհետև մեղադրանքը մեղադրանք չէ:

«Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ դադարեցնում է այդ գործընթացը, չգիտես ինչպես անցավ այն փուլից, երբ Արմեն Գևորգյանը պետք է դիրքորոշում հայտներ մեղադրանքի վերաբերյալ: Մենք արդեն չենք հասկանում՝ այս ձևական պրոցեսը մինչև երբ և ուր է հասնելու»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Ըստ նրա՝ բանն այնտեղ է հասել, որ Աննա Դանիբեկյանը սպառնում է Արմեն Գևորգյանին բերման ենթարկել, իսկ դատախազները չեն ասում՝ մի րոպե, բայց դու դրա իրավունքը չունես:

«Մենք չգիտենք՝ այլևս այս գործով ինչ իրավական գործընթացներով մենք կարող ենք Աննա Դանիբեկյանին ստիպել օրենքով ղեկավարվել: Մարդ չկա, որ չի հասկանում՝ Աննա Դանիբեկյանը հատուկ վերաբերմունք ունի Արմեն Գևորգյանի նկատմամբ և պետք է ինքնաբացարկ հայտնի»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս