«Հայ գործարարները լրջագույն խնդրի առջև են կանգնած. ի՞նչ լավատեսություն». Հռիփսիմե Ստամբուլյան

Կառավարության մարտի 24-ի նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե տնտեսության հետ կապված լավատեսական նորություններ ունի.

«Պիտի արձանագրենք, որ մենք տնտեսական ակտիվությունը պահպանելու լավ հիմքեր ունենք: Մարտի առաջին 20 օրվա տվյալներով, օրինակ, Հայաստանում ՀԴՄ-ով արձանագրված գործարքների թիվը, այսինքն՝ նախորդ տարվա մարտի առաջին 20 օրվա համեմատ, ավելացել է շուրջ 510 հազար հատ գործարքով, իսկ դրամաշրջանառությունն աճել է 60 միլիարդ դրամով, որը 120 միլիոն դոլարից ավելի շատ է: Սա, իհարկե, ֆունդամենտալ ցուցանիշ չէ, բայց որոշակի դրական ազդակ է, որը կապված է այն բանի հետ, որ 2022 թվականին մարդկանց մեծ ներհոսք ունենք դեպի Հայաստանի Հանրապետություն, և սա բավական լավ տնտեսական էֆեկտներ է ստեղծելու»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը, սակայն, չի կիսում Փաշինյանի լավատեսությունը և հիշեցնում է, որ Կենտրոնական բանկի կանխատեսումները տնտեսական աճի վերաբերյալ նախկին 5.3%-ի փոխարեն՝ իջեցվել են մինչև 1.6%։

«Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իմ հարցը հենց դրան էր ուղղված, ու տեսաք, որ Քերոբյանը որևէ կերպ չկարողացավ պատասխանել այդ հարցին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:

Հիշեցնենք, որ Ստամբուլյանի հարցին ի պատասխան՝ Վահան Քերոբյանն ասել էր, թե կառավարության տնտեսական աճի թիրախը 7 տոկոս է:

Հռիփսիմե Ստամբուլյանի դիտարկմամբ՝ ՌԴ քաղաքացիների ներհոսքը ժամանակավոր ազդեցություն է ունենալու.

«Եթե մի շրջան ՌԴ քաղաքացիների ներհոսքը բավականին շատ էինք տեսնում, հիմա չենք տեսնում, որովհետև շատերը տրանզիտով գնում են այլ երկրներ կամ աշխատանք են փնտրում, այսինքն՝ այն մասսան չի եկել, որ գումար ունի և Հայաստանում ծախսում է:

Ժամանակավոր ազդեցություն է դա ունենալու: Մենք նաև արտահանումների բազմաթիվ խնդիրներ ունենք, այնպես չէ, որ տնտեսությունը շատ ակտիվ աշխատում է: Նույն ներդրումների առումով որևէ հստակություն չկա, որտեղի՞ց են գալիս ներդրումներ, ի՞նչ է արվում: Մեծ մասը ՌԴ ներդրումներն են, այն էլ այս պահին անհասկանալի վիճակում է»:

Ընդդիմադիր պատգամավորին գործարարները դիմում են հիմնականում արտահանումների հետ կապված խնդիրներով. «Ռուսաստանի տնտեսվարողները երբ Հայաստան են ապրանք ուղարկում, պահանջում են, որ հայ գործարարները դոլարով վճարեն իրենց, իսկ երբ իրենք պետք է մեզ վճարեն, դա անում են ռուբլիով, ու մերոնցից շատերի պայմանագրերը եղել են հենց ռուբիլով, ու դրա հետ կապված մեծ վնասներ են կրել, որովհետև ռուբլիի արժեքը կտրուկ նվազել է: Շատ լուրջ ԵԱՏՄ մակարդակով պետությունը պետք է միջամտի և գործարարներին օգնի, որ այս խնդիրը մեր գործարարները չունենան: Պետությունը պետք է նոր շուկաներ ընտրի մեր արտահանողների համար, որ կարողանան այս ճգնաժամից դուրս գալ»:

Հարցին՝ այսինքն՝ տնտեսության հետ կապված որևէ լավատեսական բան չկա՞, նա պատասխանեց. «Այս կառավարությունից ոչ մի լավատեսական բան չեմ ակնկալում, եթե իրենք անվտանգային տարրական խնդիրներ չեն կարողանում լուծել, ի՞նչ տնտեսական անվտանգություն ու լավատեսություն: Այս պահին որևէ լավատեսական հույս չունեմ, տա Աստված, ես սխալվեմ, թռիչքաձև տնտեսական աճ ունենանք, ու մեր երկիրը զարգանա, ես միայն ուրախ կլինեմ»:

Հռիփսիմե Ստամբուլյանը նկատեց՝ գործող իշխանությունները եկել են իշխանության և մնում են իշխանության նախկինների թեզերով, քանի որ դրանք սպառվում են, նոր բաներ են մտածում ժողովրդին մոլորեցնելու համար. «Ժողովրդին ասում են՝ դե, հիմա գնաճ է՝ ամբողջ աշխարհում է գնաճ, գազը չի լինի, ոչինչ, առանց գազի ապրեք: Տեսնում եք՝ ինչ կարգի հայտարարություններ են անում: Ինչ-որ ձևով պե՞տք է լռեցնեն ժողովրդին, ասեն՝ սպասեք»:

Տեսանյութեր

Լրահոս