«Մեր որդեգրած այդ քաղաքականությունը այլընտրանք չունի․ զանազան սադրանքներով Ադրբեջանը փորձում է մեզ շեղել խաղաղության օրակարգից»․ Փաշինյան (ամբողջական ելույթ)

Հարկավոր է աննախադեպ ճկունություն՝ Երրորդ Հանրապետության պատմության ամենախաչմերուկային կետից մեզ համար ցանկալի հանգուցալուծման հասնելու համար. Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարության հերթական նիստում Նիկոլ Փաշինյանը, մինչ նիստի օրակարգի քննարկումը, հանդես է եկել ելույթով, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Արդեն երեք օր Արցախի Հանրապետության քաղաքացիները զրկված են բնական գազի մատակարարումից: Սա տեղի է ունեցել Ադրբեջանի միջամտության արդյունքում:

Ինչպես գիտեք, մարտի 7-ին Արցախին մատակարարող գազատարը պայթեցվել էր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքում: Ամենատարբեր պատրվակներով Ադրբեջանը թույլ չէր տալիս գազատարի վերանորոգումը, և, ի վերջո, ինքը նորոգեց: Նորոգման արդյունքում, մեր տեղեկություններով, գազատարի վրա տեղադրվել է փական:

Եվ ահա, մարտի 18-ին՝ 11 օր անց 4 օրով Արցախի գազամատակարարումը վերականգնելուց հետո Ադրբեջանը մարտի 21-ին արդեն առանց պայթյունների պարզապես փակել է գազատարի փականը՝ այսպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել նաև մարտի 7-ի պայթյունը:

Առանձնակի ուշադրության է արժանի այն փաստը, որ գազամատակարարման երկու դադարեցումներն էլ տեղի են ունեցել եղանակային բացառիկ  պայմաններում:

Մարտի 7-ին վերջին երեսուն տարվա մեջ աննախադեպ չափերի ձյուն էր տեղացել Արցախում, և օդի ջերմաստիճանն աննախադեպ անկում էր ունեցել: Մարտի 21-ին ջերմաստիճանի անկման և ձյան տեղումների այդ ռեկորդը գերազանցվել էր, և ձյան տեղումները տեղ-տեղ հասնում էին մեկուկես մետրի, մայրաքաղաք Ստեփանակերտում՝ 1 մետրի, օդի ջերմաստիճանը նվազել էր մինչև -8 աստիճան: Եվ ահա այս պայմաններում Արցախը դիտավորյալ զրկվել էր բնակարանները, մանկապարտեզները, դպրոցները, հիվանդանոցները ջեռուցելու համար կենսական նշանակություն ունեցող բնական գազի մատակարարումներից:

Սա բավարար է հասկանալու համար, որ Ադրբեջանի գործողությունների արդյունքում Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին: Չեմ կասկածում, իհարկե, որ Արցախի հերոսական ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը նույնպես: Բայց այս գիտակցմամբ պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանն իր գործողություններով նաև ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին, որովհետև գազատարի հետ կապված այս դրվագը միջազգային հանրության համար շատ դիպուկ և համառոտ նկարագրություն է Արցախի հիմնախնդրի: Այս դրվագի շնորհիվ միջազգային հանրությունը Ղարաբաղի հիմնախնդրի էությունը կարող է հասկանալ առանց հարյուրավոր էջեր թերթելու, պատմության նրբությունները ուսումնասիրելու:

Սա անառարկելիորեն ի ցույց է դնում Ադրբեջանի քաղաքականությունը արցախահայության նկատմամբ, այն է՝ անհնար դարձնել նրանց ապրելը սեփական հայրենիքում: Ադրբեջանը արդեն շուրջ մեկուկես տարի թմբկահարում է, թե փառահեղ հաղթանակ է տարել 2020 թվականի 44-օրյա պատերազմում, բայց ամեն ինչ ցույց է տալիս, որ այն փաստը, որ այսքան տառապանքներից ու զրկանքներից հետո Արցախում հենց այսօր, հենց այս պահին շուրջ 117 000 հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունը, և խնդիր է դրված ամեն ինչ անել Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելու համար:

Այս իմաստով խիստ խորհրդանշական և խոսուն է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության նախորդ օրը տարածած հայտարարությունը, որում ասվում էր, թե Արցախի գազամատակարարման հարցը Ադրբեջանի ներքին գործն է:

Եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք այս հայտարարությունը, կնշանակի՝ միջազգային հանրություն, դուք այսկողմ մի նայեք և թույլ տվեք մենք անարգել, միջազգային հանրության համար աննկատ կամ էլ չակերտավոր «հակաահաբեկչական գործողությունների» անվան ներքո ավարտին հասցնենք Արցախը էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականության միջոցով հայերից ազատելու քաղաքականությունը: Նման բան տեղի ունենալ չի կարող, և Հայաստանի դիվանագիտական ծառայությունը, մյուս պաշտոնյաները, քաղաքական ուժերը, լրատվամիջոցները, հասարակական կազմակերպությունները, անհատները՝ սոցիալական ցանցերի միջոցով վերջին 15 օրվա ընթացքում Արցախում տեղի ունեցածը պետք է ամենայն մանրամասնությամբ և լայնորեն ներկայացնեն միջազգային հանրությանը, բոլոր ատյաններում:

Սիրելի հայրենակիցներ.

Իհարկե, շատերն այս իրադրությանը արձագանքում են հիշեցնելով և քննադատելով մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մեր որդեգրած քաղաքականությունը:

Բայց ուզում եմ աներկբա արձանագրել, որ մեր որդեգրած այդ քաղաքականությունը այլընտրանք չունի: Ընդհակառակը, իր այս գործողություններով, զանազան սադրանքներով Ադրբեջանը փորձում է մեզ շեղել խաղաղության օրակարգից, դելեգիտիմիզացնել այդ օրակարգը, տարածաշրջանում նոր էսկալացիաներ, նոր պատերազմներ հրահրելու իր քաղաքականությունը կյանքի կոչելու համար: Բայց մենք չպետք է տրվենք այդ և այդօրինակ սադրանքներին: Ասել եմ, որ խաղաղության օրակարգը կյանքի կոչելու համար մեզ անհրաժեշտ են ամուր նյարդեր, և մենք որևէ կերպ մեր հռչակած ռազմավարությունից չպետք է շեղվենք: Ռազմավարությունը հենց դրանով է ռազմավարություն, որ մեզ պետք է առաջնորդի բոլոր իրավիճակներում:

Տեղյակ եք, անշուշտ, որ գազատարի առաջին պայթյունից հետո՝ մարտի 10-ին, Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման 5 կետանոց առաջարկ: Մենք շատ արագ՝ մարտի 14-ին, գրավոր արձագանքել ենք այդ առաջարկներին և դիմել ենք ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահող երկրներին և խնդրել ենք աջակցել  Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններ կազմակերպելու հարցում:

Իսկ 2022 թվականի մարտի 21-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարը բարձրաձայնեց Հայաստանի ընդհանրական գնահատականը Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին, իսկ այդ գնահատականը հետևյալն է. «Մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահությանը փոխանցած մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը, և հետևաբար՝ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին»:

Այս դիրքորոշման հրապարակման օրը երեկոյան Ադրբեջանը փակում է Արցախին մատակարարող գազատարը: Ուշադրություն դարձրեք, Հայաստանը հայտարարում է, որ Ադրբեջանի ներկայացրած առաջարկները Հայաստանի համար ընդունելի են, իսկ Ադրբեջանը փակում է գազատարը, և սա ամենամեծ ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանի քաղաքականությունը մեզ խաղաղության օրակարգից շեղելն է:

Ի դեպ, մեր այս հայտարարությունից դժգոհ է նաև հայաստանյան արմատական ընդդիմությունը, որը մեզ քննադատում է, թե համաձայնել ենք տարածքային ամբողջականության սկզբունքը ընդունել որպես հարաբերությունների կարգավորման սկզբունք: Այս քննադատությունը առավել քան տարօրինակ է, որովհետև 1999 թվականի նոյեմբերի 19-ին ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթաժողովից Երևան վերադարձած և տարածքային ամբողջականության սկզբունքը պաշտպանող Եվրոպայում անվտանգության խարտիային կողմ քվեարկած Ռոբերտ Քոչարյանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողի հարցին ի պատասխան բառացիորեն հայտարարել է. (մեջբերում եմ) «Եթե մենք ընդհանուր խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, ապա մենք չպետք է ասենք, որ դրա դեմ ենք: Մենք էլ տարածք ունենք, և մենք ևս համարում ենք, որ այդ տարածքը կարիք ունի նման սկզբունք հարգելու համար» (մեջբերման ավարտ):

Նրանից հետո՝ Սերժ Սարգսյանը նույնպես երկար տարիներ բանակցել է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին, որպես կարգավորման հիմնարար սկզբունք ընդունելով այդ թվում տարածքային ամբողջականության սկզբունքը: Այնպես որ, այստեղ որևէ շահարկում տեղին չէ:

Կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի եղել տարածքի խնդիր և հիմա էլ այդպիսին չէ, այլ իրավունքի խնդիր է, և մենք հետևողական պաշտպանելու ենք Արցախի հայության բոլոր իրավունքները, չարհամարհելով այլ ժողովուրդների իրավունքները, որովհետև ինչպես Սերժ Սարգսյանը իրավացիորեն նշել է իր վերջին հարցազրույցներից մեկում, մենք ֆաշիստ չենք:

Հարգելի ներկաներ, սիրելի հայրենակիցներ.

Իրավիճակը աշխարհում և տարածաշրջանում լարված է, և մենք մեզ պատասխանատու ենք համարում այդ լարվածությունը նվազեցնելու և հիմնարար լուծումներ գտնելու հարցում: Այս առումով մենք, այո, կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները պետք է սկսել օր առաջ:

Ընդ որում, պետք է արձանագրել նաև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները արագացնելու անհրաժեշտությունը՝ սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնող քայլերին զուգահեռ: Գիտեք, իհարկե, որ մենք հանդես ենք եկել սահմանից զորքերի հայելային ետքաշման առաջարկով, որպես ետքաշման կողմնորոշիչ նկատի ունենալով խորհրդային ժամանակների Հայաստանի և Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագիծը:

Բայց ուզում եմ իմանաք, որ բացի ամբողջական ետքաշումից, մենք հանդես ենք եկել նաև տեղային ետքաշումների առաջարկներով և այստեղ էլ սպասում ենք Ադրբեջանի արձագանքին: Մասնավորապես, Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք ետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք ետ քաշենք իրենց տարածքից, այսպիսով երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը: Ինչպես ասացի, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին:

Ի դեպ, վերջին մի շարք իրադարձություններից հետո մենք այդպես էլ չհասկացանք՝ Ադրբեջանն ուզու՞մ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, թե՞ ոչ: Եթե ուզում է, մեր առաջարկները շարունակում են ուժի մեջ մնալ, և մենք պատրաստ ենք դրանց իրագործմանը անցնել ցանկացած պահի, բառացիորեն ցանկացած պահի: Հայկական խաչմերուկ նախագծի մասին մի քանի անգամ ասել եմ, հիմա մանրամասնելու կարիք չեմ տեսնում:

Սիրելի հայրենակիցներ.

Այժմ ուզում եմ դիմել ձեզ: Մենք գիտենք, որ Հայաստանում սոցիալական վիճակը բարդանում է: Բայց պիտի իմանանք, որ ամբողջ աշխարհը գտնվում է նույն վիճակում, գնաճի աննախադեպ բարձր փուլում է աշխարհը, և դրա պատճառները կարող եք իմանալ, տեսնել ցանկացած պահի նորությունների ալիքների բովանդակությանը ծանոթանալով: Եվ Հայաստանը դեռ մի բան էլ այս իմաստով լավ վիճակում է՝ շատ ու շատ երկրների համեմատ: Իսկ թե այս առումով ինչպիսին է կառավարության քաղաքականությունը՝ երևաց 2019 թվականին, երբ ամբողջ աշխարհում հատկապես սննդամթերքի գներն աճում էին, իսկ Հայաստանը աշխարհի այն եզակի երկրներից էր, որտեղ հակառակն էր տեղի ունենում՝ սննդամթերքի գնանկում: Որովհետև մենք վերացրինք արհեստական մենաշնորհները, և Հայաստանն այսօր ներմուծումների և արտահանումների իմաստով ազատ երկիր է, և ձեռնարկված միջոցների արդյունքում մի շարք կարևոր ապրանքների գներ Հայաստանում չեն բարձրանում, ըստ էության՝ չեն բարձրանա, որոշ դեպքերում ունենք էժանացումներ: Հույս ունեմ՝ առաջիկայում այլ ապրանքների էժանացումներ նույնպես կունենանք:

Իհարկե, մենք հասկանում ենք, որ պիտի սոցիալական խնդիրները մեղմող քաղաքականություն իրականացնենք և դա անում ենք այնքանով, որքանով հնարավոր է, որքանով թույլ է տալիս երկրի բյուջեն, որը ձևավորվում է մեր բոլորի տված հարկերի հաշվին: Իսկ թե մենք ինչպես ենք հավաքում հարկերը, ցույց են տալիս 2021՝ մեզ համար ամենաճգնաժամային թվականի տվյալները, երբ պետական բյուջեի հարկային եկամուտները ծրագրվածի նկատմամբ գերազանցվել են շուրջ 147 միլիարդ դրամով: Իսկ եթե հաշվի առնենք առանց օրենսդրական փոփոխությունների ստացված հավելյալ եկամուտները՝ շուրջ 110 միլիարդ դրամով: Ընդհանրապես, 2018 թվականից հետո մեր բյուջեի հարկային եկամուտները աճել են շուրջ 35 տոկոսով, ինչպես խոստացել էի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության ընթացքում:

Իհարկե, կան շահարկումներ և երբեմն քննադատություններ այն մասին, որ մենք բարձրացնում ենք իրավապահ մարմինների աշխատողների աշխատավարձերը և բավարար չափով չենք բարձրացնում ու դեռ չենք բարձրացնում կենսաթոշակներ: Այո, բայց պետք է հաշվի առնել երկու բան: Նախ՝ մի բան է բարձրացնել 500 հոգու, 5000 հոգու, նույնիսկ 20 000 հոգու աշխատավարձը, բոլորովին ուրիշ բան՝ բարձրացնել 550 000 հոգու թոշակը: Կամ 600 000 հոգու աշխատավարձը: Դրանք բացարձակ տարբեր բյուջետային ծախսեր են, ընդ որում, այդ ծախսերը մեկանգամյա չեն, դրանք պետք է ընդմիշտ իրականացվեն: Եվ մենք, իհարկե, ամեն հնարավորը անում ենք նախընտրական մեր խոստումները և, նախընտրականը նույնիսկ կապ չունի, կենսական անհրաժեշտ որոշումները օր առաջ կյանքի կոչելու համար:

Մյուս կողմից, իրավապահ, դատական համակարգում աշխատավարձեր բարձրացնում ենք առաջին հերթին հանուն շարքային քաղաքացու, որովհետև իրավապահները հենց այս մարդկանց ճակատագրի և իրավունքների հետ են առնչություն ունենում, և հետո՝ այդ համակարգերի աշխատանքի որակից է կախված նաև երկրի տնտեսության, ընդհանրապես իրավունքի, օրենքի և օրինականության վիճակը: Ամեն դեպքում, սիրելի հայրենակիցներ, պիտի իմանաք աներկբա, որ ինչպես նախկինում, այսօր առավելևս՝ ձեր բոլոր ցավերը մեր սրտում են, ձեր բոլոր կարիքները մեր մտքում են, ձեր բոլոր երազանքները մեր հոգում են:

Տնտեսության հետ կապված, ուզում եմ խոսել նաև լավատեսական նորությունների մասին: Պիտի արձանագրենք, որ մենք տնտեսական ակտիվությունը պահպանելու լավ հիմքեր ունենք: Մարտի առաջին 20 օրվա տվյալներով, օրինակ, Հայաստանում ՀԴՄ-ով արձանագրված գործարքների թիվը, այսինքն՝ նախորդ տարվա մարտի առաջին 20 օրվա համեմատ ավելացել է շուրջ 510 հազար հատ գործարքով, իսկ դրամաշրջանառությունը աճել է 60 միլիարդ դրամով, որը 120 միլիոն դոլարից ավելի շատ է: Սա, իհարկե, ֆունդամենտալ ցուցանիշ չէ, բայց որոշակի դրական ազդակ է, որը կապված է այն բանի հետ, որ 2022 թվականին մարդկանց մեծ ներհոսք ունենք դեպի Հայաստանի Հանրապետություն, և սա բավական լավ տնտեսական էֆեկտներ է ստեղծելու:

Էական է նաև, որ փետրվար ամսին գրանցված աշխատատեղերի՝ փետրվար ամսի համար բացարձակ ռեկորդ ունենք 646 077, որը 2021 թվականի համեմատ ավելի է 10.3 տոկոսով, իսկ 2019 թվականի նկատմամբ՝ 12.7 տոկոսով: Նույնը վերաբերում է միջին աշխատավարձին՝ 2022 թվականի փետրվարին գրանցված աշխատողների միջին աշխատավարձը 223 235 դրամ է, որը 2021 թվականի նկատմամբ ավելի է 9 տոկոսով, 2019 թվականի փետրվարի համեմատ՝ 25.3 տոկոսով: Ուզում եմ հիշեցնել, որ 2019 թվականը մեր լավագույն տարին է եղել, և համեմատություններն այդ տարվա հետ են:

Բայց նաև պիտի ասեմ, որ դժբախտաբար, սոցիալ-տնտեսական վիճակը մեր երկրի առաջ կանգնած ամենամեծ մարտահրավերը չէ:

Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ.

Դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում աշխարհում: Այն, ինչ կատարվում է աշխարհում, մեկնարկեց մեզ հետ տեղի ունեցածով, և այսօր տեղի ունեցողն էլ ուղիղ անդրադառնում է և անդրադառնալու է մեր վրա:

Մենք գտնվում ենք Երրորդ Հանրապետության պատմության ամենախաչմերուկային կետում, մի կետ, որի վրա Հայոց պետականությունը ճշգրտորեն գտնվել է ոչ մեկ անգամ: Եվ որպեսզի մենք կարողանանք պատմական այդ նույն կետից հասնել մեզ համար ցանկալի հանգուցալուծման, մեզ հարկավոր է աննախադեպ ճկունություն, լիարժեք ոչ էմոցիոնալ վիճակ: Մեզ հարկավոր են մտածողության նոր բանաձևեր: Ու մենք պիտի այս փոթորկված աշխարհքաղաքական օվկիանոսի մեջ հայտնված մեր նավը, մեր նավակը հասցնենք խաղաղ հանգրվանի: Եվ համոզված եմ՝ մենք դա կանենք, և դա  թերևս մեր պատմական առաքելությունն է:

Տեսանյութեր

Լրահոս