«Նույն սցենարը կրկնվում է, նույն սցենարը կլինի նաև վաղը․ այս մարդիկ ինչ խոստացել են՝ տալու են». Սերոբ Գասպարյան

Դեռևս մարտի սկզբին Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ թշնամին առաջ է եկել։ Երբ այս մասին ահազանգ հնչեցրեց գյուղի ղեկավարը, Պաշտպանության նախարարությունից հերքեցին՝ նշելով, որ թշնամին ի սկզբանե այդ հատվածում է եղել, պարզապես ձմռանը հետ է գնացել, իսկ երբ եղանակային պայմանները լավացել են՝ վերադարձել է։

«Մենք կտրականապես հերքում ենք այդ լուրը: Նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահավորված չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր։ Ոչ մի առաջխաղացման մասին խոսք լինել չի կարող»,- նշված էր ՊՆ պաշտոնական հաղորդագրության մեջ։

Ի դեպ, ՀՀ նախկին և ներկա ՄԻՊ-երը ևս հաստատել են, որ թշնամին առաջ է եկել Ներքին Հանդի ուղղությամբ։

Թեմայի վերաբերյալ երեկ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հարց ուղղեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, ով ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ամաչում է Ներքին Հանդում ադրբեջանցիների առաջխաղացման թեմայի քննարկման համար։

168.am«Սև հովազ» ջոկատի լեգենդար հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայր Սերոբ Գասպարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ հստակ տեղեկատվություն ունի Սյունիքի մարզից, քանի որ իր ընկերներից շատերն այժմ այնտեղի դիրքերում են։

«Ինչպես միշտ, ինչպես 44-օրյա պատերազմից հետո, երբ թշնամին աստիճանաբար մոտեցավ մեր դիրքերին, գյուղերին, իշխանությունն էլ հայտարարեց, թե դրանք ադրբեջանական տարածք են, հիմա էլ նույն սցենարը կրկնվում է, նույն սցենարը կլինի նաև վաղը։ Այսինքն՝ այս մարդիկ, ինչ խոստացել են՝ տալու են։ Միանշանակ, այդ տարածքում կանգնած չեն եղել, նրանք էլ եկել ու նստել են, վաղն էլ ուրիշ տեղում կնստեն, քանի դեռ մենք քնած ենք, չենք պայքարում՝ կատարվելու է այն, ինչ խոստացել են թշնամուն»,- նշեց Սերոբ Գասպարյանը։

Նրա խոսքով՝ երկու տարի շարունակ բարձրաձայնում է, որ այն, ինչ տեղի է ունենում՝ ծրագիր է, և երբ ժողովուրդն ուզում է մի բան անել, նրա մեջ նստած «բոբոները»՝ նախկինները, գլուխ են բարձրացնում, որից հետո էլ ժողովուրդն ասում է՝ ավելի լավ է Նիկոլը, քան «նախկինները», որոնք կգան՝ իրենց «կուտեն»։ Եվ այս սցենարն արդեն երկու տարի գործում է։

«Սա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև ազգի դավաճաննները, որոնք 30 արծաթով վաճառում են երկիրը, կավարտեն իրենց ծրագիրը։ Կրկնում եմ՝ սա ծրագրված բան է, որը կատարվում է թե՛ ներկաների, թե՛ նախկինների, թե՛ նախկինների նախկինների ժամանակ»,- հավելեց Սերոբ Գասպարյանը։

Ինչ վերաբերում է Վայոց ձորում սահմանային իրավիճակին, Սերոբ Գասպարյանը փոխանցեց, որ իր տղաների մի մասն այժմ Ջերմուկում են, այնտեղ իրավիճակը հանգիստ է։

«Տղաների հետ ես ամենօրյա կապի մեջ եմ, այնտեղ որևէ շարժ չի եղել․ կոնկրետ սահմանի մասին է խոսքը։ Թե հիմա ներքին կարգով իշխանություններն ինչ պայմանավորվածություններ ունեն, ինչեր կանեն՝ չգիտեմ։ Հիմա այնտեղ առատ ձյուն է, թե դրանից հետո ինչ ծրագրեր կմշակեն՝ դեռ կհասկանանք։ Բայց այսօրվա դրությամբ՝ ինձանից սկսած, բոլորս քնած ենք, թմրած ենք, չենք հասկանում, թե ինչ է կատարվում, ինչո՞ւ է կատարվում։ Այսօր ամեն մարդ իր ու իր ստամոքսի մասին է  մտածում, ասում է՝ չխոսեմ, որ վաղը իմ հետևից չգան, այսինքն՝ այնպես է, ինչպես 100 տարի առաջ, նույն պատկերը հիմա է։

Չգիտեմ, ինձ թվում է, որ շատ շուտով մեր ժողովուրդն ուշքի կգա։ Երբ թուրքը նրա դուռը ծեծի, կհասկանա ու դուրս կգա պայքարի, և կհաղթենք։ Թե չէ, որ այսօր հույսներս դնենք  ընդդիմության կամ իշխանության վրա՝ իմաստ չունի։

Տեսնում ենք, որ ամեն անգամ ԱԺ-ում մեկն ինչ-որ հարց է տալիս, մյուսը՝ պատասխանում, իբր թե իրար հետ վիճում են, կռվում են, բայց դե, բոլորն էլ պաշտոններ են ստանում՝ սկսած Ջրային պետական կոմիտեի նախագահից»,- եզրափակեց Սերոբ Գասպարյանը։

Տեսանյութեր

Լրահոս